«Գոնե մինչ այս պահը որևէ դժգոհություն չի եղել». վարչապետի կալավանցի խորհրդականը՝ համատեղ աշխատանքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ Կալավանից Ռոբերտ Ղուկասյանը, Երևանում վարձակալությամբ է ապրում, որպեսզի պատշաճ կերպով իրականացնի կառավարությունում ստանձնած պարտականությունները:

«Ընտանիքս գյուղում է»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռ. Ղուկասյանը:

Հիշեցնենք, անցյալ տարի Կալավան այցի ժամանակ ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր նրան իր խորհրդական նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք արդեն հասցրել է իր գյուղի փորձը ներդնել այլ գյուղերում, ի պատասխան՝ նա ներկայացրեց արդեն արված ու արվելիք մի շարք աշխատանքներ.

«Ես իրականացնողը չեմ, ըստ էության, առաջարկություններ, մտքեր տվողն եմ: Այս ընթացքում տարբեր ծրագրեր են արվել, տարբեր խնդիրների լուծումներ ենք փորձել գտնել՝ հատկապես աղքատ գյուղերի զարգացման հետ կապված: Թիրախային տարբեր միջոցառումներ ենք իրականացնում՝ համայնքների զարգացմանն ուղղված: Երևանից առավել հեռու գտնվող մարզերի արդեն շուրջ 15 գյուղերում շուտով ծրագրեր ենք սկսելու: Աշխատանքներին մասնակցում են  նաև  հայաստանյան բուհերի ուսանողները՝ արդեն թվով 17 ուսանողներ, որոնց ավարտական աշխատանքների թեմաները եղել են գյուղերը»:

Նա հավելեց, որ  կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու համար գործադիրը տարբեր առաջարկներով է հանդես եկել, և հիշեցրեց, որ Փաշինյանն ինքը, հատկապես այս շրջանում, կարևորել է գյուղատնտեսության ոլորտը, ինչն արտահայտվում է իրականացվող ծրագրերում:

«Բոլոր միջոցառումներում մեծ շեշտադրում կա գյուղատնտեսության ոլորտի վրա՝ զրոյական տոկոսով վարկերի տրամադրում, ներկրմանը և արտահանմանն առնչվող տարբեր որոշումներ և խելացի անասնագոմերի, ինտենսիվ գյուղատնտեսության ծրագրեր: Այսինքն՝ տարբեր գործիքներ ենք կիրառել, որպեսզի գյուղատնտեսության զարգացումը խթանվի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ արդյո՞ք զրուցել են գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, որքանո՞վ են ծրագրերն արդյունավետ՝ հաշվի առնելով նաև արձագանքները, թե գյուղացուն, տնտեսվարողին այս անորոշության պայմաններում  պարտքով փող պետք չէ, այլ անհատույց օժանդակություն է անհրաժեշտ, արձագանքեց.

«Ճիշտն ասած՝ սահմանափակումներ հայտարարելուց հետո գրեթե չեմ այցելել մարզեր, և հիմնական տեղեկությունը ստանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից. էնտեղ հստակ երևում է՝ քանի հոգի են դիմել, ինչքան վարկ են վերցրել (մինչև նորից կայցելենք մարզեր և տեղում կտեսնենք): Հետո՝ չափել, թե ինչքանով է արդյունավետ եղել ծրագիրը, կարծում ենք, կարող ենք ասել, երբ որ տրված գումարներն արդեն իրացված կլինեն, և կարող ենք տեսնել արդյունքները: Մի կողմից՝ կարող է հաշիվը շատ մեծ երևալ, բայց շատ կարևոր է իմանալ, թե մարդիկ որքանո՞վ են արդյունավետ ներդրել իրենց գումարները: Ես մեծ հույս ունեմ, որ արդյունավետ կլինի»:

Նա նշեց նաև, որ պետությունն աշխատանքներ է իրականացրել սպառման շուկան գյուղացուն հնարավորինս մոտեցնելու համար:

Վարչապետի խորհրդականին հարցրեցինք նաև՝ արդյոք հաճա՞խ է հանդիպում Փաշինյանին, պատասխանեց.

«Շաբաթը երկու-երեք անգամ՝ նվազագույնը»:

Փաշինյանը գո՞հ է Ձեր աշխատանքից՝ հարցին ի պատասխան էլ՝ նշեց.

«Կարծում եմ՝ գոհ է, մի քիչ դժվարանում եմ այս հարցին ինքս պատասխանել,  երևի թե պետք է հարցն ուղղված լիներ վարչապետին, բայց գոնե մինչ այս պահը որևէ դժգոհություն չի եղել: Ինձ համար շատ հեշտ և հաճելի է շփվել իր հետ, որովհետև ինքը շատ լավ զգում և պատկերացնում է գյուղերի առօրյան, խնդիրները, բավականին տեղեկացված է այս ամեն ինչից,  և դա է հիմնական պատճառը, որ շատ հեշտ է ստացվում կոմունիկացիան իր հետ»:

Հիշեցնենք՝ 2019թ. հուլիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի շրջանակներում այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ և տեղում որոշել  նրան իր խորհրդական նշանակել։

Տեսանյութեր

Լրահոս