Ի՞նչ նպատակ է հետապնդում «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» ֆոնդերի կառուցվածքային  փոփոխությունը

«ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ապրիլի 24-ի նախօրեին տարածած իր հայտարարության մեջ մի այսպիսի գաղափար էր առաջ քաշել, թե Ցեղասպանությունից մեկ դար է անցել, ժամանակներ են փոխվել, ուստի եկել է որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը:

«Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը»,- կարծում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»:

Սրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը «բոլորիս անունից»  հայտարարեց, որ պատրաստ է ներել թուրքին, դժգոհողներին էլ անվանեց` ռուսահպատակ:

«Այո՛, անձամբ ես պատրաստ եմ ներել և ներել եմ այն թուրքին, որը պատշաճ կերպով ներողություն է խնդրել, ողջ խորությամբ հասկացել է իր նախնիների արածը, և ինձ ու մեզ հետ մեկտեղ՝ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու դրա հետևանքների վերացման համար»,- նշել է նա:

Ավելի ուշ «ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի  Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը «Քաղաքակրթական դաս՝ Աշնակ գյուղում: Երկխոսության անհրաժեշտություն չկա՞» վերտառությամբ գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, որտեղ պատմում է.

«Հարցին՝ ի՞նչ կանեք թուրքին հանդիպելու դեպքում՝ պարզ կամ վատ քողարկված պատասխանը հանգում էր՝ «Աստված ոչ անի», «թուրքին սատկացնել է պետք», «թուրքը միշտ թուրք է մնալու, ինչ անելն էլ սրանից է բխում»: Մեկ տարի հետո հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով հրատարակվեց այդ պատմություններն ամփոփող գիրքը՝ «Խոսելով միմյանց հետ», որի հայկական մասը կրում է «Ո՞ւմ ներել, ի՞նչը ներել» վերնագիրը: Վերնագիրը բխում է այն գաղափարից, որ ներողության հայցումն ու ներելու երևույթը ակցիա չէ, այն հանցանքի, մեղքի ընկալումը հասունանալու, զգացումը կրելու, պատժվելու և ապաշխարելու տևական գործընթաց է: Այլ կերպ ասած՝ այն հասարակությունը վերևից և ներքևից փոխելու գործընթաց է: Գիրքը լայնորեն տարածվեց Հայաստանում, Թուրքիայում և Եվրոպայում: Գրքի հրատարակության առթիվ Թուրքիայից Հայաստան էին եկել այդ գրքի թուրքական մասի կազմակերպիչներն ու հեղինակները, ինչպես նաև այս ամենի մեջ հայ-թուրքական երկխոսությունը հնարավոր դարձնող միջնորդ գերմանացիները»:

Քաղաքակրթական դաս՝ Աշնակ գյուղում: Երկխոսության անհրաժեշտություն չկա՞ Տաս տարի առաջ էր: Հայաստանում նյութեր էինք…

Gepostet von Hranush Kharatyan am Dienstag, 28. April 2020

Սրա վրա շատ չենք կենտրոնանա, քանի որ հոդվածի հիմնական նպատակը «ՀՀ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունն է, որի շրջանակում, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել էր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, խոսքը վերաբերում է ֆոնդային և գրադարանային միավորների բաժանմանը:

«Այսինքն՝ հարցն ընդամենը գրքերը որպես ֆոնդային միավոր՝ ֆոնդերից հանելն է և գրադարան տեղափոխելը: Մեր կողմից խնդրի բարձրացումն իրականացվել է՝ ըստ գործող ընթացակարգերի. հարցը նախ քննարկվել է ֆոնդային գնահատող հանձնաժողովում, և նրանց դրական որոշումով հանդերձ՝ խնդիրը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարություն։ Դրական պատասխանը ստացվել է ապրիլի 9-ին, և այդ աշխատանքները կիրականացվեն նորմալ աշխատանքային հուն վերադառնալուց հետո»,- ասել էր Մարությանը:

Մեր տեղեկություններով՝ այս դեպքում համապատասխան գրանտային ծրագրերին մասնակցությունը հեշտ կլինի: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության միջոցով Հրանուշ Խառատյանը «Բաց հասարակություն ինստիտուտի» ֆինանսավորմամբ մասնակցել է պետական արխիվների բաց և թափանցիկությանը վերաբերող սեմինար-քննարկման, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչ:

Մեզ հասած տեղեկություններով, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը վերջերս մեկնել էր Բուդապեշտ, ենթադրաբար՝ այս գրանտը ստանալու հավանականությունը մեծացնելու համար:

Ի դեպ, Մարությանը մեզ հետ զրույցում, ի պատասխան իրեն հասցեագրված մեղադրանքներին, որ ինքը վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ է ներգրավված եղել, և, որ իր գործելաոճն այստեղից ակնկալած միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է», տեղեկացրել էր, որ 2012թ. մեկ տարով ղեկավարել է հայ-թուրքական երկխոսության ծրագիր, որի հիմնական դրսևորումը եղել է Թուրքիայի 10 ուսանողների Հայաստան այցելության նախապատրաստումը, դաշտային-բանահավաքչական աշխատանքների իրականացումը հայաստանցի 10 ուսանողների հետ Արագածոտնի և Շիրակի մարզերում, հարցազրույցները ցեղասպանությունը վերապրողների ժառանգների հետ և «Մուշ, քաղցր Մուշ» վերտառությամբ էսսեների ժողովածուի հրատարակությունը հայերեն և անգլերեն (հասանելի է համացանցում)։

«Ինչպես թուրք երիտասարդներն էին պատմում, նրանց միշտ ներարկել են, որ ցեղասպանության հիշողությունը Հայաստանի ժողովրդի մեջ չկա, պահանջատիրությունը լոկ պետության կողմից ծրագրված քաղաքականություն է, իսկ շփվելով հայ մարդկանց հետ՝ նրանք տեսան ճիշտ հակառակը. Հայոց ցեղասպանության հիշողությունը կենդանի է, վառ է, այն հզոր գործոն է։ Սրա մասին նաև գրված է իմ գիտական ինքնակենսագրության մեջ, որը ևս հասանելի է համացանցում։ Ես գտնում եմ, որ այդ կերպ իմ համեստ լուման եմ ներդրել շատ կարևոր գործի մեջ։

Երեք անգամ Ստամբուլում մասնակցել եմ գիտաժողովների, ուր հանդես եմ եկել հետևյալ վերնագրերով զեկուցումներով.

1) 2013թ.՝ «Պատմական հիշողության դերը հայոց նորագույն ինքնության մեջ» («Փոքրամասնութիւններու նոր իրականութիւնը. Թուրքիոյ մէջ հայ հաւաքականութեան հեռանկարները» գիտաժողով, կազմակերպիչ՝ «Ժամանակ» օրաթերթ),

(2) 2016թ.՝ «1990թ. ապրիլքսանչորսյան երթը և ցեղասպանության զոհի կաղապարի հաղթահարման դրսևորումները» («Հայկական ինքնութեան քննական մոտեցումներ 21-րդ դարուն՝ խոցելիութիւն, առաձգականութիւն և փոխակերպութիւն»։ Կազմակերպիչներ՝ Հրանդ Տինք հիմնարկ, Համազգային հայ կրթական և մշակութային ընկերակցութիւն, Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական համայնքների բաժին),

(3) 2019 թ.՝ «Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հետհարյուրամյակային ժամանակաշրջանում» («Հուշային տարածքներ, հուշային արահետներ դեպի այլ ապագա» միջազգային գիտաժողով)։ Թիվ 2 և 3 զեկուցումները ևս հասանելի են համացանցում»,- մանրամասնել էր Հարություն Մարությանը:

Վերադառնալով Խառատյաններին, տեղեկացնենք, որ Հրանուշ Խառատյանի աղջիկը` Լուսինե Խառատյանը, «Գործելով միասին» հայ-թուրքական ծրագրի շրջանակներում, ժամանակին նամակ էր գրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:

Խառատյանների հետ լավ համագործակցել է նաև Հ. Մարությանը:

Հավելենք, որ ընթացքի մեջ է մեկ այլ ծրագիր` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ», որն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` «Սիվիլիթաս» հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս