Ո՞ր դեպքում Արցախում արտակարգ դրություն կհայտարարվի
Ներկայումս Արցախում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Արցախի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվի։
Հիշեցնենք, որ Արցախի պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Արցախի կառավարության նիստում՝ ներկայացնելով այն բոլոր գործողություններն ու քայլերը, որոնք ԱՀ-ն նախաձեռնել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով։ Նա կրկին անգամ արձանագրել էր, որ Արցախում չկա կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք։ Նշենք, որ զուգահեռաբար ԱՀ-ում շարունակվում է նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ մարտի 31-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ։
Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահի դրությամբ նման անհրաժեշտություն դեռևս չկա։ Ըստ նրա, բնականաբար, ամենակարևորը մարդկանց առողջությունն է, սակայն դեռևս այդպիսի բան հարկավոր չէ։
Բաբայանի արձանագրմամբ՝ ճիշտ է, ընտրությունների քարոզարշավի ընթացքը մի փոքր փոխվել է, ավելի շատ բացօթյա և առցանց ռեժիմով են ընթանում հանդիպումները, սակայն դեռևս արտակարգ դրության կարիք չկա։
«Մենք չունենք գեթ մեկ վիրուսակիր։ Նման հարց կդիտարկվի, երբ ներթափանցի վիրուսն Արցախ և կրի մասսայական բնույթ։ Վտանգ միշտ կա, բայց չունենք դեպքեր։ Դա նաև չի նշանակում, որ պետությունը չպետք է քայլեր ձեռնարկի և հանգիստ նստի, իհարկե, պետք է պրոֆիլակտիկ բոլոր քայլերը կատարենք։ Սրանք կանխարգելիչ գործողություններ են»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արցախի Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը սահմանում է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է: Արցախի Հանրապետության նախագահն է հայտարարում արտակարգ դրություն, ձեռնարկում իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
Իսկ ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, և Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը։ Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: