![](/banners/BeFunky-design.jpg)
Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Hakob-Badalyan-7.jpg)
Հակոբ Բադալյանը գրում է. «Ալմա Աթիի հռչակագրում չկա որևէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին, ինչպես օգտագործում եմ հռչակագրի «փրկիչ» բնույթի մասին ազդարարող շատ հայրենակիցներ:
Ալմա Աթիի հռչակագրում խոսքը «գոյություն ունեցող սահմանների անխախտելիության» մասին է: Թվում է, թե ի՞նչ տարբերություն, չէ՞ որ այդ ժամանակ գոյություն ունեցողը ԽՍՀՄ այսպես ասած ներքին սահմաններն էին: Այդպես է առերեւույթ: Բայց, կա առանցքային հարցը՝ իսկ ընդհանրապես ինչպե՞ս են ձեւավորված եղել գոյություն ունեցող սահմանները, իրավական, օրինական ի՞նչ հիմքով, ի՞նչ սկզբունքներով:
Որովհետև, նույն այդ Ալմա Աթիի հռչակագրով՝ եթե դա որեւէ մեկն ընդունում է իբրև «սահմանազատման Ավետարան», սահմանված են մի շարք սկզբունքներ՝ որպես հարաբերությունների հիմք: Դրանց թվում է օրինակ ուժի կիրառման կամ ուժի կկիրառման սպառնալիքի բացառումը:
Կա՞ ավելորդ մեկնաբանության կարիք, թե Ադրբեջանը քանի անգամ է խախտել այդ սկզբունքները: Դա խոստովանել է նույնիսկ պաշտոնական Երևանը, որովհետեւ, եթե հայտարարում են՝ Նիկոլ Փաշինյանը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որ՝ չանելու դեպքում Ադրբեջանը կանի պատերազմ, դա ուղիղ խոստովանություն է, որ Բաքուն խախտում է հռչակագիրը՝ որովհետև խոսում է ուժի կիրառման սպառնալիքով:
Ստացվում է, որ Ալմա Աթիի հռչակագիրը ինչ-որ գործընթացի հիմք է հռչակվում՝ այդ հռչակագիրը խախտելով: Սա հնարավոր կլիներ համարել զավեշտ կամ անհեթեթություն, եթե խոսքը չվերաբերեր Հայաստանի ճակատագրին եւ դրա հետ խաղերին»: