Հեռախոսազանգերի միջոցով տեղորոշման համակարգն առայժմ չի վերանայվի. փոխվարչապետի մամուլի խոսնակ
Արտակարգ դրության պայմանները թուլացվում են, վերահսկման մեխանիզմները՝ ոչ այնքան: Մայիսի 4-ից հետո էլ կորոնավիրուսով վարակվածների շփման շրջանակը Կառավարությունը կշարունակի պարզել Հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող համակարգով. 168.am-ի հետ զրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Չեմ կարծում, որ դրա վերանայման կարիք կա: Սիստեմը շատ էֆեկտիվ աշխատում է: Այս պահին որևէ բան փոխելու կարիք չենք տեսնում»,- ասաց Հունանյանը:
Հիշեցնենք՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն Ազգային ժողովն ընդունել է մարտի 31-ին՝ բացառապես իշխանական պատգամավորների քվեարկությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկումների ժամանակ վստահեցրել էր, որ գաղտնալսման մասին խոսք լինել չի կարող, որ հավաքագրված տվյալները գաղտնի են պահվելու, իսկ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ոչնչացվելու է։ Իսկ հանրապետությունում Կառավարության որոշմամբ արտակարգ դրությունը 30 օրով երկարացվել է մինչև 2020 թվականի մայիսի 14-ը, ժամը 17:00-ն ներառյալ։