«Այն, ինչ ասում է Լավրովը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների ընդհանուր տեսակետն է»․ Արա Սահակյան
168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանն ասաց, որ այն, ինչ ասում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների ընդհանուր տեսակետն է․
«Այդ տեսակետում ոչ մի գաղտնիք գոնե բանակցողների համար չկա, որ գոյություն ունի քննարկվող փաստաթուղթ, այդ փաստաթուղթը քննարկվում է աշխուժորեն, և դրա հիմքը կարգավորման փուլային տարբերակն է։ Լավրովն անում է այն, ինչ մենք ենք պարտավոր անել մեզ լսող ժողովրդի հետ, մենք պետք է ազնվորեն ասենք՝ այո, այդ բանակցություններն ընթանում են»։
Նա ընդգծեց՝ դիվանագետների ցանկացած հանդիպման ժամանակ, որի անունը բանակցություն է, կողմերից յուրաքանչյուրը սեղանին կարող է դնել որևէ թուղթ, նախագիծ, ձևակերպում և առաջարկել քննարկել այդ ձևակերպումը․ «Եկեք՝ չպատկերացնենք, որ դա դավադրորեն աշխատասենյակներում ընդունված փաստաթուղթ է, որը փորձում են պարտադրել կողմերից որևէ մեկին։ Միջնորդները ցանկացած հանդիպման գալիս են թղթով»։
Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա գաղտնազերծեց Լավրովը, նա պատասխանեց․
«Դա նշանակում է, որ նորից տեղի կունենա պետությունների առաջին դեմքերի հանդիպում և փորձ կկատարվի նրանց բերել արդեն որևէ փաստաթղթի համաձայնեցման»։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Լավրովի հայտարարությանը, նա հետևյալն ասաց․ «Առաջին անգամ բոլորս բավարարված ենք, որ պրոֆեսիոնալ ոլորտի հարցադրմանը պատասխանվել է պրոֆեսիոնալ բնագավառից։ Մի մոռացեք, որ կառավարությունը քաղաքական մարմին է և կրում է քաղաքական պատասխանատվություն, այնպես որ, ամբողջ կառավարության, այդ թվում նաև՝ նրա ղեկավարի տեսակետն էր այն, ինչ ասաց մեր արտգործնախարարը»։
Ճշտող հարցին՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չխոսեց այդ մասին, նա պատասխանեց․
«Լավ արեց, որ չխոսեց, ես գոհ եմ դրանից, որովհետև արտգործնախարարի պատասխանը լիովին բավարար էր։ Արձանագրվեց մեր նահանջի կարմիր գիծը, որ մենք չենք կարող ընդունել որևէ լուծում, որը կասկածի տակ կդնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, նրա ինքնորոշման իրավունքը։ Բոլոր առարկությունների շրջանակը սա էր։ Լավրովն արեց մի հայտարարություն, որին արձագանքեց մեր ԱԳՆ-ն և հասարակությունը՝ նույնպես, որ մենք ունենք սահման, որից այն կողմ որևէ փոխզիջում չենք կարող քննարկել։ Դա շատ կարևոր է։ Մեզ հետ բանակցողները կամ բանակցություններում մեզ օժանդակողներն անպայման դա նկատի են առնում»։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կաշխատի Հայաստանում ընտրված ցանկացած իշխանության հետ․
«30 տարի այդպես է եղել, ցանկացած իշխանության հետ Ռուսաստանն աշխատում է։ Չի կարող լինել Հայաստանում որևէ իշխանություն, որը Ռուսաստանը չընդունի»։