«Միանշանակ եղել են թերացումներ». Տիգրան Ավինյանը՝ քաղավիացիայի ոլորտում հայտնաբերված խախտումների մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի քաղավիացիայի ոլորտում եղած խնդիրներին:
Դիմելով վարչապետին, նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը Քաղավիացիայում ստուգումների արդյունքում խնդիրներ էր հայտնաբերել:
«Մասնավորապես, որ Հայաստանը որպես շահագործող երկիր՝ ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը, թռիչքային անվտանգության գործընթացները և ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը «սև ցուցակում» ընդգրկելու հարցը, և հայկական երկու ավիաընկերությունների արգելվելու է թռիչքներ իրականացնել եվրոպական երկրներ:
Այս աուդիտի արդյունքները ստանալու համար դիմել էի Քաղավիացիայի կոմիտեին, որտեղից ինձ պատասխանել էին, որ այդ փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է: Կարծում եմ՝ այնտեղ պետք է իմանային, որ պատգամավորներն իրավունք ունեն ծանոթանալու հույժ գաղտնի փաստաթղթերի հետ:
Նախ՝ այս մոտեցմանը որևէ գնահատական տվեք, բացի այդ, ի՞նչ ենք մենք անում, որպեսզի չհայտնվենք այդ «սև ցուցակում», և առհասարակ մեզ մոտ ավիացիայի ապագան ինչպե՞ս եք տեսնում»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այն փաստաթուղթը, որը վկայակոչում է պատգամավորը, նախնական եզրակացությունն է:
«Մայիսի 12-ին կայանալու է նիստ, որի ընթացքում քննարկվելու է որոշումը, որի մասին Դուք ներկայացրեցիք: Այդուամենայնիվ, շատ անգամներ այս հարցը բարձրաձայնվել է, և այստեղ խոսքը չի վերաբերում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեությանը, այլ խոսքը վերաբերում է բազմաթիվ տարիների այդ նույն ծառայության, նույն կոմիտեի գործունեության մասին: Այո, միանշանակ եղել են թերացումներ, ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ թերացումները վերացնելու առումով վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ Քաղավիացիայի կոմիտեն իր առարկությունները համապատասխանաբար ներկայացնելու է նախատեսված նիստի ժամանակ: Կարծում եմ՝ վերջնական որոշումը ստանալուց հետո մենք կանենք որոշակի հետևություններ»,- շեշտեց փոխվարչապետը:
Ինչ վերաբերում է քաղավիացիայի զարգացմանը և այս փուլում դեպի Եվրոպա նախատեսվող թռիչքներին, ապա Տիգրան Ավինյանն ասաց, որ աշխարհի օդանավերի 80-85 տոկոսն այժմ կայանված է, և օդանավակայաններում պարզապես տեղ չկա՝ թռիչքներ չկան:
«Այս պահին վաղաժամ է խոսել թռիչքների մասին, նաև մենք որևէ խնդիր չունենք դեպի Եվրոպա թռիչքներ կատարել, եթե դրանք վերաբերում են մեր քաղաքացիների հայրենիք վերադառնալուն»,- ընդգծեց նա:
Միաժամանակ փոխվարչապետ Ավինյանը հավելեց, որ այս պահին չի ցանկանում մանրամասներով կիսվել նախատեսված նիստի վերաբերյալ:
«Բազմաթիվ մասնագետների կարծիքներ եմ լսել, կարծում եմ՝ ընդհանուր առմամբ այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ին նախատեսված որոշումից, և սրա հետ կապված, չեմ կարծում, որ կարող ենք որևէ վնաս կրել»,- եզրափակեց Տիգրան Ավինյանը: