Բաժիններ՝

Հակաճգնաժամային 7-րդ ծրագրի փաստացի մեկնարկը կտրվի վաղը, 8-10-րդինը՝ երկուշաբթի. Մհեր Գրիգորյան

«Մենք ունենք այլևս 10 հաստատված միջոցառումներ, որոնցից  6-ն արդեն ուժի մեջ են, կավելացնեի՝ լիարժեք ուժի մեջ են»,- անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված՝ կառավարության աջակցության ծրագրերին՝ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Միջոցառումների ընթացքին անդրադառնալով՝ Մհեր Գրիգորյանը նշեց, որ երեկվա դրությամբ փաստացի իրականացված միջոցառումների գումարային չափն անցել է 3 միլիարդ դրամը:

«Երեկվա դրությամբ մենք ամփոփեցինք արդեն ուժի մեջ, իմպլեմենտացված միջոցառումների ընթացքը: Արդյունքում՝ հասկանալի դարձավ, որ միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել էր 3 միլիարդ 670 մլն դրամ: Եվ մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության սա երկու օրվա արդյունք է»,- նշեց Գրիգորյանը:

Այսօր կառավարության նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով նախատեսվում է միանվագ դրամաշնորհ տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող մի շարք անձանց: Փոխվարչապետը վստահ է, որ այս մասով փաստացի գործընթացը կիրականացվի բավականին արագ տեմպերով:

«Այդ մասով, ես կարծում եմ՝ իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով մենք պետք է աշխատենք, բավականին պարզ են: Միևնույն ժամանակ՝ կցանկանայի ասել, որ մենք ինտենսիվ մշակման փուլում ենք շտեմարանների և ճշգրտման աշխատանքներ ենք իրականացնում 7, 8 և 9-րդ միջոցառումների մասով»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի փոխանցմամբ՝ հակագնաժամային աջակցության 7-րդ ծրագրի փաստացի մեկնարկը կտրվի վաղը, իսկ 8-րդ, 9-րդ և 10-րդ ծրագրերի փաստացի իրականացման գործընթացը կառավարությունը նախատեսում է սկսել երկուշաբթի օրվանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս