«Այսպես շարունակվելու դեպքում կվերցնեն Ղարաբաղը, ու հետո կհարձակվեն Հայաստանի վրա». Հրանտ Բագրատյան
168.am-ում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Հրանտ Բագրատյանն էր:
– 2019թ տնտեսական արդյունքների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք փայլուն են: Իսկապե՞ս դրանք փայլուն են: Գերմանիայում վերջերս տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ Փաշինյանի մեկ այլ տեսակետ ներկայացնեմ: Հայ-գերմանական հարաբերություններից խոսելիս՝ նա ներկայացրեց Հայաստանի տնտեսության նվաճումները, ասաց, որ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստանի վարկանիշը Fitch և Moody՛s վարկանիշավորման աղյուսակով բարձրացել է, որ եվրոբոնդերի թողարկումը 2019-ին աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 միլիոն դոլարի վերադարձ է եղել, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյա: Փաշինյանը նաև ասել է, որ 1.5 տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան մեկ միլիարդ դոլարով:
– Ես պիտի հիմա մեկնաբանեմ Փաշինյանի ասա՞ծը, թե՞ իրական պատկերը… Ուրեմն 2019թ. տնտեսությունը աճել է 4 տոկոս, Փաշինյանը կարգադրել է, որ գրեն 8 տոկոս։
Երկրի բյուջեն 1 տրիլիոն 260 միլիարդից դարձել է 1 տրիլիոն 559 միլիարդ, այսինքն՝ երկրի բյուջեն ավելացել է 320 միլիարդ դրամով, այսինքն՝ 600 միլիոն դոլարով, միլիարդ չկա: Ընդհանրապես, երբ ամեն անգամ Փաշինյանը որևէ բան է ասում, հետևից նայում ես, տեսնում ես՝ սուտ է։ Ասում էր՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել ենք Վրաստանին, հետո պարզվեց՝ սուտ է պարզապես, ընդհակառակը, 2017թ. ավելի քիչ էր տարբերությունը Վրաստանի հետ, քան 2018-ին։ 2019թ. դեռ չեն հրապարակել: Եվրոբոնդերի թողարկումը… Տոկոսը մի քիչ իջել է, բայց մյուսների տոկոսն ավելի շատ է իջել: Եվրոն զրո է դարձել: Եվրոն այսօր շվեյցարական բանկերը տրամադրում են 0 տոկոսադրույքով: 2 տարի առաջ դա այդպես չէր: Ինչո՞ւ է դա այդպես աշխարհում, որովհետև Եվրոպան ասում է՝ ուզում եմ՝ իմ արժույթը լավը լինի, շատ եմ տպում, եկեք-վերցրեք։ Վերագրել դա Հայաստանի հաջողությանը՝ սխալ է, չկան այդպիսիք:
Երրորդը՝ Moody’s-ի կարծիքն ինձ համար գրոշի արժեք ունի, որովհետև դրանք այնպիսի իրականում հետախուզական գործակալություններ են, փող են վերցնում վարկանշելու համար… Աշխարհը գնում է առաջ, բանկային համակարգերը կատարելագործվել են, մի «չըրթ» բարձրացրել է Moody’s-ը, հետո՞ ինչ։
Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում մեդալի հակառակ կողմը․ 2 տարում երկրում հանցագործություններն ավելացել են 32․7 տոկոսով՝ 20․000-ից դարձել է 27․000, 2 տարում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 160-ից դարձել է 284, ծնված երեխաների թիվը 38․000-ից իջել է 36 հազար: Ինչո՞ւ չի խոսում սրանց մասին: Վերջին տարում նույնիսկ իրական պաշտոնական վիճակագրությամբ իրական եկամուտների աճը կազմում է 1,8 տոկոս: Երկու տարում գուցե 3 տոկոս կազմի: Այսինքն՝ անցյալ տարում 5,9 տոկոս միջինում աճել է աշխատավարձը, 1,4 տոկոս՝ գները, 5.8-4.5, դրանից հանում ենք նաև 2,5 տոկոս կենսաթոշակայինը, որը եկամուտ համարել չի կարելի, ստանում ենք 2 տոկոս: Այս պայմաններում նստել և գլուխ գովել… Երկու տարում տնտեսության կառուցվածքի մեջ շեշտակիորեն բարձրացել են ծառայությունների՝ վիճակախաղերի, ավտոմեքենա ներկրելու, կեղծ կոնյակ արտահանելու, ռեէքսպորտ անելու տարբեր միտումներ, որոնք իրադարձություններ են, տնտեսական խուլիգանություններ, որոնք նախկինում արվում էր երբեմն, իսկ հիմա դարձել է համակարգային։ Մենք խաբում և գցում ենք մեր գործընկերներին, որոնց հետ մենք ներմուծում-արտահանում ենք անում: Սա էլ պիտի ասվի:
Ես, օրինակ, ընդունում եմ, որ 2018թ. ունեցել ենք 3.5 տոկոս տնտեսական աճ, գրված է՝ 5.2, երկրորդ տարում՝ 4 տոկոս: Ես դա ընդհանուր առմամբ դրական եմ համարում, չնայած զգուշացում եմ կառավարությանը, որ՝ ձեր աճի կառուցվածքը վատն է։ Ձեր աճը հիմնականում ծառայություններն են, վիճակախաղերը՝ «Վիվառո» և այլն, մեքենաների ներմուծումները և հանքագործությունը: Փաշինյանը, ով իշխանության եկել էր՝ կարգավորելու հանքարդյունաբերությունը, միայն անցյալ տարի տվել է 24 տոկոս աճ՝ այդքան ավել մետաղ է արդյունահանվել։ Ասում էր՝ եկել եմ կարգավորեմ հանքարդյունաբերությունը: Նախկինում թալան էր, և այլն: Դե, եթե նախկինում թալան էր, ապա հիմա էսօրվա թալանը 24 տոկոսով ավելի է, այսինքն՝ նախկինի 100 տոկոսին գումարած ևս 24 տոկոս: Այսինքն՝ ոչ մի բան չի փոխվել։ Սեփականատեր չի փոխվել, մեխանիզմ չի փոխվել, պետությունն ավել փող չի ստանում:
IT (Տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտը զարգացնելուց հետո դրա կշիռը տնտեսությունում չի աճել, դեռ մի քիչ էլ իջել է։ Իհարկե, այսօր ավելի շատ IT կա, քան երկու տարի առաջ: Աշխարհում էլ է այդպես, 3 անգամ ավելի շատ կա: Բայց վերցրեք մի հասարակ բան: Եթե մենք մեկ շնչին ընկնող համաշխարհային ՀՆԱ-ին, չեմ ասում՝ զարգացած երկրներին, միջինին, զիջում ենք 3 անգամ, եթե, օրինակ, աշխարհում արևային և քամու էներգիան 5-10 տոկոս է, անցյալ տարի մենք արտադրել ենք 16 միլիոն կիլովատտ 7 միլիարդ կիլովատտից: Էդտեղ մենք հետ ենք 80 անգամ: Ամեն տեղ չէ, որ այդպես վատ է: IT-ի մեջ, օրինակ, ինտերնետ կապերով և այլ բաներով համաշխարհային միջինից մենք հետ ենք 3 անգամ: Այսինքն՝ 2 տարում տնտեսության մեջ չի առաջարկվել որևէ լուրջ ռեֆորմ։ Չունենք բարելավում կառուցվածքի: Ինձ համար կառուցվածքն է հետաքրքիր: Եվ այդ նույն բյուջեն, երբ որ ինքն ասում է՝ 1 միլիարդ դոլար, իրականում ավելացել է 600 միլիոնով:
Դրանից էլ հանենք այն, որ մենք, շահարկելով ԵՏՄ օրենքները, 220 միլիոն դոլար ձախ եկամուտ ենք ստացել ավտոմեքենաների ներկրումից: Մենք բերել ենք մենքենաներ ու ծախել ենք ղազախներին, որի իրավունքը չունեինք: Ղազախները կարող են պահանջել այն որպես պետական պարտք ձևակերպել։ Բայց դրա վտանգն այն է, որ մյուս տարի դա չի կրկնվելու, և մարդիկ, որոնք իրենց համար զբաղմունք, ժամանակավոր աշխատանք էին գտել, հանկարծ պարզվում է՝ այն չունեն։ Գյումրիում, որ վարչապետը տաքացավ, էմոցիաների մեջ ասաց՝ մաքսատուն կառուցել, հիմա այդ մաքսատունն անգործ է։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի Գյումրիում մաքսատուն լինի: Հիմա թող վարչապետն իր ասած միլիարդ դոլարից հանի այն ավելորդ ծախսերը, որ արել է Գյումրիում:
«Բյուջեում չեմ տեսել Փաշինյանի ասած՝ այդ վերադարձրած 105 միլիոն դոլարը»
– Մի ճշտում. Փաշինյանի կողմից անընդհատ ասվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում 105 միլիոնի վերադարձ է եղել: Այդ գումարները երևո՞ւմ են պետբյուջեում:
– Ես բյուջեում չեմ տեսել այդ 105 միլիոնը: Բյուջեում այդ տողը չի երևում: Վարչապետը միշտ այդ հարցերը բլեֆ է անում: Եթե խոսքն ընդհանրապես բյուջե 105 միլիոն վերադարձի մասին է, ապա ինքը պիտի ասի՝ դա ի՞նչ 105 միլիոն է, դա ի՞նչ կոռուպցիա է: Միշտ էլ տարիների ընթացքում կոռուպցիա կա, և բացահայտումներ եղել են: Օրինակ, Վանաձորի առողջապահության բաժնում խախտում են հայտնաբերել, հայտարարվել է՝ վերականգնել են էսքան միջոց: Այսօր ինձ հայտնի չէ որևէ օլիգարխ, որևէ դեպք, երբ որ իրենք քննարկել են, դատել են ու բերել են բյուջե 1 դոլար փող թեկուզ: Խախտումներ, վերականգնումներ միշտ էլ լինում են: Եթե իրենք այս քայլերը համարում են փող տալ, սա միշտ է եղել: Վարչապետը պետք է ասի՝ եթե 1.5 տարում 100 միլիոն եղել է, բա նախորդ տարիների՞ն որքան է եղել:
– Դե, երևի նկատի ունի, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարից ինչ-որ գումար բռնագանձվեց, կամ Գագիկ Խաչատրյանից, կամ Սաշիկ Սարգսյանից, չգիտեմ…
– Այդ մարդկանցից, եթե գումար էլ բռնագանձվել է, ապա նախ դա օրինական չի եղել, և ավելին՝ վաղը-մյուս օրը հետ ենք տալու այդ փողերը: Երկրորդ՝ ոչ մի դրամ ինձ հայտնի չէ, որ բյուջե է մտել: Ես չեմ կարող խոսել բյուջեում չեղած միջոցների մասին: Բյուջեում կա «Այլ եկամուտներ» տողը, բայց դա չնչին գումար է:
«Այսօրվա իշխանությունները սկսել են ինտենսիվ փող աշխատել»
– Արդյո՞ք հանրաքվեի առաջին նպատակը Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելը չէ: Կամ հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որ կարող է մտնել Սահմանադրական դատարան (ՍԴ): 2019թ. դեկտեմբերի 12-ին Կառավարությունը հաստատեց օրենքի նախագիծը: Որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձման ենթակա լինի, դրա արժեքը պետք է գերազանցի 25 միլիոն դրամը: Սա իրենից վտանգ չի՞ ներկայացնում, երբ որևէ իշխանություն կարող է սկսել ուսումնասիրել ծագումը, գույքի օրինականությունը: Քաղաքական որոշման հետևանք կլինի՞ իրենց որոշումը, թե՞ իսկապես արդար դատավարության հետևանք կլինի: Պետության մեջ սա խնդիրներ չի՞ առաջացնելու:
– Առաջացնելու է, իհարկե: Դա արվում է, որպեսզի հարստությունը մարդկանց մի խմբից քաշեն իրենց կողմ: Այսօրվա իշխանությունները սկսել են ինտենսիվ փող աշխատել: Ի՞նչն է անընդունելի այդ ամենի մեջ: Չգիտեմ՝ այդ օրենքն ինչպե՞ս կընդունվի: Անձամբ ես կարծում եմ, որ ՍԴ-ի հետ կապված առաջիկա հանրաքվեն կապված է ավելի շատ Ղարաբաղի հետ: Բայց օրենքի նախագծի այն տարբերակը, որ կառավարությունում է քննարկվում, իհարկե, հակասում է Սահմանադրությանը: Երբ ժամանակին ես պայքարում էի այս Սահմանադրության դեմ՝ «ոչ» ասելով, Փաշինյանը հայտարարում էր, որ դա իրենց օրակարգերի հետ չի բռնում: Հիմա, երբ իրեն պետք է իշխանություն իրականացնել, ինքը դատարան չի գնացել ու չի բռնագանձել և ոչ մի դրամ, ոչ մեկից: Ինքն ուզում է ասել՝ ունե՞ս դու այս 2 բաժակը, ապացուցիր, որ դա իրավական է: Ըստ Սահմանադրության և բոլոր տեսակի իրավական նորմերի՝ մարդը չպիտի ապացուցի, որ ինքն անմեղ է:
Դու պիտի կոնկրետ հանցանք հարուցես մարդու նկատմամբ: Էդ դեպքում ինքը դատական համակարգը թողնում է մի կողմ, ո՞ր մեկին է փոխել, ի դեպ: Բայց դատական համակարգը միայն ՍԴ-ն չէ, ինչքան քյարթու, կաշառակեր կա, տարան-լցրեցին ԲԴԽ: Կամ հո քննիչներին չե՞ն փոխել, լավ էլ ինչ ուզես՝ անում են։ Ես մի առիթով Քննչական կոմիտեն անվանել էի ինկվիզիցիոն շտաբ: …Սահմանադրությունն ասում է, որ մարդը պարտավոր չի ապացուցել իր անմեղությունը, պետությունը պետք է ապացուցի նրա մեղավորությունը: Մենք ֆունդամենտալ փոխում ենք Սահմանադրության սկզբունքները քեռու եզան գյուղից բերած հասկացություններով ու պատկերացումներով: Ես կատարելապես վստահ եմ, որ որևէ կոռուպցիոն դեպք չի բացահայտվելու:
Անընդհատ ժողովուրդը կերակրվելու է այսպիսի մինի ռեֆորմներով, որոնք, ի վերջո, սին են դուրս գալու։ Գալու է մի պահ, որ ժողովուրդն ասի՝ իզուր ժամանակ կորցրինք այս մարդկանց հետ, որովհետև նրանք զբաղված չեն պետության ռեալ խնդիրներով: Պետությունը ռեալ խնդիր ունի: Վաղը մենք պատերազմ ունենք, որ չգիտենք՝ ինչ ենք անելու:
– Վերադառնալով օրենքի այս նախագծին, որը կառավարությունն ընդունեց, ընդ որում, նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը, և առաջարկներ էին ներկայացրել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»՝ Սորոսի հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Հիմա ստացվում է, որ բռնի կերպով, առանց վճռի՝ մարդուց վերցնելու են իր գույքը, դա պետության համար խնդիր չի՞ լինելու:
– Էդ նույն մարդկանց վաճառելու են, իրենք այդ գնի տարբերության մեջ փող են աշխատելու: Իշխանությունն իր կոռուպցիոն բազան է ընդլայնում: Ամեն օր ընդլայնվում է այդ բազան: Այսօրվա իշխանավորները, հեղափոխության ծնունդները մտնում են բիզնեսի մեջ:
– Հիմա այդ մարդիկ կամ նրանց ժառանգները չե՞ն սպասելու հարմար քաղաքական պահի, որպեսզի ետ ստանան, փաստորեն, ճնշման տակ, ըստ էության` բռնի կերպով, առանց դատարանի վճռի՝ իրենցից օտարված (կամ իբր` իրենց կողմից պետությանը նվիրաբերած) գույքը, և մի բան էլ ավելին: Պետությունն ի՞նչ է անելու:
– Պիտի ծախի նորից: Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանն ունակ չէ զբաղվելու լուրջ գործով՝ իրականում բյուջե ավելացնելով, տնտեսական զարգացումով: Դրանք պետք է այսպիսով երկիրը պահեն: Թամաշա պիտի դառնա էս երկիրն առանց զարգացման: Անընդհատ ասում են ՝ երկիրը թալանել են. դե արի ու մի ասա, մի երկու մարդիկ էլ որ չլինեին, չաշխատեին, էս երկիրն ընդհանրապես չէր լինի: Էս մարդիկ ընդունակ չեն նստեն, երկրի կառավարական, կառուցվածքային որոշումներ ընդունեն: Պրոֆեսիոնալ մակարդակը չի հերիքում, կրթական մակարդակը չի հերիքում: Սրանք լուրջ խնդիրներ են պետության համար: …Եթե գնանք այդ ճանապարհով, մեր երկիրը կքանդվի: Ես ոչ մի լավ բան չեմ սպասում:
«Վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, բայց զարգացնում է, խորացնում է չտեսնված ինստիտուցիոնալ կոռուպցիա»
– Մի առիթով Դուք ասել էիք, որ պրոգրեսի բացակայությունը փաստում է տնտեսության ճահճացումը, խոսելով հեղափոխական մոդելի մասին՝ ասել էիք, որ ընդհանրապես դրա մասին խոսք լինել չի կարող, և համեմատել էիք մակրոտնտեսական թվերի հակասությունները: Հիմա ինչպիսի՞ն է պատկերը:
– Իրոք, ես ընդունում եմ, որ տարեվերջին տնտեսական աճը մի քիչ բարձրացավ՝ հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, և կազմեց 4 տոկոս: Դե, իրենք կգրեն 8 տոկոս. ո՞նց կարող է տնտեսությունն աճի 8 տոկոս, բեռնաշրջանառությունը երկու անգամ նվազի: Կամ տնտեսությունն աճում է 8 տոկոս, մարդկանց թիվը շարունակում է նվազել, 7000 մարդ պակաս է, և քիչ են ծնվում արդեն, ո՞նց կարող է լինել, որ ուտող բերանը քիչ է, տնտեսությունն աճել է 8 տոկոս, խնայողություններ չկան: Այդ դեպքում ինչո՞ւ ժողովուրդը 6-7 տոկոսով լավ չի ապրում, ինչո՞ւ թոշակները կարողացան բարձրացնել միայն 2020-ի հունվարից սկսած։
Այո, բյուջեի եկամուտներն աճել են 218 միլիարդ դրամով, բայց եկեք դրանից հանենք ավտոմեքենաներից ստացված եկամուտները, որոնք այս տարի չեն լինելու, իսկ դրանք 100 միլիարդից ավելի են։ Ո՞ւր է ձեր աճը. եթե 8․2 տոկոս աճ ունեք, ավելացնենք 1․4 տոկոս գնաճը, արեց 9,6 տոկոս: Ունենք հարկային օրենսդրության փոփոխություն, որը նույնպես հավելաճ է բերել, ապա պետք է ձեր բյուջեն նախորդից ավել լիներ 140-150 մլրդ դրամով, բայց այդպես չի: Բյուջեում 30-35 միլիարդ չի հերիքում: Եվ հետո՝ բլեֆներ, բլեֆներ: Բոլոր աճերը, չգիտես ինչու, վերաբերում են ծառայությունների ոլորտին, որտեղ վիճակախաղերն են առաջ ընկած, հանքարդյունաբերությանը, մետաղական հանածոների աճը կազմել է 23․9 տոկոս:
Մենք մետաղը չենք վերամշակում, բայց ունենք 12 տոկոս արտահանում, ես վախենում եմ, որ արդյունահանված, չիրացված հումքը մտցված է՝ որպես արտադրանք։ 40 տոկոսից ավելի աճել է կոնյակի արտադրությունը, 43.5 միլիոն լիտր կոնյակ ենք արտադրել, 12 մլն 700 000լ էլ՝ գինի: Մեկ լիտր կոնյակ արտադրելու համար մեզ պետք է 5.7 կգ խաղող: Ունենք խաղողի ավելի քիչ արտադրություն, քան անհրաժեշտ է կոնյակի, գինու արտադրության համար։ Վարչապետը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, բայց զարգացնում է, խորացնում է չտեսնված ինստիտուցիոնալ կոռուպցիա: Ինչպե՞ս, գործարանը գնում է 1000 տոննա խաղող, գրում է 10․000 տոննա, գնում է 500 տոննա պոմիդոր, գրում՝ 15․000 տոննա, բարձրացնում է ինքնարժեքը, հարկ չի տալիս: Սա գիտի վարչապետը։ Ժողովուրդը թող ինքը հասկանա: Անընդհատ ժողովրդին ասվում է, որ եղել է թալան: Իհարկե, նախկինում եղել է թալան, որի մասին ավելի խիստ, քան Նիկոլ Փաշինյանը, ինքս էի խոսում, բայց հիմա անընդհատ ասվում է՝ լսեք, ժողովուրդ, չեք ուզում նախկինները հետ գան, ուրեմն մենք ինչ անում ենք՝ հաշտվեք: Կարծես երիտասարդ ժամանակ մեկը մեզ նեղացրել է, և մենք բոլորից վրեժ ենք լուծում… Ուրիշ հարց չկա: Մեծահոգություն, մտածելու վսեմություն չկա: Պետության կառավարիչը չի կարող օրակարգում խելացի բաներ չդնել:
Երբ վարչապետն ասում է՝ 10 միլիոն ծառ պետք է տնկել, նա պետք է առնվազն պատկերացնի՝ դա ինչ է։ Իմ հաշվարկով՝ Հայաստանում առավելագույնը կա 160 միլիոն ծառ, 10 միլիոն ծառ տնկելու համար 20-22 հա հող է պետք․ դեռ 3 տարում 1 միլիոն ծառ տնկիր, հետո գլուխ կգովես։
Չունենալով համապատասխան պատրաստվածություն, ունենալով իմպուլսիվ, էմոցիոնալ բնավորություն, չխորհրդակցելով համապատասխան մասնագետների հետ, րոպեն մեկ Ֆեյսբուքով լայվ մտնելով կամ ստատուսներ գրելով՝ ամբողջ այս դաշտը խառնվել է:
2019-ի առաջին եռամսյակում ցույց են տալիս, թե ունենք մոտ 260-270 հազար գործազուրկ, հետո դրանք 50 հազարով պակասում են, և չի բացատրվում, թե 1 ամսում ինչ աշխատատեղեր ստեղծվեցին։ Ես ենթադրում եմ, որ դրանք մեքենա ներմուծողներն են, որոնք հարկ են վճարում պետությանը: Իրավիճակը ցավալի է և անհուսալի:
– Փաշինյանն ամեն ինչից խոսում է, բայց չի խոսում այն մասին, որ կյանքը Հայաստանում թանկացել է: Խոսքը գնաճի պաշտոնական ցուցանիշի մասին չէ, քանի որ դրանով չի որոշվում կյանքի թանկացումը: Կարո՞ղ եք ասել՝ քանի՞ անգամ, որքանո՞վ է թանկացել:
– Չեմ կարող ասել՝ գնաճի չափը որքան է, դրա համար անհրաժեշտ է ունենալ հատուկ ծառայություն. պաշտոնապես ասվում է՝ 1․5 տոկոս, բայց արդյո՞ք դա ճիշտ թիվ է, և ինչպե՞ս են այն հաշվում։ Այդ հաշվարկի մեջ ներառվում է մոտ 100 ապրանք և ծառայություն, և այստեղ խնդիր կա: Մենք վերացած ծառայությունները պահում ենք՝ համարելով, որ դրանք կան։ Ճիշտ գնաճ հաշվարկելու համար աշխարհում չի լուծվել հետևյալ հարցը․ ինչպես հանել հին ծառայությունները և ընդգրկել նորերը։ Ենթադրենք՝ սմարթֆոնների ամեն նոր մոդելն ավելի թանկ արժե, թողնելով հին մոդելները, հին ապրանքներն ու ծառայությունները՝ կարելի է ասել գնաճի բավական ցածր ցուցանիշ։ Կարծում եմ, մեր Վիճակագրական կոմիտեն շռայլորեն օգտվում է այդ հնարավորությունից:
Ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում
– Տնտեսագետներից մեկն այսօր ասուլիսում հայտարարել է, որ՝ ևս 3-4 տարի ներդրումներ չսպասեք, որովհետև դատարանները վատն են:
– Ի՞նչ ասեմ: Թող գնա ուրիշ երկրում ապրի, որտեղ դատարանները լավն են,և մեր երկրում այդպիսի բաներ չհայտարարի այդ մարդը…
– Թույլ տվեք ասել, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն է այս կարծիքն այսօր ասուլիսում արտահայտել, խոսել ներդրումների մասին:
– Ցավում եմ, որովհետև երկիրը չի կարող ներդրումներ չունենալ: Ներդրումն օդն է տնտեսության: Մարդն ասում է՝ 3-4 տարի թող օդ չլինի, հետո կարող է լինել, կարող է՝ չէ: Սա շատ ցավալի է:
– Ինչո՞ւ ներդրումներ չեն լինում:
– Ինչո՞ւ պիտի լինեն:
– Օրինակ՝ եթե Դուք լինեիք օտարերկրացի ներդրող, գործարար, Հայաստանում ներդրում կանեի՞ք:
– Ո՛չ: Նույն դատական օրենքը, որ նշեցիք, նույնիսկ խոսակցությունը դրա մասին հերիք է, որ ես փող չբերեմ։ Ներդրողին չես կարող ասել՝ ես որոշել եմ, որ քո ունեցվածքը սխալ է, պիտի վերցնեմ։ Երկրորդ, այս երկրում որոշված չէ, թե ինչ է ներդրումը։ Այսինքն՝ պաշտպանելով ներդրումը՝ պետությունն ի՞նչն է պաշտպանում, եթե չի որոշել՝ դա ինչ է: Երրորդը. սա ի՞նչ երկիր է, որ ես ներդրում անեմ․ անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել, անհիմն մարդկանց ձերբակալել: Մարդկանց չեն էլ ասում՝ ինչի համար են ձերբակալում: Կամ այդ արտահայտությունները՝ ուղղված բիզնեսին, որ ասում են՝ կգնանք, մեկին թափ կտանք, 20 միլիոն վրայից կթափվի։
Անընդհատ ասում են՝ թալանեցին, հլա մի հատ կոնկրետ ասեք, կոնկրետ դատեք էդ մարդուն: Այս ի՞նչ խոսելու տոնայնություն է, մարդ կա՝ կյանքը, առողջությունն է դրել այս ամենի մեջ, մարդ կա, եթե չլիներ կառավարության էդ շենքում, այսօր Հայաստանը չէր լինելու:
Ես, օրինակ, հրաժարվել եմ ներդրողներ բերել Հայաստան, ես հիմա էլ եմ ներդրողներ տանում այլ երկրներ: Բերեմ, ի՞նչ անեմ: Ես չգիտեմ՝ այդ մարդկանց կարո՞ղ են պաշտպանել, թե՞ ոչ: Կամ, եթե ես ուզում եմ 100 հազար դոլար ներդնեմ. Ասեք՝ ինչպե՞ս անեմ: Ներդրման համար չկա արժեթղթերի բորսա: Կենտրոնական բանկին (ԿԲ) են վստահում, որը ոչինչ չարեց։ Որպեսզի ես ներդրում անեմ, պետք է գտնեմ մեկին, գրասենյակ բացեմ, աշխատավարձ տամ, իսկ ես ուզում եմ մտնել, 5 րոպեում ներդրումն անել, դուրս գալ։ Իսկ ի՞նչ է արել կառավարությունը: Ոչի՛նչ: Իսկ դա մեկ ժամվա լուծելու հարց է: Չեմ կարող ասել մի հարց, որ այս 2 տարում ներդրողի համար լուծել են: Ես սկզբում ուզում էի օգնել Փաշինյանի կառավարությանը, մտածում էի, որ կարող է ուզենա երկրում լավ բան անել, բայց չէ, այդպիսի բան չկա:
– Իսկ սփյուռքահայերը հանուն հայրենիքի, հանուն հեղափոխության՝ չե՞ն գա ներդրում անեն:
– Դե թող Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը գան ներդրում անեն և այստեղ երկու օր ապրեն: Խոսում էր… Ի դեպ, նա շատ հետաքրքիր, օրիգինալ տղա է: Ես հիշում եմ, որ 2015թ. եկել, նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանին էր պաշտպանում: Ինքը խորը գիտեր բոլորի ծրագիրը: Սրանք կիսասորոսական մոտեցումներ ունեցող մարդիկ են: Տնտեսության միակ հույսը դրսի ներդրումներն են, որոնք չկան ու չեն լինելու:
– Իսկ ներսի՞ ներդրումները: Ամեն քայլափոխի գրված է, որ փակվում է, կամ լիկվիդացիոն գներ, տարածքը վարձով է տրվում…
– Մենք չենք ստանում ճիշտ թվեր, թե քանի հիմնարկ է աշխատում։ Ազգային վիճակագրական կոմիտեն (ԱՎԿ) հրապարակում է դրանց փոփոխությունը, երբեմն նաև՝ ուղղությունը։ Մենք ասում ենք, որ օտարերկրյա ներդրումներն առավելություն ունեն ազգայինի նկատմամբ․ դա կատարյալ հիմարություն է։ Մենք մաքուր ներդրումներ արտահանող երկիր ենք։ Երբ ԱՎԿ-ն հրապարակում է Ազգային հաշիվները, ապա դրանց մեջ կարելի է տեսնել արտասահմանյան փոխանցումները, ըստ որոնց՝ մոտ 2 միլիարդ դրամի տրանսֆերտ գալիս է երկիր, բայց 1,6 միլիարդ դուրս է գալիս։ Հայաստանը ներդրում արտահանող երկիր է, ինչը լուրջ խնդիր է: Եթե այս թվերից վարչապետը Գերմանիայում խոսեր և այստեղ մեզ հետ անկեղծորեն խոսեր, ես կհամարեի, որ գործ ունենք դրական փոփոխություններ ցանկացող մարդու հետ։ Երբեմն մտածում եմ՝ գուցե այս բոլորը չգիտի, հետո հասկանում եմ, որ իրականում փորձ է արվում դեմագոգիկ արժեքները ներկայացնել՝ որպես իրականություն:
Սահմանադրական դատարանը որևէ կապ չունի երկրում ներդրումներ կատարելու, տնտեսության զարգացման հետ
– Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը տանում է նախկինների դեմ պայքարի մոտիվով, որ «Այո» ասելով՝ դուք նախկիններին եք մերժում: «Այո»-ի որոշ քարոզիչներ էլ ասում են, որ ՍԴ-ի կազմը որ փոխվի, դատական համակարգը կբարելավվի, ու ներդրումների մեծ հոսք կլինի: Ինչքանո՞վ եք այս տեսակետները կիսում:
– Այդ երևույթներն իրար հետ բացարձակ կապ չունեն: Ներդրումների մասին օրենքներ ընդունեք: ՍԴ-ն այս կամ այն օրենքի սահմանադրականության մասին է: Ներդրման համար որևէ կապ չունի՝ ով է ՍԴ նախագահը:
«Անասունը սպանդանոց տանել՝ նշանակում է՝ գյուղատնտեսությանը ստիպել զիջել իր եկամուտների մի մասը»
– Տարեսկզբին Փաշինյանը հայտարարեց, որ «Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից: Դրա համար բոլոր նախադրյալներն առկա են: Կա՞ն նման նախադրյալներ։ Ի՞ նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանն այս տարի։
– Սխալ եք հասկացել Փաշինյանին: Նա պարզապես ասում էր՝ Վիճակագրական վարչություն, պատրաստվիր 8-9 տոկոս «գրելու»… Գյուղնախարարություն չկա: Իրենք անցյալ տարի ցույց են տվել 3 տոկոս անկում, հնարավոր է՝ անկումը շատ ավելի շատ է: Ոլորտը բարձիթողի վիճակում է: Ոչ մի կոնցեպտ չկա:
Սպանդանոցների դեմ մարդիկ ճիշտ բողոքեցին, սպանդանոց ստեղծելը և պարտադրելը՝ անասունը սպանդանոց տանել, նշանակում է՝ գյուղատնտեսությանը ստիպել զիջել իր եկամուտների մի մասը։ Գյուղատնտեսության նախարարությունը փակելով՝ կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսությամբ զբաղվող չկա, ինչպես կուզեք՝ յոլա գնացեք։ Գյուղացին պետք է հասկանա, որ կառավարությունն ասում է՝ այդ հարցով մեզ չդիմես, մենք նույնիսկ մարմին չենք ուզում ունենալ, որ կզբաղվի այդ ոլորտով:
…Մասնավոր հատվածի մեծ մասում աշխատավարձն իջեցրել են, որպեսզի աշխատողի աշխատավարձը մնա նույնը՝ չբարձրանա: Ենթադրենք՝ մարդը ստանում էր 300 հազար դրամ աշխատավարձ, մուծում էր 30 տոկոս հարկ, արդյունքում՝ ստանում 210 հազար դրամ։ Հարկը 7 տոկոս իջեցնելուց հետո մարդուն ասում են, որ իր աշխատավարձն այլևս 300 հազար դրամ չէ, այլ 279 է, որովհետև դու, միևնույն է, մաքուր կստանաս 210 հազար դրամ։ Հետևաբար՝ այն հայտարարությունը, թե այս փոփոխությամբ մարդկանց աշխատավարձն աճել է, ճիշտ չէ։ Ճիշտ կլիներ, որ վարչապետն ու կառավարությունն ասեին՝ ներողություն, մենք ճիշտ չէինք, չէինք նախատեսել, որ կիջեցվեն աշխատավարձերը, և կոմպլեքս չէինք մոտեցել խնդրին:
– Հարկերի կառուցվածքում խոշոր բիզնեսի տեսակարար կշիռը որքա՞ն է ավելացել:
– Ես չեմ կարող ասել: Հրապարակում են 1000 խոշորի ցանկը: Այդ թիվն աճել է։ Սա չի համադրվում մի այլ երևույթի հետ, երբ Փաշինյանը 1 տարի առաջ ասում էր, որ Հայաստանը պետք է դարձնել միկրո բիզնեսի երկիր, բայց հիմա էլ հպարտանում են, որ խոշորի տեսակարար կշիռն աճել է։ Սա նշանակում է, որ տնտեսության մեջ փոքրի տեսակարար կշիռն իջել է, սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ ձեռներեցության եռանդը նվազել է:
«Դրանք պարգևավճար չեն, այլ գողություն է բյուջեից»
– Որոշ թվեր հիմա կընթերցեմ: 2.6 միլիոն դոլարի պարգևատրում Ֆինանսների նախարարությունում՝ Փաշինյանի օրոք, 891 հազար դոլարի պարգևատրում Արտգործնախարարությունում՝ Փաշինյանի օրոք, 830 հազ. դոլարի պարգևավճար Սննդի անվտանգության տեսչական մարմնում՝ Փաշինյանի օրոք, 890 հազ. դոլարի պարգևավճար Վիճակագրական կոմիտեում՝ Փաշինյանի օրոք:
Հունվարին աշխատած 17 օրվա համար Երևանի քաղաքապետը 65 մլն 900 դրամի պարգևավճար է տվել, 3 մլն 110 հազ. հազար դոլարի պարգևատրում Կադաստրի կոմիտեում՝ Փաշինյանի օրոք: 2019 թ.-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարգևավճարները կազմել են 1.774.225.600 դրամ, ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են շուրջ 5.6 միլիարդ դրամ (11.8 միլիոն դոլար), 276 հազար դոլար պարգևավճար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում: 510 հազար դոլարի պարգևավճար է տրվել Շիրակի մարզպետարանում՝ Փաշինյանի օրոք: ՀՀ ԱԺ աշխատակազմի 2019թ. պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն 865 հազար դոլար): 462 հազար դոլարի պարգևավճար՝ Կոտայքի մարզպետարանում՝ Փաշինյանի օրոք, 482 հազ. դոլարի պարգևատրում ՀՀ բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնում ՝ Փաշինյանի օրոք: Այսինքն՝ 2019-ին պետական մարմիններում աշխատողները ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար:
Մի առիթով ասել էիք, որ սա ուղղակի գանձագողություն է: Վարչապետն ասում է՝ դա նորմալ է: Մարդիկ հարց են տալիս՝ դուք ձեզ այդքան պարգևավճարներ եք տալիս, բայց Մարալիկում ծննդատուն է փակվում: Շատ տարօրինակ չէ՞:
– Տարօրինակ է: Էդ դեպքում, խնդրում եմ, ինձ բացատրեք՝ ո՞րն է կաշառքի և պետությունից պարգևավճարի տարբերությունը: Ի՞նչ տարբերություն՝ մարդը կաշա՞ռք է վերցնում, թե՞ ասում ես՝ ինչքա՞ն է քեզ պետք, սպասի, 2 հազար դոլար գրեմ, գնա բյուջեից պարգևավճար ստացի: Բա դա գանձագողություն չէ՞:
…Հիմա պարգևավճարի փողը որտեղի՞ց են վերցնում, ումի՞ց: Աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում էր միջին հաստիքացուցակը բազմապատկելով միջին աշխատավարձով, գումարած 1 աշխատավարձ՝ արձակուրդային վճարելու համար: Որտեղի՞ց ստացվեց այդքան պարգևավճար, օրինակ, քաղաքապետարանում: Ո՞նց կարող է դա նորմալ լինել: Եթե մասնագետը կարող է գնալ, ապա կարող եք տալ 1-1.5 պարգև, բայց ձեր նշած 5 մլն դրամի պարգևավճարը, կարծեմ, 8 հատ աշխատավարձ է: Դու դրանով ջնջում ես աշխատավարձի նշանակությունը: Երբ մարդուն 15 ամսվա պարգևավճար են տալիս, սա ստացվում է վակխանալիա, գողություն: Ստացվում է՝ իրենք իրենցից մոգոնել են բացատրություն, և ասում են՝ Ատոմ ջան, այսինչ նախարարը կմոտենա, գումարը կտաս՝ գնա, բա սա գանձագողություն չէ՞: Սա պարգևավճար չէ, այլ գողություն է բյուջեից:
Կստանանք ավելի դաժան պատերազմ, որովհետև կվերցնեն Ղարաբաղն ու հետո կհարձակվեն Հայաստանի վրա…
– Խոսեցինք այն մասին, որ իշխանությունների նախաձեռնած հանրաքվեի իմաստը ՍԴ այս կազմից ազատվելով՝ հլու-հնազանդ Բարձր դատարան ձևավորելն է: Նպատակը ո՞րն է: Դուք ասացիք՝ Ղարաբաղյան հիմնահարց, որը կարող է որոշակի հանգուցալուծման գալ. և այդ հարցը մտնի ՍԴ: Այսինքն՝ ստացվում է, որ այս ՍԴ-ն կարող էր խոչընդոտել իշխանությունների մտադրությունները՝ Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված: Ձեր կարծիքով, հաշվի առնելով նաև Մյունխենում դեբատը՝ իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում խնդրի լուծումը:
– Ալիև-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիևն օրակարգ ունի, Փաշինյանը՝ չունի: Փաշինյանն ասում էր՝ ես տվել եմ նաև Ադրբեջանի անունը (Փաշինյանը Մյունխենում ևս մեկ անգամ հայտարարեց, որ Արցախյան հիմնահարցի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին,-Ս.Ս.): Բայց Արցախում 2019թ. օգոստոսի 1-ին ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Ալիևի ասածների մեջ հակասություն չկա: Դե, թող Մյունխենում Ալիևի դեմն ասեր՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Հիմա ստացվում է, որ ինքն օրակարգ չունի: Մեզ մի բան է ասում, դրսում՝ մի բան: Ալիևն ամեն տեղ նույն բանն է ասում՝ հողերը հետ կտաք, Ղարաբաղն էլ կպահենք, ինքնավարություն կտանք, մենք սրան պատասխան չտվեցինք։ Ու Ալիևն ի՞նչ ասաց՝ ինքնորոշվե՞լ եք ուզում, գնացեք ինքնորոշվեք՝ որտեղ ուզում եք, բայց ոչ Ադրբեջանում: Ես էլ իրավունք ունեմ ենթադրելու, որ Փաշինյանի գործերը լավ չեն։ Նման խիստ հարցադրում Ալիևը չի արել 5-10-15-20 տարի առաջ։ Նույնիսկ փուլային լուծման, Առաջին նախագահի դեպքում խոսքը չի եղել Ղարաբաղի ինքնավարության մասին, այլ՝ փուլերով հասնել անկախության։ Երկրորդ նախագահն առաջարկել է փաթեթով լուծման տարբերակը։ Եթե մի բան տանք, հետ չենք բերի: Իմ կարծիքով՝ Փաշինյանը շատ նեղն է, լավ է՝ վերջերս չի հարձակվում Ղարաբաղի իշխանությունների վրա, ինչո՞ւ էր պետք հարձակվել նրանց վրա, թուլացնել Արցախի իշխանություններին: Կարծում եմ՝ մեր դիրքերը թուլացել են:
Եթե Փաշինյանն իմանար, որ Մինսկի համանախագահ երկրներն Ալիևի պես չեն մտածում, ես նրան լավ գիտեմ, ինքը ձայնը կբարձրացներ: Բայց տեղի է ունեցել այդ փոփոխությունը հենց իր իշխանավարման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիևին մեզ նման կերպ դիմելու: Հլը իրեն տեսեք է՜, էդ ինքը մեզնից խնդրելու բան ունի, մենք խնդրելու բան չունենք իրենից: Մենք Ղարաբաղի հարցը լուծել ենք:
Ես չեմ հավատում, որ կարող է լինել Սահմանադրական հանրաքվե՝ Հրայր Թովմասյանին գործից հանելու համար: Ուրեմն այդ ամենի հետևում լրիվ ուրիշ բան կա: Փաշինյանն ուզում է հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, որ պրոբլեմներ չունենա: Ինքը խոստումներ է տալիս: Եթե դրսում նա խոստումներ չի տվել, ապա որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մեկին գործից հանելու համար։
– Չէ՞ր վախենա Փաշինյանն արցախյան հարցում որևէ նման վատ սցենարի գնալ:
– Ինձ դուր չի գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումները, բայց ես Փաշինյանին ճանաչում եմ, նա այդ բաները հասկանում է։ Ես Ձեզ վստահեցնում եմ: Մինչ մենք զբաղված ենք կոռուպցիայով, սահմանադրական փոփոխություններով, ունեցվածքներով, վաղը բանը բանից անցնելու է։ Ես իրավունք ունեմ վախենալու, որ այս տարի Հայաստանը, Ղարաբաղը կարող են տակնուվրա լինել… Մյունխենում Փաշինյան-Ալիև այդ զրույցն ինձ վախեցրեց․ դրա մեջ տոն էր տալիս Ալիևը։ Երբեք Ալիևը 10 տարի առաջ, կամ նրա հայրը նման տոնայնությամբ չեն խոսել… Հեյդարի հետ, իհարկե, բանակցել է Տեր-Պետրոսյանը, բայց 2-3 անգամ ես էլ եմ բանակցել, Տեր-Պետրոսյանը խնդրել է, որ ես գնամ: Մանավանդ տարածքները գրավելուց հետո Հեյդարն ինձ ասում էր՝ «Այ բալամ, էդ ձեր տարածքները չի: Ղարաբաղը՝ հասկացանք, տալիս ենք, բայց էն տարածքնե՞րը… Ու բերում էր հետը քարտեզ՝ ձեռքով նկարված, վրան այդ շրջանները ֆլոմաստերով գունավոր նշած: Ես նկարել եմ, ունեմ էդ նկարները: Грант ջան, ասում էր, посмотри, эти красные… Левон ջան, Гранту скажи, пускай внимательно посмотрит»: Տեր-Պետրոսյանը սա ձեզ կհաստատի: Լսեք, գիտե՞ք՝ ինչ օրի էին։ Մյունխենում Ալիևն «Ասլան-բալա» էր դարձել։
– Ամեն դեպքում փորձագետներն ասում են, որ իշխանությունը գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, վերցրել է, օրենսդիրը՝ Ազգային ժողովը, իրենց ձեռքին է, մնացել է դատականը:
– Սուտ է, դատականն էլ են վերցրել: Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) էլ է իրենցը:
– Մնացել է Սահմանադրական դատարանը:
– ՍԴ-ն ուրիշ պատմություն է: Այն ինչ-որ ադմինիստրատիվ դատարան չի: Դատականը վերցրել են, որովհետև ԲԴԽ-ն իրենցն է, և կարծես թե չապացուցեցին, որ ավելի լավ կադրեր են նշանակում:
– Պատահակա՞ն էր արդյոք, որ Մյունխենում հանրաքվեից առաջ իրեն նման կերպ պահեց Փաշինյանը: Իրեն ճանաչելով՝ նույնիսկ լրագրող Նիկոլ Փաշինյանն այնտեղ կարող էր ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու ինքը կունենար մեծ PR-գովազդ հանրաքվեի քարոզարշավից առաջ: Ինչո՞ւ դա չարեց:
– Ես չգիտեմ: Ինքը նեղն էր: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Այդ ամենն իմ դուրը չեկավ: Ես Ձեզ ասում եմ՝ տարիներ առաջ Հեյդար Ալիևն ինչ օրի էր: Նույնիսկ Տեր-Պետրոսյանը կարող էր ասել. «Ես Ձեզ հասկացա: Հրանտի հետ խոսեք, հա՞»: Մենք իրավունք ունեինք այդպես խոսել: Մենք հաղթած կողմ էինք, հաղթել էինք: Այդտեղ իմ դուրը չեկավ Փաշինյանը, չգիտեմ՝ նրան ինչով կարելի է օգնել, կարծում եմ, որ նա օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում:
– Ի՞նչ կլինի, եթե իշխանություններն «Այո»-ն որևէ կերպ անցկացնեն:
– Դրա համար եմ ես մտածում, որ իրենք ուզում են ստանալ Սահմանադրական դատարան, որ ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն՝ հաստատվի: Այստեղ միայն Փաշինյանը չէ, նախագահ Արմեն Սարգսյանը ո՜նց վազելով ստորագրեց, հակապետական է դա, այդ մարդը պետք է Սահմանադրությունը պաշտպանի, այստեղ ավելի շատ Արմեն Սարգսյանին պետք է մեղադրել, քան Ազգային ժողովին: Ո՞նց կարելի էր այդ մարդուն բերել, դնել նախագահ…
– Ի՞նչ կլինի, եթե ամեն դեպքում այդ փոփոխությունները լինեն, իշխանությունները Սահմանադրական հանրաքվեն անցկացնեն:
– Դե վատ կլինի: Որովհետև այդ դեպքում մենք չենք ունենա Սահմանադրական դատարան, որը կարող էր ասել՝ ոչ, եղբայր, թույլ չենք տալու նման բան անցկացնել: Իսկ այս դեպքում մենք կստանանք ավելի դաժան պատերազմ, որովհետև կվերցնեն Ղարաբաղն ու հետո կհարձակվեն Հայաստանի վրա…
Ես կարծում եմ, որ մեր ազգը գնալով խորանում է ու գնալով՝ գալիս-կանգնում է լինել-չլինելու խնդրի առաջ, իսկ Փաշինյանը հանդես է գալիս իր անձնական ամբիցիաներով, իր հեղափոխություններով, միկրոհեղափոխություններով… պետք է նստել, լուրջ մտածել՝ ինչքա՞ն են մեր շանսերը՝ օրեցօր վատացող: