«Երբ Նիկոլ Փաշինյանը նեղն է ընկնում, բռնվում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից». Արմեն Աշոտյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
– Պարոն Աշոտյան, 2018թ. հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարեց երրորդ աշխատանքային այցը Բրյուսել, որը տևեց մեկ օր, նա ունեցավ երեք առանցքային հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահի, ԵԺԿ նախագահի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ: Հատկանշական է, որ դրան նախորդել էր Ձեր կուսակցության ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի և Ձեր մի շարք կուսակիցների այցը Բրյուսել: Հետաքրքրական է՝ ինչո՞վ է պայմանավորված հենց այս փուլում այս այցերի հաջորդականությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այցերը հագեցած օրակարգ չունեին:
– Այս այցերի հետ կապված քաղաքական գնահատականը շատ հստակ է: Մեր այցը քաղաքական այց էր, կուսակցական այց էր՝ Սերժ Սարգսյանը՝ որպես ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավար, մշտապես մասնակցել է եվրոպական ամենախոշոր քաղաքական ընտանիքի բոլոր կարևոր հավաքներին և ունեցել է նաև երկկողմանի այցեր: Եթե թույլ տաք հիշեցնեմ՝ այս այցի մասին ես հայտարարել եմ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ զագրեբյան հայտնի, աղմկահարույց ելույթից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ: Ես գնահատականներ տվեցի առ այն, որ այդ գործը, բացի շինծու լինելուց, երկու այլ նպատակ ունի: Նպատակ առաջին՝ զրկել նախկին նախագահին արտասահմանյան այցերի հնարավորությունից, չթույլատրել երկրից բացակայել: Եվ այն ժամանակ նաև ասացի, որ ցանկանում եմ տեսնել, թե քանի գլխանի է այն իշխանությունը, որը թույլ չի տա Սերժ Սարգսյանին իրականացնել իր միջազգային գործունեությունը:
Երկրորդ նպատակը՝ եվրոպական քաղաքական գործիչների մոտ կան մեղադրանքներ, որոնք, անկախ նրանից, թե այդ մեղադրանքները տեղի՞ն են, թե՞ ոչ, կարող են նստվածք թողնել: Կոռուպցիայի մեջ մեղադրել քաղաքական գործչի, երկրի նախկին ղեկավարին՝ նշանակում է՝ ի սկզբանե փորձել այդ մարդուն ռեպուտացիոն հարված հասցնել և թիրախ դարձնել՝ իրենից խուսափելու համար: Մեր այցը ցույց տվեց, որ իշխանությունը չէր կարող մեզ չթողնել մի շարք պատճառներով: Նախևառաջ՝ այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր գնալու Բրյուսել մեզնից երեք օր անց և չէր կարող՝ չթողնելով Սերժ Սարգսյանին, գնալ և սրբի դեմքով իր ժողովրդավարական լոլոները կարդալ:
– Ինչո՞ւ:
– Պատկերացրեք, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին թույլ չտային մեկնել Բրյուսել, ինչ աղմուկ էր բարձրանալու, որովհետև մենք ունեինք նախատեսված մի շարք հանդիպումներ և այդ հանդիպումների իրականացման համար ունեինք երկրորդ սցենար, եթե նախագահին չթողնեն՝ ինչ է լինելու, և այդ սցենարի համապատասխան՝ ես պետք է պատվիրակությունով գնայի և պատմեի, արձանագրեի այն փաստը, որ Սերժ Սարգսյանին թույլ չեն տալիս այս հիմար, շինծու գործի շրջանակում, խոչընդոտում են իր քաղաքական գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը, ըստ իրեն, ընտրեց չարյաց փոքրագույնը՝ թողնելով մեզ գնալ, որովհետև չէր կարող չթողնել, որից հետո փորձեց մեր ետևից, այսպես ասած, ինքն այց անել և իր քաղաքական օրակարգը բրթել:
Մեր գործունեության հետ կապված, իհարկե, խանդի մեծ տեսարան կա, և երբ մեզ այս երկու տարի է՝ «թաղում-թաղում-թաղում» են, և մենք ոչ մի կերպ չենք ուզում թաղվել, քանի որ մեռած չենք, իրենք մեր յուրաքանչյուր գործունեությունից, ներքաղաքական գործունեությունից խրտնում են ու խրտնում են միշտ: Իրենց թվում էր, որ, եթե մենք արտախորհրդարանական կարգավիճակում ենք, խորհրդարանական պատվիրակությունների մեջ չկանք, ուրեմն՝ վերջ, կարելի է խաչ քաշել նաև Հանրապետականի քաղաքական, միջազգային գործունեության վրա, այնինչ կյանքն ապացուցեց, որ առ այսօր էլ, թող անհամեստ չհնչի, Հանրապետականն ամենամիջազգայնացված քաղաքական կուսակցությունն է Հայաստանում՝ անկախ իր արտախորհրդարանական կարգավիճակից:
Մենք այս ընթացքում դարձանք Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության լիիրավ անդամ, մենք բրթեցինք, հեղինակեցինք, ընդունեցինք այդ հեղինակավոր կառույցում Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձև, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին՝ Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի մասին գնահատականներ տվեցինք, այդ թվում՝ ՍԴ-ի վրա հարձակումների, դատական իշխանության վրա հարձակումների վերաբերյալ: Այսինքն՝ մենք ամբողջ ծավալով, ինչպես կասեն այսօրվա երիտասարդ երևանցիները, «ֆուլ» աշխատում ենք: Մենք այդպես ենք աշխատում, և դա, իհարկե, նյարդայնացնում է այս իշխանություններին:
Ես ունեմ հստակ տվյալներ, ոչ միայն տեղեկություններ, ապացույցներ, որ մեր ԱԳՆ-ն տվել է հանձնարարական այն երկրների դեսպաններին, որտեղ մենք աշխատում ենք, գնալ, տեսնել մեր բոլոր գործընկերներին, վարկաբեկել ՀՀԿ-ի նախագահին, ինձ, փորձել հաշիվ պահանջել: Ես ունեմ բազմաթիվ ապացույցներ, որ մի շարք դեսպաններ, թողնելով իրականում քաղաքական ազգային օրակարգը, զբաղված են Նիկոլ Փաշինյանի կապրիզները կատարելով, և դրա արանքում ընկած է Արտաքին գործերի նախարարը, որն ուղիղ իջեցնում է այդ հանձնարարականները:
– Ձեր այցի օրակարգը ո՞րն էր, և եթե Դուք նման տեղեկություններ ունեք, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է անհանգստանում իշխանությունը:
– Մեր այցի օրակարգը շատ պարզ էր, այն բազմաշերտ էր, մի քանի բաղադրիչ ուներ: Իհարկե, առաջինը միջկուսակցական հարաբերությունների բաղադրիչն էր: Ինչպես ասացի, մենք շատ ակտիվ անդամ ենք բոլոր այն կառույցներում, որտեղ ներգրավված ենք: Երկրորդը` կար քաղաքական նպատակ` ցույց տալու, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իր գործընկերների համար մնալ վստահելի գործընկեր Հայաստանում, որ ՀՀԿ-ին չեն մոռացել, ոչ միայն չեն մոռացել, այլև բարձր մակարդակով ընդունում են, և կոտրել այդ դիզելի գործով կեղտը, որ փորձում էին կպցնել նախագահին, մաքրվել այդ կեղտից նաև արտաքին քաղաքական աշխարհում, և մեզ դա հաջողվեց: Մյուս նպատակներից մեկն էր` խոսել տարածաշրջանային և Արցախյան խնդրի մասին, որովհետև, ինչպես գիտեք, միշտ չէ, որ մեր տեսակետները համընկնում են այս իշխանությունների տեսակետների հետ:
Պետք է ասել, որ Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների հետ մեր հանդիպումը, որոնք համապատասխանաբար ԵԽ հիմնական զեկուցողներն են լինելու Հայաստանի և Ադրբեջանի հարցով, շատ մեծ կարևորություն ունի, որովհետև այդ մարդիկ թուղթ գրող, զեկույց, գնահատական պատրաստող մարդիկ են, իհարկե, իրենք չեն ընդունում վերջնական այդ բանաձևերը, բայց իրենք են հեղինակում: Շատ հանգամանալից անդրադարձանք նաև Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, ասացինք այն, ինչի մասին վախենում էր խոսել Նիկոլ Փաշինյանը Մյունխենում և այլուր, որովհետև նա չափից ավելի փափուկ է, ցիվիլ է փորձում ներկայանալ, խորշում է կոշտ գնահատականներից, դա մենք վերցրեցինք մեզ վրա: Եվ վերջին բաղադրիչը Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներն են, հակասահմանադրական հանրաքվեն, ազատությունների սահմանափակումները՝ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող, և այլն:
Այսինքն՝ մենք խոսել ենք և՛ ներքին, և՛ արտաքին, և՛ քաղաքական օրակարգի մասին: Դե պատկերացրեք, որ այդ ամենը մենք ասում ենք Երևանում, նյարդայնացնում է այս իշխանավորներին, երբ դրսում խոսում ենք՝ ինչ է անում. ցնցումների մեջ է գցում պարզապես: Իսկ Նիկոլ Փաշինյանի այցը օրակարգ չուներ, նա գնացել էր մեկ օրվա վոյաժի՝ մի պարզ նպատակով. հանրաքվեից առաջ փորձել «սղցնել» հանրաքվեի գաղափարը Բրյուսելում:
– Վերջերս Մյունխենում կայացավ Փաշինյան-Ալիև փակ հանդիպում, այնուհետև` հանրային քննարկում, Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ազդարարեց մյունխենյան 6 սկզբունքների մասին, Հ1-ին տված հարցազրույցում Ն.Փաշինյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ասել էր, որ մեզ համար կան ոչ թե տարածքներ, այլ անվտանգություն։ Նա ասել էր, որ, եթե Ադրբեջանը անվտանգության ապահովման համապատասխան առաջարկներ ներկայացնի, հայկական կողմը կքննարկի դրանք։ Նա նաև հստակեցրել էր, որ իր մոտեցումը սկզբունքորեն տարբերվում է Սերժ Սարգսյանի մոտեցումից։ Վիճարկելի՞ է այս ձևակերպումը, Դուք ինչպե՞ս եք ընկալում այն:
– Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանը, ինչպես ընդունված է ասել, շատ խորը բոլոլա է սարքել: Իր մեծամտությունը բերեց նրան, որ նա 1,5-2 տարի դեգերեց, փորձեց ինչ-որ բանաձևեր գտնել, որ ինքն իր կետից է շարունակում, Սերժ Սարգսյանի կետից չի շարունակում, և այլն, բայց հենց նեղն է ընկնում՝ տարբեր միջազգային փաստաթղթերով, և այլն, բռնվում է Ս. Սարգսյանի թողած ժառանգությունից՝ որպես փրկօղակ: Հիշեցնեմ, Բրատիսլավա, ԵԱՀԿ Նախարարական գագաթաժողով…
– Նկատի ունեք Մնացականյանի ելույթը:
– Այո, նկատի ունեմ Մնացականյանի ելույթը, որտեղ ոչ մի բան Նիկոլից չկար: Միայն այն, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, դա էր Նիկոլից, մնացածը Սերժից էր, մենք ենք թողել: Իր տեքստից ինձ հետ խոսում էր Նալբանդյանը՝ բացառությամբ այդ անհեթեթությունից, որ Նիկոլն է թողել: Բա եթե Սերժի կետից չեք շարունակում, բա խի՞ եք մեր թողած բանակցային ժառանգությունից պարբերաբար բռնվում, որ չսկեք և չսկցնեք երկիրը: Դուք սկում եք… գոնե երկիրը չսկցնեք: Սա այն հարցը չի, որտեղ Դուք կարող եք սկեք, մենք՝ ոչ, մենք միասին ենք սկելու:
Ի՞նչ Մյունխենյան սկզբունքներ, երբվանի՞ց են Նիկոլ Փաշինյանի ստատուսները դարձել բանակցային բովանդակություն: Ես կուզենամ այդպես լինի, նա գրի գեղեցիկ շարադրություններ, դա դառնա բանակցային բովանդակություն: Որպես պոտենցիալ Պողոս՝ հայրենասիրական նկրտումներով առաջնորդվող, համաձայն եմ, կարդա այդ լոլոն իմ գլխին, բայց հասի նրան, որ դա դառնա բանակցային բովանդակություն: Ի՞նչ բովանդակություն ստատուսներին, իրենք որտե՞ղ են այդ մասին խոսել: Բորելն ի՞նչ էր գրել՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեություն և այլն: Ի՞նչ Մյունխենյան սկզբունքներ, Դուք Ձեր շարադրությունները ծախում եք իմ ժողովրդի վրա, խաբում եք այս մարդկանց, ինչպես ներկայումս հանրաքվեով եք խաբում: Ամեն ինչով խաբում եք, Ղարաբաղով՝ առավել ևս կարող եք խաբել, մարդիկ խորացած չեն, մարդիկ տեղյակ չեն ու պարտավոր չեն, իրենք քաղաքական վերնախավ են ընտրել, որ Դուք աշխատեք, ոչ թե գնաք անիմաստ «բոքսյորսկի ռաունդներին»՝ բոլորիս փոխարեն մեծ-մեծ փրթեք, մեղմ ասած, լավ չխոսեք ու հետո գաք շարադրություններ գրեք:
Զոհրաբ Մնացականյանի կարծիքը հիշո՞ւմ եք սրա հետ կապված: Կրկին սկսեց մաքրել Նիկոլ Փաշինյանի ետևից, ասաց՝ ոչ, դրանք նոր սկզբունքներ չեն, դրանք գալիս են ի լրումն: Հիմա, տղերք, որոշեք: Նիկոլ Փաշինյան, դու ասում ես, որ սա նոր բանակցություն է, նոր բովանդակություն է, արտգործնախարարդ, հասկանալով, որ դու, մեղմ ասած, անհեթեթություն ես խոսում, փորձում է սվաղել, ասում է՝ չէ, սա ընդամենն ի լրումն է: Թող դառնա դա բանակցություն, չուզողը ես լինեմ, բայց մի խաբի այս մարդկանց: Ապացուցի, որ առնվազն ՄԽ համանախագահները քո առաջարկներն ընդունել են՝ որպես հիմք: Թե չէ՝ Դուք գնում եք, մեծ-մեծ խոսում եք, ժողովրդին խաբում եք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցով, հետո գալիս եք այստեղ, ասում եք, որ դուք նոր բան եք արել: Ի՞նչ եք արել, տղերք, ո՞վ է միջազգային գործընկերներից Մյունխենյան սկզբունքներ օգտագործել՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիա՞ն, ո՞վ, ինչքա՞ն կարելի է: Սա էլ ծաղիկներ բաժանելը չէ, բուկլետ բաժանելը չէ, տղերք, էս ի՞նչ եք արել Դուք: Ես ինձ այնքան մեղավոր եմ զգում:
– Ինչո՞ւ, պարոն Աշոտյան:
– Մեղավոր եմ զգում, որ մարդկանց սրտերը կորցրեցինք, իրենք սիրահարվեցին ուրիշներին, և այս ուրիշները խաբում են այս մարդկանց, ֆռռում են այս մարդկանց վրա, ես ինձ մեղավոր եմ զգում հատկապես այս հարցերով՝ Ղարաբաղ, արտաքին քաղաքականություն, անվտանգություն: Ինքս ինձ ուտում եմ, որ ոնց անեմ, որ եթե դեռ կան մարդիկ, որ ինձ չեն սիրում, մեզ չեն սիրում, գոնե հասկանան, որ նման հարցերով սիրել-չսիրելը երկրորդական է, գնացեք՝ իրենց սիրեք, բայց իրենցից աշխատանք պահանջեք, իրենցից ապագա պահանջեք, և ոչ թե՝ կռիվ, իրենցից պահանջեք ապագա, և ոչ թե՝ անցյալի հետ կռիվ, իրենցից Ձեր երեխաների ու թոռների համար ճամփա պահանջեք, ոչ թե՝ բարիկադներ: Այ, այս ամենը չեմ ներում:
– Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասել էր. «Մենք 100 մետր այս կողմ, 100 մետր այն կողմ հողի տրամաբանությամբ չենք բանակցում, այլ բանակցում ենք անվտանգության տրամաբանությամբ»: Նա վստահեցնում է, որ այս բանակցությունների ընթացքում տարածքներ հասկացություն չկա: Դուք նշում եք, որ իշխանությունը խաբում է, հասկանալի՞ է Ձեզ համար, թե ինչի շուրջ են տեղի ունենում այժմ բանակցությունները:
– Իմ ունեցած տեղեկություններով և վերլուծություններով՝ քննարկվում է, այնուհանդերձ, Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակած փաթեթը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ձգտում է որոշակի փոփոխություններ անել, բայց որի՞ շրջանակներում: Այն մարտավարությամբ, որն ինքն ընտրել է, մենք կորցրինք Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև, փոխարենը՝ ստացանք վերելակային Դուշանբե, այն մարտավարությունը, որի պատճառով ինքնորոշման իրավունքի հիշատակումը ստորադասվեց խնդրի արդար կարգավորման ձևակերպումներին: Այն ամենը, ինչ մենք թողել ենք՝ որպես դիվանագիտական ձեռքբերում, ինքը մսխել է, և միջազգային գործընկերների մոտ Հայաստանին միշտ հաջողվում էր մի կողմից՝ իր տեսակետը հայտնել, մյուս կողմից՝ պինդ լինել և չդիտվել՝ որպես ապակառուցողական կողմ: Հիմա մենք այս խաղը կորցրել ենք:
Մանրամասները՝ տեսանյութում