Սանդերսը հաղթում է Նյու Հեմփշիրի փրայմերիզում. NBC
ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հաղթում է Նյու Հեմփշիրի նահանգում դեմոկրատների սկզբնական ընտրություններում (փրայմերիզում): Այս կանխատեսմամբ փետրվարի 11-ին հանդես է եկել NBC հեռուստաընկերությունը՝ ամփոփելով ընտրաթերթիկների 86 տոկոսի տվյալները։
NBC-ի կարծիքով՝ Սանդերսը, որը մինչ այս պահը ապահովել է ընտրողների 26,1 տոկոսի աջակցությունը, արդեն չի զիջի առաջատարի դիրքը: Նրա գլխավոր մրցակիցը՝ Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը, հավաքում է ձայների 24,3 տոկոսը:
Սանդերսի հաղթանակի հարցում վստահություն են հայտնել նաեւ CNN եւ ABC հեռուստաընկերությունները: Ընտրողների 19,9 տոկոսի աջակցությամբ երրորդ տեղն զբաղեցնում է Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը, իսկ չորրորդ տեղը (9,4 տոկոս)՝ Մասաչուսետսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որն ամիսներ շարունակ համարվում էր դեմոկրատների նախընտրական արշավի առաջատարը, առայժմ հինգերորդ տեղում է 8,4 տոկոսով: Նյու Հեմփշիրում փրայմերիզն առաջինն է ԱՄՆ-ի ընթացիկ ընտրական շրջափուլում:
Փրայմերիզներում ընտրում են այն պատվիրակներին, որոնք Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կպաշտպանեն կուսակցությունից այս կամ այն հավակնորդին՝ առաջադրվելու նախագահի թեկնածու: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: