Բաժիններ՝

«Այս պահի դրությամբ որևէ ֆինանսական խնդիր չունենք ծրագրի իրականացման համար». ՏԶՀ տնօրենը հերքում է Վեդու ջրամբարի ֆինանսավորման խնդիրների մասին լուրերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 18-ին այցելել էր Արարատի մարզ՝ հետևելու Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` ջրամբարի շինաշխատանքները պարետի ցուցումով վերսկսվել են ապրիլի 13-ից:

168.am-ն այսօր, սակայն, տեղեկություն ստացավ, որ ֆինանսական խնդիրների պատճառով Վեդու ջրամբարում դադարեցվել են շինաշխատանքները:

Տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք այնտեղ աշխատանքներ իրականացնող «Մետաղ կայմ» հիդրոընկերության ներկայացուցչի հետ: Ֆինանսական տնօրենը՝ Իրանի քաղաքացի Թարվիզ Նոսրաթին, մասնավորապես, հայտնեց, որ այս պահին խնդիր չկա, և աշխատանքները շարունակվում են.

«Կադրային փոփոխություններ էին տեղի ունեցել՝ մեր հիմնական պատվիրատուի, պետական կառույցների հետ կապված փոփոխություններ էին տեղի ունեցել, այդ պատճառով էին վճարումները որոշակի ժամանակահատված ուշացրել, բայց հիմա վճարումներն արվել են. Մենք խնդիր չունենք»:

Վեդու ջրամբարում շինարարական աշխատանքներ իրականացնող «Սահակյանշին» ՓԲԸ-ից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե ընկերությունում խիստ զբաղված են և ավելի ուշ իրենք կզանգահարեն: Զանգ չեղավ. Մեր համառ ջանքերից հետո, այդուամենայնիվ, ստացվեց զրուցել աշխատակիցներից մեկի հետ, որը հրաժարվեց ներկայանալ, բայց նշեց, որ ֆինանսական խնդիրներ չեն եղել, իսկ որոշակի դադարները  պայմանավորված են եղել եղանակային փոփոխություններով:

Հիշեցնենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին ջրամբար այցի ժամանակ ուղեկցում էր «Սահակյանշին» ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը:

ՏԿԵ նախարարությունից խնդրեցինք մեկնաբանել Վեդու ջրամբարի ֆինանսավորման դադարեցման լուրերը:
Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը հայտնեց՝ շինաշխատանքները շարունակվում են. «Նման բան գոյություն չունի, որովհետև մենք վերջերս «Սահակյանշին» կազմակերպության, նկատի ունեմ՝ կապալառուի, ներկայացրած կատարողական փաստաթղթերը ուսումնասիրել և վճարել ենք. Համենայն դեպս, մենք այս պահի դրությամբ որևէ ֆինանսական խնդիր չունենք ծրագրի իրականացման համար»:

Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2017թ. մարտի 28-ին:

Ջրամբարի համար ջրաղբյուր են Վեդի և Խոսրով գետերը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75մլն եվրո վարկային միջոցներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս