«Մեզ անհրաժեշտ են ռազմական փորձագիտական ինստիտուտներ, որոնք կզբաղվեն ռազմական գիտությունների՝ ինչպես տեսական, այնպես էլ՝ դաշտային ուսումնասիրություններով». Հրաչյա Պետրոսյանց

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց բանակում օպերացիոն համակարգերի ներդրման խնդիրը, որի հիման վրա պիտի կառուցվի բանակային ամբողջ տեղեկատվական գաղտնի և անվտանգ համակարգը` հիշեցնելով, որ ՊՆ-ում անուշադրության են տարիներ շարունակ մատնում իրենց ներկայացրած «պրոդուկտը»:

«Խոսքը բանակի համար անվտանգ օպերացիոն համակարգի ստեղծման մասին է` «ՊՆ Լինուքսի», որը, ըստ էության, 2 տարի է՝ ստեղծված է, բայց ամեն խոչընդոտ արվում է, որ դա բանակում չկիրառվի: Մինչդեռ դա հիմքերի հիմքն է, որի վրա կարող ես անվտանգ համակարգ կառուցել: Ամբողջ բանակում դրված է Windows` բաց, և update-ի ժամանակ որևէ մեկը պատկերացում չունի, թե ինչ ինֆորմացիա է դուրս գալիս իրենց համակարգիչներից և գնում «Մայքրոսոֆթի» սերվերներ, չգիտեն նաև, թե այնտեղից ուր է գնում` մեր հակառակորդի՞ն, թե՞…»,- մանրամասնել էր նա` պնդելով, որ բանակը պիտի ռեֆորմի ենթարկվի և կարողանա  բարձր տեխնոլոգիական արտադրանք օգտագործել:

«Մենք բազմիցս առաջարկել ենք՝ առանձին զորամիավորում ստեղծենք: Խոսքը, այսպես ասած, դաշտային կառույցի մասին է, որին արտադրանք կտան` անօդաչու թռչող սարքեր, հակառակորդի անօդաչուներին ճնշող սարքեր, և այլն, որտեղ կգան և այդ ամեն ինչը մյուս զորամասերից կսովորեն»,- նշել  էր նա:

Պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը համաձայն է Կարեն Վարդանյանի որոշ տեսակետների հետ, և հիշեցնելով, որ մարդկության ամբողջ պատմության ընթացքում գիտական հայտնագործությունները գերազանցապես ուղղված են եղել պետությունների պաշտպանական և անվտանգային հնարավորությունները մեծացնելուն, 168.am-ի հետ զրույցում ասաց նաև.

«Այսօր մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ մարդկության կյանքի անբաժանելի մաս դարձած համացանցն ի սկզբանե նույնպես ռազմական կարիքների համար է ստեղծվել ԱՄՆ-ում և օգտագործվել է Պենտագոնում։ Իհարկե, եթե փորձենք խոսել խաղաղ կյանքում օգտագործվող ֆիզիկայի, քիմիայի կամ այլ գիտությունների հայտնագործությունների մասին, որոնք նախապես ռազմական ոլորտի համար են նախատեսված եղել, ապա բազմահատոր աշխատություն կստանանք։

Այստեղ հարց է ծագում` իսկ մենք ունե՞նք գիտությունների զարգացման մշակված ռազմավարություն, որտեղ առաջնահերթությունը տրված է ռազմական կարիքներին ուղղված հայտնագործություններին։ Այս առումով պ-ն Վարդանյանը միանգամայն ճիշտ է` անկախ նրանից, որ ինքը միայն մի ոլորտի վերաբերյալ է իր տեսակետը հայտնում։ Սակայն այստեղ կարևոր խորքային խնդիր կա. ՀՀ բանակը հանդիսանում է Խորհրդային Միության բանակի պատճենը, որտեղ 30 տարիների ընթացքում կոսմետիկ փոփոխություններ են մտցվել։ Հենց այստեղից էլ սկսվում է ռազմական գիտությունների դատապարտված անգործությունը։

Մեզ ամենևին պետք չեն ինչ-որ նոր ստորաբաժանումներ, որտեղ պիտի փորձարկվեն կամ ուսուցանվեն ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքները։ Մեզ անհրաժեշտ են ռազմական փորձագիտական ինստիտուտներ, որոնք կսկսեն զբաղվել ռազմական գիտությունների՝ ինչպես տեսական, այնպես էլ՝ դաշտային ուսումնասիրություններով։ Եվ, այո, դրանք պետք է չլինեն ՊՆ-ի կազմի մեջ, քանի որ դուրս կգա, որ պատվիրատուն, վճարողը և ընդունողը կլինի նույն կազմակերպությունը, ինչը կոռուպցիայի մեծագույն սպառնալիք է։ Ես դեռևս 10 տարի առաջ եմ պնդել` մենք ունենք ռազմական գիտական խորհուրդ ստեղծելու ծայրահեղ անհրաժեշտություն։ Ասել եմ, որ, եթե անմիջապես սկսենք անհրաժեշտ կադրերի պատրաստումն արտերկրի համապատասխան հաստատություններում, միգուցե 10-15 տարվա ընթացքում կկարողանանք ռազմագիտական խորհուրդ ունենալ Հայաստանում։

Այսօր, չնայած անցել է 10 տարի, բայց էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եվ մենք բարձր որակավորում ունեցող ռազմագիտական խորհուրդ ունենալուց հեռու ենք առնվազն 10 տարով։ Որպեսզի հստակ հասկանանք խնդիրը, մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչպես պետք է ձևավորվի այդ խորհուրդը, և ինչու չենք կարողանում հիմա դա կատարել։ Ինչպես մնացած բոլոր գիտական խորհուրդների դեպքում, ռազմագիտական խորհրդի համար նույնպես անհրաժեշտ են համապատասխան քանակությամբ ռազմական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ։

Քանի որ մենք ՀՀ-ում չունենք ռազմագիտական խորհուրդ, ապա Հայաստանում անհնար է որևէ մեկին շնորհել ռազմական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան։ Դա կատարվում է արտերկրի ռազմագիտական կենտրոններում։ Հենց այստեղ է կարևորագույն խնդիրն առաջանում` ով կարող է մեկնել այդ կենտրոններ ռազմական գիտությունների աստիճան ստանալու համար, ինչի հիման վրա է կատարվում ընտրությունը։

Անձնական փորձից ելնելով՝ կարող եմ ասել` կատարվում է բացահայտ սուբյեկտիվ ընտրություն, որի արդյունքում հնարավոր է՝ ընտրվեն անձինք, որոնք մի քանի տարի շարունակ արտերկրում սովորեն ադյունկտուրայում (զինվորականների ասպիրանտուրան) և արդյունքում՝ չկարողանան պաշտպանել իրենց գիտական թեզը, և առանց գիտական աստիճան ստանալու՝ հետ գան Հայաստան։ Եվ, ցավոք սրտի, այս սխեման գործել է՝ ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ՝ շարունակվում է այսօր»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց ռազմական փորձագետը` հավելելով, որ ռազմական գիտական խորհուրդները և ռազմական գիտահետազոտական ինստիտուտները պետք է հանդիսանան այն մարմինները, որոնք կհետազոտեն, կգտնեն գիտական առաջնահերթությունները, կիջեցնեն պատվերներ ռազմարդյունաբերական մարմիններին, մնացած բոլոր դեպքերում շարունակվելու է այն, ինչ կա այսօր։

Անդրադառնալով ՊՆ ծրագրային ապահովման խնդրին և Կարեն Վարդանյանի վերը նշված պնդումներին՝ Հրաչյա Պետրոսյանցը վստահեցրեց, որ պաշտպանության նախարարության համակարգում բոլոր այն համակարգիչները, որոնցում կա գաղտնի ինֆորմացիա, արգելված է միացնել համացանցին, ինչից էլ ուղղակի հետևություն կարող ենք անել, որ այդ համակարգիչները «Մայքրոսոֆթի» սերվերներից թարմացում երբևէ չէին կարող ստանալ։ Չեմ ժխտում, որ կան համակարգիչներ, որոնք աշխատանքային գործունեությունից ելնելով՝ միացվում են համացանցին, բայց այդ համակարգիչներում չեն կարող լինել գաղտնի տեղեկություններ։

ՊՆ համակարգում նույնիսկ արգելված է դյուրակիր հիշողության չգրանցված սարքերի միացումը համակարգիչներին։ Սա ամենևին չեմ ասում այն բանի համար, թե մեզ պետք չեն հատուկ ՊՆ-ի համար օպերացիոն համակարգեր։ Ընդհակառակը`գտնում եմ, որ ոչ միայն օպերացիոն համակարգեր են պետք, այլ հատուկ ՊՆ-ի համար ստեղծված համակարգիչներ և պլանշետներ, որոնցում տեղադրված օպերացիոն համակարգը նաև կհանդիսանա զորքերի, զորամիավորումների և ստորաբաժանումների կառավարման ավտոմատացված համակարգ, ինչպիսին վաղուց արդեն օգտագործվում է աշխարհի շատ երկրների բանակներում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեսանյութեր

Լրահոս