
ԱՄՆ-ը 60 օրով կերկարաձգի իրանական միջուկային ծրագրի գծով պատժամիջոցների բացառությունները. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով: Հունվարի 29-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր։ Գործակալության տվյալներով՝ բացառությունների երկարաձգումը թույլ կտա Իրանում կատարել միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործման սահմանափակ աշխատանք:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է այն դրույթներին, որոնք Ռուսաստանին, Չինաստանին եւ Մեծ Բրիտանիային թույլ են տալիս Իրանի հետ համագործակցել այդ ոլորտում: Որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի, որը հանդես էր գալիս բացառությունների ժամանակաշրջանի երկարաձգման օգտին, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի միջեւ տարաձայնությոնների ֆոնին, որը ցանկանում էր դրա դադարեցում:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը մտադիր է հայտարարել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության եւ դրա ղեկավար Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ նոր սահմանափակումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: