«Ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ «բլիցկրիգը»` իր դասական պատկերացմամբ, այդ պահին Ադրբեջանի ուժերից վեր էր». ռազմագետ

168.am-ն Ադրբեջանի կողմից «բլիցկրիգի» հավանականության և ռազմական այլ հարցերի շուրջ զրուցել է ռազմական փորձագետ Վլադ Վարդանյանի հետ:

Վերջերս շատ է խոսվում ժամանակակից պատերազմում ԱԹՍների կիրառության մասին, թեպետ մինչ այդ էլ օգտագործվում էր: Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ ՀՀի, Արցախի ռազմաօդային և ՀՕՊ ուժերի կարողություններին, ինչո՞ւ չէ` նաև Ադրբեջանի:

– Այսօրվա դրությամբ ԱԹՍ-ներն ամբողջ աշխարհում ակտիվորեն կիրառվում են` փոքր հետախուզական կվադրոկոպտերներից մինչև խոշոր հարձակողական-հարվածային, ակտիվացել է նաև` պարեկություն անող ռազմամթերքով սարքերի կիրառությունը («կամիկաձե»): Բոլոր այս տեսակները` բացի խոշոր հարվածայիններից, ներկայացված են և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի սպառազինության մեջ: Եվ եթե Ադրբեջանը ձեռք է բերում անօդաչուներ, ապա Հայաստանն այն արտադրում է, ինչը ռազմավարական հեռանկարում մեզ համար, այսպես ասած, մեծ պլյուս է:

Վերջին փորձը ցույց է տալիս, որ ամենաժամանակակից իսրայելական դրոնները` Ադրբեջանի սպառազինությունում առկա, անխոցելի չեն և կարելի է ասել՝ պարբերաբար խոցվում են: Սա նաև ապացուցում է, որ հայկական զինված ուժերը լրջորեն զբաղվում են ԱԹՍ-ների դեմ պայքարով և դրանում դրական տեղաշարժեր արձանագրում:

Եթե խոսենք ցամաքային ուժերից և դրանց սպառազինական կարողությունից, ժամանակակից պատերազմն ի՞նչ պահանջներ է ներկայացնում այս առումով, և որքանո՞վ ենք համահունչ քայլում դրանց:

– Իրավիճակը շատ կտրուկ է փոխվում, ինչի մասին վկայում է վերջին  հակամարտություններում ԱԹՍ-ների մասսայական կիրառումը: Անօդաչու սարքերը փաստացի փոխեցին մարտի կանոնները: Մեր զինված ուժերում դա հիանալի հասկանում են և դրանից ակտիվորեն օգտվում: Բացի այս, ես այսօր կարևոր կոմպոնենտ կհամարեի կապը և մոբիլությունը: Այս կարողությունների բարելավման ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են տարվում:

Հաշվի առնելով համաճարակային, տնտեսական համաշխարհային ճգնաժամը, աշխարհաքաղաքական վերադասավորությունները, որքանո՞վ եք հնարավոր համարում Ադրբեջանի կողմից «բլիցկրիգի» հնարավորությունը: Եթե դա հնարավոր չէ, ապա ի ՞նչ տեսակի սադրանքներ կարող են լինել` ելնելով նաև տարածաշրջանային «խաղացողների զբաղվածությունից» կամ հետաքրքրությունից, և ո՞ր հատվածում:

– Խոշորամասշտաբ ռազմական գործողությունների սկսման հնարավորության մասին կանխատեսումներ անելն ամենաանշնորհակալ գործն է: Խոշորամասշտաբ գործողությունների վերսկսումը պայմանավորված է բազմաքանակ գործոններով, որոնցում, անկասկած, տնտեսական և ներքաղաքական բաղադրիչ կա:

Սակայն Ապրիլյան պատերազմի փորձը ցույց տվեց, որ «բլիցկրիգը»` իր դասական պատկերացմամբ, այդ պահին Ադրբեջանի ուժերից վեր էր: Հայկական կողմի մոբիլիզացիոն աշխատանքները և գրագետ տակտիկական որոշումները թույլ տվեցին կանխել Ադրբեջանի հարձակման փորձերը: Այս պահին Ադրբեջանն ավելացնում է իր կարողությունները, բայց Ապրիլյան ռազմական գործողություններից հետևություններ արեց և հայկական կողմը:

Այնպես որ՝ չնայած ցանկացած ճգնաժամի, հակառակորդին «թեթև զբոսանք» չի սպասում, նրանք ստիպված են լինելու հսկայական կորուստների գնով, այսպես ասած, առաջխաղացում ապահովել կամ ճեղքել պաշտպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս