Բաժիններ՝

«Եղել են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով հիվանդների հետ». «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն

«Այսօր մենք ունենք 12 հոգի, որոնք թեստավորվել են, ու պարզվել է, որ վարակված են կորոնավիրուսով». 168.am-ի հարցին, թե Շտապ օգնության ծառայության քանի՞ աշխատակից է վարակվել կորոնավիրուսով, ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Անսիմպտոմ վարակվածներ են, կլինիկական պատկեր չունեն, ուղղակի մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում»:

Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել ստեղծված պայմաններում, Ստեփանյանը հաստատեց, որ եղել են.

«Եղել են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակվածների հետ: Ըմբռնումով ենք մոտեցել: Հիմնականում հրաժարվելը պայմանավորված է եղել տարիքով, ռիսկային գոտում լինելով, եղել են 55-ից բարձր, 60 և ավելի: Եղել են դեպքեր, երբ արձակուրդ են վերցրել: Բայց ամեն ինչ նորմալ է, շատ մեծ բանակ ունենք բուժաշխատողների, որոնք վախեցած չեն ստեղծված իրավիճակից և պատրաստակամություն են հայտնել Շտապ օգնությունում աշխատելու»:

Թագուհի Ստեփանյանի պնդմամբ՝ Երևանում շտապ օգնության ծառայությունը որևէ խնդրի հետ չի բախվել, եթե եղել են վթարված մեքենաներ, ապա դրանք  արագ փոխարինվել են, հնարավորինս արագ լուծվել է նաև բուժանձնակազմի արտահագուստի խնդիրը: Լրագրողներից մեկի հարցին, թե կորոնավիրուսը չի բարդացրե՞լ այլ քաղաքացիներին սպասարկելու գործընթացը, Ստեփանյանը պատասխանեց.

«Կանչի մեկնելիս մենք չգիտենք, թե ի՞նչ կանչ ենք սպասարկելու, եթե կասկած է լինում, որ հիվանդի մոտ կա կորոնավիրուս, այդ ժամանակ կազմակերպվում է տեղափոխումը, որ ախտոորոշվի: Այնուհետև մենք նորմալ հասնում ենք մեր մնացած կանչերին, աշխատանքը չի խափանվում»:

168.am-ի հարցին, թե Շտապ օգնության աշխատակիցները, որոնք այս օրերին, վտանգելով իրենց կյանքը, տեղափոխում և առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդներին, պարգևավճար ստացե՞լ են, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց.

«Անցյալ ամիս քաղաքապետի կողմից հատկացվել է գումար, որի արդյունքում պարգևատրվել են բուն օջախում աշխատածները՝ բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ: Բժիշկները ստացել են 95.000 դրամ պարգևավճար, բուժքույրերն ու վարորդները՝ 70.000 դրամ: Շտապ օգնության ծառայության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ կարգավարները, և 1-03 ծառայության կենտրոնի, որտեղ ստանում ենք կանչեր, ավագ բժիշկները, բժիշկները և բուժքույրերը»:

Գործընթացը շարունակական է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս