«Այս օրենքի ընդունմամբ իրավունքի գերիշխանությունը փոխվելու է իրավունքի նկատմամբ ուժի գերիշխանությամբ». սահմանադրագետ Վարդան Այվազյան

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավոր ներկայացրել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում են փոփոխության ենթարկել Սահմանադրության 213-րդ անցումային դրույթը, արդյունքում սահմանելով՝  «մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Առաջարկվող  փոփոխությամբ, հավանաբար, նպատակ ունեն՝ մեկ այլ քայլով ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից:

Առաջարկվող նախագիծը շատերի մոտ հակասություն առաջացրեց: Որոշ իրավաբաններ այն համարեցին Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված քայլ:

168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասաց, որ Սահմանադրության համաձայն՝ այս օրենքի նախագիծը կարող է օրենքի ուժ ստանալ միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

«Նախատեսված Սահմանադրական փոփոխությունները կատարվում են Սահմանադրության անցումային դրույթներում: Անցումային դրույթները հնարավոր է փոխել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով, ոչ թե հանրաքվեով: Բայց ցանկացած փոփոխության նախագծի վերաբերյալ պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշումը»,- 168.am-ի հետ զրույցում  ասաց սահմանադրագետը:

Վարդան Այվազյանի խոսքով՝ այսօր շատերը եզրակացություն են անում՝ առանց հասկանալու ու հաշվի առնելու Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը: Այդ կետի համաձայն՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը ՍԴ-ն պետք է որոշի դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրագետը վստահ է, որ, եթե անգամ իշխանությունները դիմեն Սահմանադրական դատարան, ապա այդ նախագծի վերաբերյալ ՍԴ-ն դրական որոշում չի տալու:

«Խնդիրը հետևյալն է: Նախկին իշխանությունները՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, իրենց անօրինականությունը, այլանդակությունը, անբարոյականությունը, ամեն ինչը բարձրացրել են Սահմանադրության աստիճանի, և մի հատ էլ այդ անօրինականությունը ապահովելու համար անառիկ դրույթ են մտցրել՝ 168-րդ հոդվածի 2-րդ կետով, որ ցանկացած փոփոխություն ցանկացած նախագծի վերաբերյալ պետք է ՍԴ-ն որոշում կայացնի: ՍԴ-ն նման իրավունք չպետք է ունենար տրամաբանորեն, որովհետև, ըստ էության, դա նրան վերագրում է օրենսդիր իշխանության ֆունկցիաներ, իսկ օրենսդիր իշխանությունը պատկանում է միայն Ազգային ժողովին»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ, եթե առանց Սահմանադրական դատարանի ընդունվի այդ օրենքը, այսինքն՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարվի, միանշանակ լինելու է Սահմանադրությանը հակասող:

Ըստ Վարդան Այվազյանի՝ նախկին իշխանություններն այնպես են իրենց «անբարոյականությունը անառիկ դարձրել Սահմանադրությամբ», որ առանց Սահմանադրության խախտման՝ հնարավոր չէ իրավիճակը շտկել: Սահմանադրագետը որպես  իրավիճակը շտկելու եղանակ՝ տեսնում է իշխանության կողմից «մի թեթև հեղափոխություն» կատարելը, որովհետև, ինչպես նշում է Այվազյանը, 2018 թվականի ապրիլին եղել է ոչ թե հեղափոխություն, այլ ընդամենը պարզ իշխանափոխություն: Իսկ հեղափոխությունը դա ոչ թե իշխանության կամ վարչապետի փոփոխությունն է, այլ իրավակարգի փոփոխությունը:

Այվազյանի վկայությամբ՝ անտրամաբանական է այն, որ փոխվում է իշխանությունը, բայց նոր իշխանությունը գործում է հների սահմանած կանոններով, իրենց Սահմանադրությամբ, իրենց իրավակարգով: Ասում է, թե գործող Սահմանադրությունը պետք է դադարեցվեր 2018 թվականի ապրիլին ու հենց այդ ժամանակ իշխանությունները պետք է ունենային իրենց մշակած Սահմանադրությունը, որն էլ դնեին հանրաքվեի:

«Հիմա ինչ էլ անեն, լինելու է Սահմանադրության խախտում: Ուղղակի երկու խախտումները՝ նախորդ իշխանության՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, և այսօրվա ԱԺ նախագիծը, եթե դնենք կշեռքի նժարներին, երևի թե այս նախագիծը, որը միանշանակ լինելու է Սահմանադրության խախտում, ավելի փոքր չարիք է, քան այն, ինչ արել է Հրայր Թովմասյանը՝ Սահմանադրությամբ»,- ասաց սահմանադրագետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն օրենսդրական փաթեթ է ներկայացրել՝ առաջարկելով, օրինակ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում լինելու դեպքում՝ այն չուղարկել ՍԴ: Սահմանադրագետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա հնարավորություն չի տա իշխող ուժին Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունել՝ առանց ՍԴ ուղարկելու:

«Դա էլ է Սահմանադրության խախտում: Այսպիսի նախագիծ չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը հստակ ասում է, որ սահմանադրական փոփոխությունների կամ հանրաքվեի դրվող ցանկացած օրենքի նախագծի վերաբերյալ պետք է լինի Սահմանադրական դատարանի որոշում: Դա Սահմանադրության կատեգորիկ պահանջն է: Եվ այդ հանրաքվեն էլ նշանակում է հանրապետության նախագահը և այդ ընդունված օրենքներն էլ ստորագրում է հանրապետության նախագահը»,- հարցին ի պատասխան՝ ասաց Վարդան Այվազյանը՝ նշելով, որ այստեղ այլ կարծիք, քան այն, որ դա միանշանակ լինելու է հակասահմանադրական օրենք, լինել չի կարող:

«Խնդիրը հետևյալն է՝ մուրճն էլ, մեխն էլ իշխանությունների ձեռքին է, ոնց ուզեն, թեկուզև անտրամաբանական, անբարոյական, իրենց ուզած ձևով մեկնաբանելու են իրենց փոփոխությունը և օրենքը: Եվ այստեղ հստակորեն գործելու է «Գայլն ու գառը» ժողովրդական իմաստնությունը՝ «Էստեղ ի՞նչն է գլխավոր, Ուժեղի մոտ Միշտ էլ թույլն է մեղավոր»»,- ասաց սահմանադրագետը՝ նշելով, որ այս օրենքի ընդունմամբ  իրավունքի գերիշխանությունը փոխվելու է իրավունքի նկատմամբ ուժի գերիշխանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս