«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6–ին կձերբակալեն. ՔԿ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Խոսքը պատգամավորի թեկնածուներ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սասուն Բադոյանի, Աշոտ Սահակյանի և Արթուր Աբրահամյանի մասին է, որոնք մեղադրվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Որոշումների կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

