«Մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նորամուծություններից մեկը պետք է լինի համահայկականությունը». Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2019 թվականի կատարողականը, որից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետից հետաքրքրվեց, թե աշխարհաքաղաքական վերադասավորումներին Հայաստանն ինչպե՞ս է ադապտացվելու, այս առումով ի՞նչ տեսլական կա:
«Եթե մենք այս ամենը հաշվի չառնենք, ապա որքան էլ աշխատենք ներքին տնտեսական և սոցիալական վիճակը շտկելու վրա, առանց արտաքին փոփոխությունները հաշվի առնելու՝ չենք կարող ոչինչ անել»,- ասաց Արման Աբովյանը:
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քանի առիթներով ասել են, որ ճգնաժամից առաջ Հայաստանի որդեգրած ռազմավարությունները փոփոխելու կարիք չկա:
«Մասնավորապես ճգնաժամից առաջ մենք տնտեսության զարգացման և սոցիալական խնդիրների հաղթահարման հիմնական գործոն համարում էինք աշխատանքի խրախուսումը, հիմա էլ ենք նույնը համարում»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա, ըստ վարչապետի, դեռևս նախորդ տարվա վերջին տեղի ունեցած դեսպանահավաքի ժամանակ Կառավարությունն արձանագրել էր արտաքին քաղաքականության իր կարգախոսը, այն է՝ համահայկականություն, ինքնիշխանություն և փոխգործակցություն:
«Կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականության կարևորագույն նորամուծություններից մեկը պետք է լինի համահայկականությունը, որը գուցե 100 տոկոսով նորամուծություն չէ, բայց համարում ենք, որ այստեղ նոր կառուցակարգեր պետք է ստեղծվեն: Հայաստանը պետք է հանդես գա ոչ թե՝ մի պետություն, որը ներկայացնում է ՀՀ քաղաքացիներին, այլ պետք է հանդես գա մի պետություն, որը ներկայացնում է աշխարհի ողջ հայությանը: Սրա համար պետք է տեղի ունենան որոշակի հայեցակարգային և կառուցակարգային փոփոխություններ, այդ փոփոխությունները երբեմն կարող են լինել ցավոտ, դրանք երբեմն կարող են պահանջել հավելյալ կամք, իրավիճակի որոշակի վերագնահատում:
Այդ փոփոխությունները նաև մեզ պետք է տան շատ կոնկրետ հարցերի պատասխաններ, կամ այդ հարցերի պատասխաններն արդեն կան. ինքնիշխանություն ասելով՝ մենք, ի վերջո, ի՞նչ ենք հասկանում: Այո, կա ինքնիշխանության խնդիր, բայց այսօր աշխարհը նաև ինտեգրված աշխարհ է, և ինքնիշխանություններն իրենք բացարձակ երևույթներ չեն, պետք է ճիշտ կետը գտնել, թե որտեղ է ավարտվում մեր փոխգործակցությունը, որտեղ սկսվում ինքնիշխանության սահմանը, և այս ամենն ինչպես է փաթեթավորվում համահայկականության տրամաբանության մեջ:
Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության մեջ շատ բան կփոխվի, բայց չի փոխվի մեկ բան, որ հաջող արտաքին քաղաքականություն կարող է վարել այն պետությունը, որն ուժեղ է քաղաքական, ռազմական և տնտեսական առումով: Մեր արտաքին քաղաքականության հիմքում պետք է դնենք այս երեք ուղղությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում