«Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերից Մհեր Գրիգորյանը պատասխան դեռևս չի ստացել
Մարտի վերջին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության հարցով նոր բանակցություններ սկսելու առաջարկով «դիմել էր Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։ Նամակի պատասխանը դեռևս չեն ստացել:
«Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով՝ կարծում եմ, որ պատասխանը կլինի քիչ ավելի ուշ: Այն հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնք իրականացնելու կամ չիրականացնելու մասին գնահատականը, կարծում եմ՝ կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները սկսվեն հանրային կերպով, և բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը, և ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումներն ապագայի համար»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Միլլերին ուղղած նամակում փոխվարչապետը նշել էր. «Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, մենք պատեհ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումն ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»: