Բաժիններ՝

Սա արհեստական է,  ուղղակի խաբեություն է․ Հին Երևանի ո՞ր մի շենքն է 5 հարկանի եղել․ Քաղաքաշինության դոկտորը՝ նոր թափ ստացող նախագծի մասին

Վերջերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ «Հին Երևան» նախագիծը նորից շրջանառության մեջ է դրվել, ծրագրի իրականացմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, «Հին Երևան» նախագծի հեղինակ և ճարտարապետ Լևոն Վարդանյանը, ինչպես նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ֆեյսբուքյան իր էջում ապրիլի 14-ին գրել էր․

««Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:

Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ «Հին Երևանը» ոտքից գլուխ թյուրիմացություն է։

«Բազմիցս ասել եմ, որ դա Հին Երևան չէ, ուղղակի դեֆորմացիա է։ Ճարտարապետ Լևոն Վարդանյանը ժամանակին չէր թաքցնում, ասում էր, որ հին քարերի ընդամենը 20 տոկոսն է օգտագործելու։ Հատկապես, որ 5 հարկ են անում։ Հին Երևանի ո՞ր մի շենքն է 5 հարկանի եղել՝ մաքսիմում երկու հարկ։ Սա արհեստական է, հին Երևան չէ,  ուղղակի խաբեություն է։ 21-րդ դարում Հին Երևան են ստեղծում,- 168am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը՝ հավելելով,- Խնդիրն այն է, որ հիմա այդտեղ հին շենքեր կան։ Հեղափոխությունից հետո հույս ունեի, որ այդ հին շենքերը կմնան իրենց տեղում։ Ճիշտ է, վատ է վիճակը շենքերի, բայց կարող էին ամրացնել, նորացնել։ Հիմա ասում են՝ հները պետք է քանդեն ու դրանց նման նոր շենքեր կառուցեն։ Բայց ինչո՞ւ եք քանդում, եթե իրականում կան դրանք։ Վատ է, որ նոր Հայաստանում էլ են այդ խաղերը գնում։

Նախկինում աջ-ձախ, ամեն ինչ  քանդում էին, ավերում, իսկ հիմա, երբ նույնն ես տեսնում՝ մտածում ես, որ Հայաստանում դեռ մասնագիտական հեղափոխություն չի եղել, որովհետև ոնց որ այն ժամանակ ճարտարապետները չէին կարողանում պաշտպանել և չէին էլ ուզում, հիմա էլի նույնն է, իսկ կառավարությունն էլ ինչ-որ ինվեստիցիաների համար աջ-ձախ տալիս-ավերում է։ Այդ նույն ինվեստիցիաները կարող  է օգտագործել ու սիրուն սարքել, բոլորն էլ գոհ լինեն։ Երբ Հին Երևանի նախագիծը դեռ չկար՝ մի քանի ճարտարապետներ առաջարկեցին, որ այդ շենքերի 15-20 քառակուսին տան, թող ժողովուրդը գնի։ Սակայն այդպես չարեցին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս