«Անկախ տարիքից՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություն ունեցողները ռիսկային խմբում են»․ Գերմանիայում աշխատող հայ բժիշկը՝ կորոնավիրուսից մահացությունների մասին

Բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ՝ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանից 168am-ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ մայիսի 4-ից արտակարգ դրության սահմանափակումները Հայաստանում թուլացվում են։

«Նախ՝ շեշտեմ, որ ես ինֆեկցիոնիստ չեմ, և որպես  բժիշկ՝ ներկայացնում եմ իմ անձնական կարծիքը։ Սահմանափակումները հանվում են, որովհետև այլ տարբերակ չկա։ Եթե պետությունն այնքան հարուստ լիներ, որքան Գերմանիան, և կարողանար աջակցել բոլոր աշխատողներին՝ տալով նրանց աշխատավարձը կամ գոնե տրամադրեր այնպիսի գումար, որ մարդիկ կարողանային գոյատևել, այդ դեպքում հաստատ սահմանափակումները չէին հանվի, դա ակնհայտ է։ Բայց երբ մարդիկ ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, նրանք ստիպված են տնից դուրս գալ, անկախ նրանից՝ ինչ վիրուս է տարածված։ Իշխանություններն ուղղակի չեն կարող դա կանխել, որովհետև այդ մարդկանց չեն կարող ապահովել գումարով»,- ի պատասխան ասաց նա՝ ընդգծելով, որ Եվրոպայում միակ երկիրը, որտեղ  միջոցառումներ չեն կիրառվել, եղել է Շվեդիան։

«Շվեդիայում, ի սկզբանե, սահմանափակումներ չկիրառվեցին, քաղաքացիները շարունակեցին ապրել իրենց սովորական առօրյայով, և բոլորը, շունչները պահած, հետևում են Շվեդիայի օրինակին։ Բայց այնտեղ հիվանդացության դեպքերն այնպես արագ են բռնկվում, որ հիմա սպասում ենք՝ տեսնենք՝ ինչ միջոցառումներ են իրականացնելու։ Գերմանիայում էլ սահմանափակումները որոշ չափով հանվում են, բայց հիմնական սահմանափակումները մինչև օգոստոսի վերջ պահպանվելու են։ Սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջն անժամկետ կգործի, որովհետև այստեղ նշվում է, որ այս վիրուսը դեռևս երկար է տևելու։

Գերմանիան հետևում է ԱՀԿ-ի խորհուրդներին և ցուցումներին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, որոնք կասկածի տակ են դրել ԱՀԿ-ի սուվերենությունը և որոշել են բարեփոխումներ անել՝ փոխելով ղեկավարությանը։  Այսինքն՝ տարբեր երկրներ տարբեր ձևով են արձագանքում։ Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսին, այն մնում է դեռևս լավ չուսումնասիրված։ Մի բան հստակ կարելի է արձանագրել՝ ըստ պաշտոնական տվյալների՝ բոլոր վարակվածների ընդամենը 2 տոկոսն է գտնվում ծանր վիճակում, մնացածը գտնվում են միջին ծանրության վիճակում կամ չունեն սիմպտոմներ»,- ընդգծեց Տարոն Սարիբեկյանը։

Բժիշկը նկատեց՝ Հայաստանում ևս, հավանաբար, կգրանցվի մահացության մեծ ցուցանիշ․ «Մենք Հայաստանում ունենք շատ մուլտիմորբիդ պացիենտներ, ովքեր ժամանակին չեն դիմում բժշկի, որովհետև նախ՝ գումար չունեն, և բացի այդ՝ բժշկական համակարգն էլ անթերի չէ, շատ ոչ կոմպետենտ մասնագետներ են աշխատում։ Սրանք գործոններ են, որ տվյալ մարդու հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվում, չի բուժվում և անցնում է վերջնական փուլեր։ Հայաստանում ունենք բազմաթիվ քրոնիկ հիվանդներ, իսկ քրոնիկ հիվանդները գտնվում են ռիսկային գոտում, և ես կարծում եմ, որ մահացությունը մեր երկրում դեռևս բարձր ցուցանիշներ կգրանցի։ Պարտադիր պետք է նշել նաև այն հանգամանքը, որ մարդիկ մինչև կորոնավիրուսն էլ ամեն անպատեհ առիթով հակաբիոտիկաթերապիա են ստացել՝ ցուցված դեղատան աշխատողների կողմից։ Օրինակ՝ հասարակ հազի ժամանակ իրենց հակաբիոտիկ է նշանակվել, և նրանց օրգանիզմը հիմա կայուն է դարձել հակաբիոտիկների նկատմամբ։ Իսկ մենք ծանր թոքաբորբի ժամանակ սկսում ենք հակաբիոտիկաթերապիա, և եթե հիվանդը նախկինում օգտագործած է լինում տվյալ հակաբիոտիկը, իր օրգանիզմն արդեն կայունություն ունի դրա նկատմամբ, և արդյունքում արձանագրում ենք բուժման անարդյունավետություն»։

Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ Հայաստանը պատերազմող երկիր է և չէր կարող ունենալ անթերի առողջապահական համակարգ․ «Հայաստանի բյուջեի մեծագույն մասը գնում է մեր երկրի պաշտպանությանը։ Եթե այդ գումարի որոշակի հատված տրամադրվեր առողջապահական համակարգին, մենք կունենայինք նորմալ վերանորոգված և հագեցած հիվանդանոցներ, նորմալ վարձատրվող բուժանձնակազմ, նաև՝ հիվանդների որոշակի ապահովագրություն, որի շրջանակներում հիվանդը կկարողանար պետությունից նորմալ բուժօգնություն ստանալ, և հիվանդություններն այդքան չէին խորանա, ինչքան հիմա ունենք։ Իսկ ինչպես նշեցի՝ գրեթե բոլոր քրոնիկ հիվանդները ռիսկի խմբում են, նրանք պարզապես մահանալու են»։

Բժիշկը նկատեց, որ, ինչպես բոլոր հիվանդությունների դեպքում, այնպես էլ կորոնավիրուսի դեպքում երիտասարդ օրգանիզմներն ավելի հեշտ են պայքարում, որովհետև ունեն ավելի կայուն իմունային համակարգ․

«Բայց այն մարդիկ, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, ռիսկային խմբում են։ Օրինակ՝ դիաբետը տարիք չճանաչող հիվանդություն է, կարող է հանդիպել նույնիսկ 10 տարեկանի մոտ, այսինքն՝ այն տարիք չի ճանաչում։ Եվ եթե դու շաքարային դիաբետ ես ունենում, օրգանիզմիդ ամբողջ ուժերը կենտրոնացված են այդ հիվանդության վրա։ Երբ օրգանիզմի ամբողջ ուժերը կենտրոնացած են այդ հիվանդության դեմ պայքարելով, կողքից ինչ-որ հիվանդություն էլ որ միանում է, լրացուցիչ հարված է օրգանիզմին»։

Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ում այսօրվանից արդեն պաշտոնապես թույլատրվել է կորոնավիրուսի դեպքում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի կիրառումը, որը ստեղծվել էր էբոլայի բուժման նպատակով․ ««Ռեմդեսիվիրն» առաջին պաշտոնապես թույլատրված դեղամիջոցն է կորոնավիրուսի դեպքում, և տեսնենք, թե ինչպիսի ցուցանիշներ կարձանագրվեն դեղի կիրառումից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս