«Մոնտեսքյուն կամ Ժան-Ժակ Ռուսոն կարող է գլուխները բռնած փախնեին, եթե այսօր լսեին այդ հայտարարությունը». Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծի մասին
Երեկ՝ հունվարի 30-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը իր ֆեյսբուքյան էջում «Հանրային հաշվետվություն» վերտառությամբ գրառում էր կատարել, որում ներկայացրել էր Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարանի մասին ու Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իր հեղինակած օրենսդրական փաթեթը։
Պատգամավորի խոսքով՝ սրանով նպատակ ունեն ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման գործընթացը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը:
Օրենսդրական փաթեթն ուսումնասիրելուց տպավորություն է առաջանում, թե այս քայլով օրենսդիրը փորձում է Սահմանադրական դատարանի լիազորությունները նվազեցնել ու նախատեսվող Սահմանադրական փոփոխություններն իրականացնել առանց բարձր դատարանի կարծիքը հաշվի առնելու:
Օրենսդրական նախագծում, մեջբերելով ՀՀ Սահմանադրության 15-րդ գլուխը, ասվում է, որ ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ այդ գլխում չկա: Ու, որ նման պահանջ չկա նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի դրվող նախագծի և ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխություններ կատարելու դեպքում:
Պատգամավորը նախագծում մեկ այլ հետաքրքիր դիտարկում էլ է անում: Նշված է, որ Սահմանադրական դատարան դիմելը պարտադիր պետք է լինի, եթե լինի ՍԴ դիմող սուբյեկտի համար պարտադիրության պայման:
Նախագծում խոսվում է նաև ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ կետի մասին, որով ասվում է, որ սահմանված դեպքերին, որում ներառված է նաև Սահմանադրության փոփոխությունը, Ազգային Ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար: Ու պատգամավորը նկատել է, որ այդտեղ չկա «պարտավոր է» կամ «պահանջվում է» բառերը: Հետևաբար՝ ԱԺ-ն կարող է, օրինակ, Սահմանադրական փոփոխությունները ՍԴ չուղարկելու որոշում ընդունել, ուստի պատգամավորն օրենսդրական փաթեթով առաջարկում է ՍԴ դիմելու մասին որոշման չընդունելու կարգավորումները ստեղծել, որպեսզի այն դեպքում, երբ ԱԺ մեծամասնությունը, օրինակ, սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցով, հարկ չհամարի դիմել Սահմանադրական դատարան, հետևանքը հստակ սահմանված լինի, որ պատգամավորը համապատասխան վարքագիծ դրսևորելու հանրավորություն ունենա:
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ԱԺ պատգամավորները գոնե պետք է իրավաբանական նվազագույն գիտելիքներ ունենան:
«Շատ հստակ է, որ կաղում են նվազագույն գիտելիքներն իշխանությունների տարանջատման և փոխադարձ զսպումների սահմանադրական սկզբունքի վերաբերյալ: Պառլամենտում մենք հաճախ ականատես ենք լինում այնպիսի հայտարարությունների, պնդումների, որոնք, անգամ Մոնտեսքյուն կամ Ժան-Ժակ Ռուսոն կարող է գլուխները բռնած փախնեին, եթե այսօր լսեին այդ հայտարարությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ Մինասյանի՝ իշխանության ճյուղերի տարանջատման ոտնահարումը դարձել է ամենօրյա վարքագիծ ԱԺ պատգամավորների, գործադիր իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից: Ու ըստ նրա՝ քաղաքական մեծամասնության՝ ամեն գնով սեփական ՍԴ ունենալու ձգտումը պատրաստ է արհամարհել մի շարք սկզբունքներ՝ առանց գիտակցելու, որ վաղը, երբ իրենք չլինեն իշխանություն, ցանկացած նոր իշխանություն գալու է ու ձևավորի իր սեփական ՍԴ-ն:
ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ այսօր ԱԺ շատ պատգամավորներ անգամ իրենց վերագրել են ՍԴ դատավորների համար դատավոր լինելու լիազորությունը:
«Սա ակնհայտ սեփական լիազորությունները չգիտակցող անձի վարքագիծ է, սա ճիշտ բան չէ, սա դեգրադացնում է իրավական համակարգը»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ առանց նկատի առնելու այն հանգամանքը, որ Սահմանադրությունը հստակ ամրագրել է ԱԺ լիազորությունները, ու դրա ներքո «ինչ-որ նոր ստեղծագործական աշխատանք իրականացնելը» խոսում է նաև քաղաքական համակարգում ԱԺ դերակատարությունը փոխելու մասին:
«Քաղաքական իշխանությունն առաջնորդվում է ոչ թե իրավունքի գերակայությամբ, այլ սեփական քաղաքական շահն առաջ տանելու մղումով, ու չեմ բացառում, որ ցանկացած առաջարկ ծնվում է քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների մոտ զուտ տվյալ պահին քաղաքական այս կամ այն շահը սպասարկելու համար»,- նկատեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում