Ամերիկյան փորձագետները՝ կորոնավիրուսը կանխարգելելու համար մարդկանց տեղակայման տվյալներն օգտագործելու մասին. The Washington Post

ԱԺ-ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», ինչպես նաև «Էլեկտրոնային հաղորդակցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 57 կողմ, 24 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակում հավաքագրել ՀՀ բոլոր քաղաքացիների անձնական տվյալները, տեղաշարժը հատուկ հարթակում, դրանով իսկ   հնարավորություն է ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին, ինչը, ըստ նախագծերի հեղինակների՝  հնարավորություն կստեղծի իրականացնել կորոնավիրուսի վարակակիրների քանակի հստակեցում։

Մարդկանց գտնվելու վայրը վերահսկելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու որոշումն այս օրերին նաև ԱՄՆ փորձագետների քննարկման տիրույթում է:

The Washington Post-ը «Տեխնոլոգիա 202. Մենք հարցում ենք իրականացրել ավելի քան 100 տեխնոլոգիական փորձագետների շրջանում այն մասին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը պետք է օգտագործի մարդկանց տեղակայման (գտնվելու վայրի) տվյալները կորոնավիրուսին հետևելու համար. Փորձագետները երկու մասին են բաժանվել» վերտառությամբ հոդվածում լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել՝ նրանում ներկայացնելով բազմաթիվ մասնագետների կարծիքներ ԱՄՆ կառավարության կողմից կորոնավիրուսը կանխարգելելու համար մարդկանց տեղակայման տվյալները օգտագործելու վերաբերյալ:

«Տեխնոլոգիա 202»-ի հարցումներին մասնակցած փորձագետների մեծամասնությունն այն կարծիքն է հայտնել, որ  ԱՄՆ կառավարությունը չպետք է օգտագործի ամերիկացիների գտնվելու վայրի մասին տվյալները՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար:

Փորձագետների 51%-ն ասել է, որ Միացյալ Նահանգները թվային հսկողության միջոցառումներ իրականացնելիս չպետք է հետևի այլ երկրների օրինակին, ինչպիսին են Հարավային Կորեան, Իսրայելն ու Չինաստանը:

Salesforce ընկերության ռազմավարության և կառավարման հարաբերությունների ավագ փոխնախագահ Նիկի Քրիստոֆի խոսքով՝ Միացյալ Նահանգները տեղանքի, կապի կամ առողջության հավելվածները նման արտակարգ միջոցառումների ժամանակ կիրառելիս պետք է չափազանց զգուշավորություն ցուցաբերի:

«Այս ճգնաժամը հանրային անվտանգությունն անձնական պաշտպանվածության հետ բալանսավորելու հարցում աննախադեպ հարցեր բարձրացնելու տեսանկյունից մարտահրավեր է բոլորիս համար, հարցեր են՝ առանց պատասխանների: Որոշ երկրներ մարդկանց մեկուսացնելու համար օգտագործելով անձնական տվյալները՝ այդ տվյալների պաշտպանություն չեն իրականացնում, ինչը մտահոգիչ է»,- ասել է Քրիստոֆը:

The Wall Street Journal-ի այս շաբաթավերջի հոդվածը վերնագրված էր՝ «ԱՄՆ-ը գնալով գտնվելու վայրին հետևելու խաղի մեջ մտնելու ուղիներ է փնտրում»: Ըստ հոդվածի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, ինչպես նաև նահանգային և տեղական ինքնակառավարման մարմինները բջջային հեռախոսների արդյունաբերողներից սկսել են տվյալներ ստանալ միլիոնավոր մարդկանց հեռախոսների գտնվելու վայրի վերաբերյալ: Տվյալները ցույց են տալիս, որ  մեծածախ առևտրի կետերում, այգիներում կամ այլ հասարակական վայրերում մարդկանց բազմություն կա, ինչը բարձրացնում է վիրուսի տարածման ռիսկը: Հաղորդվում է, որ այդ քայլի նպատակը պաշտոնյաների համար պորտալ ստեղծելն է, որը կպարունակի երկրի 500 քաղաքներում տեղաբաշխման տվյալներ:

Հարցմանը մասնակցած փորձագետների մեծ մասը պնդել է, որ չկան բավարար ապացույցներ, որ հեռախոսի գտնվելու վայրն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում:

AI Now Institute-ի համահիմնադիր Մերիդ Ուայթաքեր խոսքով՝ «Covid-19-ի տարածումը սահմանափակելը նախևառաջ պահանջում է կայուն առողջապահական ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան բոլորին ապահով կերպով ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները, ներառյալ՝ ինքնամեկուսացումը և սոցիալական հեռավորության պահպանումը»:

Լայնամասշտաբ հասանելիության վրա կենտրոնացված շահույթ չհետապնդող «Հաջորդ դարի քաղաքներ»-ի գործադիր տնօրեն Ֆրանչելլա Օչիլոյի դիտարկմամբ՝ ԱՄՆ կառավարությունը չի կարողանա իրականացնել այդ աշխատանքը:

«Միացյալ Նահանգների կառավարությունը պայքարում է, որպեսզի կարողանա հետևել բժշկական մատակարարումներին այն ժամանակ, երբ անպատժելիությունը ծանր հետևանքներ ունի: Ես կասկածում եմ, որ մարդկանց հետևելու իշխանությունը և լայն հնարավորությունը կբարելավի արդյունքները»,- ասել է Օչիլոն:

Որոշ փորձագետներ դեմ են արտահայտվել  ԱՄՆ կառավարությանը կողմից այս ճգնաժամի ժամանակ  վերահսկողության ընդլայնման հարցին, ինչպես արվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:

«Ճգնաժամի ժամանակ շատ կարևոր է վերահսկողության տակ լինելու ծուղակում չհայտնվել: Ես նյույորքցի եմ, ծնվել ու մեծացել եմ այնտեղ ու ես հիշում եմ սեպտեմբերի 11-ը, երբ մենք մտածում էինք, թե ինչպես են մեր նահանգի ու դաշնային կառավարություններն արձագանքում արտակարգ իրավիճակների ժամանակ»,- ասել է  «Քաղաքական փոփոխությունների գույնը» քաղաքացիական իրավունքների փաստաբանական ընկերության նախագահ Ռաշադ Ռոբինսոնը:

Տարբեր երկրներ ցուցաբերել են տարբեր մոտեցումներ: Հեռախոսի գտնվելու վայրի դիտարկումն Ասիայում վիրուսին զսպելու հիմնական բանալին է եղել: Օրինակ, Հարավային Կորեայում մարդկանց ահազանգեր էին ուղարկում, որով տեղեկացնում էին նրանց մոտակայքում covid-19-ով վարակման դեպքերի մասին: Ըստ հոդվածի՝ Չինաստանը, թերևս, ամենածայրահեղ միջոցն էր կիրառել: Նա օգտագործում էր մարդկանց դեմքի ճանաչումն ու բջջային կապի օպերատորի տվյալները՝ հետևելու համար այն մարդկանց, ովքեր փորձում էին փախչել: Հաղորդվում է, որ Իսրայելը մարդկանց գտնվելու վայրի մասին տվյալները հավաքում էր ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Հարցմանը մասնակցած փորձագետների 49%-ն աջակցել է ԱՄՆ-ին՝ ճգնաժամի աճը հաշվի առնելով՝ այլ երկրների օրինակին հետևելու և տեղաշարժը վերահսկելու հարցում:

«Սա կտրուկ քայլ է, և չպետք է այս երկրում թեթև քայլեր ձեռնարկվեն: Այնուամենայնիվ, ֆիզիկական հեռավորության և վարակի կրկնվելը կանխելու կրիտիկական անհրաժեշտությունը կարող է արդարացնել նման ծայրահեղ միջոցի կիրառումը»,- ասել է Ջորջ Բուշի օրոք նախկին Դաշնային հանձնաժողովի նախագահ, այսօր՝ NCTA ինտերնետ և հեռուստատեսային ասոցիացիայի ղեկավար   Մայքլ Փաուելը:

«Օգտագործելով բջջային հեռախոսների ապաանձնավորված տվյալները՝ բջջային կապի ընկերությունները կարող են նույնականացնել այն կետերը, որտեղ մարդիկ հավաքված են՝ ԱՌԱՆՑ անձնական գաղտնիությունը զոհաբերելու: Աներևակայելի օգտակար կլինի պարզապես իմանալ այն քաղաքները, թաղամասերը և շրջանները, որտեղ ամերիկացիները «տանը մնալու» պրակտիկան չեն կիրառում»,- ասել է Code.org-իգլխավոր տնօրեն Հադի Պարովին, որը նախկինում ներդրումներ է արել Facebook, Uber և Airbnb ընկերություններում:

Շատերն ասում են, թե աջակցելու են մարդկանց գտնվելու վայրի մասին տվյալների օգտագործմանն այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի գաղտնիությունը:

«Վիրուսի տարածումը թիրախավորելը զանգվածային կարևորության նշանակություն ունի: Այն կարող է աջակցել ռեսուրսների թիրախավորմանը, բայց այն չի կարող օգտագործել մեր համայնքներին կամ անհատներին՝ որպես ապրանքաշրջանառության միջոց»,- կարծում է տեխնոլոգիական արդյունաբերության բազմազանությանն աջակցող Code 2040-ի տնօրեն Կառլա Մոնտերոսոն:

Հարցման ժամանակ ոմանք շեշտել են, որ սահմանվի նման տվյալների օգտագործման ժամկետ:

«Չնայած ինտրիգին, ես կարծում եմ, որ մենք աննախադեպ ժամանակներում ենք հիմա, և կարծում եմ, որ զեկույցները ցույց են տվել, որ գտնվելու վայրի մասին տվյալներն առանցքային միջոց էին Չինաստանում և Հարավային Կորեայում վիրուսի տարածումը կրճատելու համար: Այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ համոզվել, որ մենք հնարավորություն կունենանք covid-19-ի ավարտից հետո այլևս չօգտվել այդ տվյալներից»,- շեշտել է A.I. start-up Pymetrics-ի գործադիր տնօրեն Ֆրիդա Պոլլին:

Օբամայի վարչակազմի Կապի դաշնային հանձնաժողովի նախագահ Թոմ Ուիլլերի կարծիքով՝ շատ ինֆորմացիան ավելի լավ կծառայի բոլորին: Ուիլլերն առաջարկում է գաղտնիության պահպանման մի քանի եղանակ, ներառյալ՝ մարդկանց հետևելու համար ժամանակի սահմանափակումը: Ուիլլերի խոսքով՝  կառավարությունը կկարողանա այդ տվյալներն օգտագործելու հանձնառություն ունենալ առողջական նպատակներով:

Որոշ փորձագետների կարծիքով, եթե Միացյալ Նահանգները հետևի մարդու գտնվելու վայրի տվյալների օգտագործման այլ երկրների փորձին, ապա ԱՄՆ-ում ավելի քիչ թվով վարակակիրներ կլինեն:

«Լուծումը, որ հնարավորություն կտա առանց գտնվելու վայրի մասին ամբողջական տեղեկատվությունը բացահայտելու վերահսկել տեղաշարժման պատմությունը, միաժամանակ ապահովելով այնտեղ գտնվող բոլոր մարդկանց գաղտնիությունը, կլինի իդեալական, բայց դժվար տարբերակ»,- կարծում է Microsoft-ից Էրիկա Բեյքերը:

Տեսանյութեր

Լրահոս