
Ավստրալացի գիտնականներին հաջողվել է 2019-nCoV կորոնավիրուսը վերստեղծել լաբորատոր պայմաններում

Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Դոերթիի ինստիտուտի գիտնականներին առաջին անգամ հաղողվել է լաբորատոր պայմաններում ստանալ 2019-nCoV կորոնավիրուսը: Ինչպես հունվարի 29-ին հաղորդվում է ինստիտուտի կայքում, դա թույլ կտա ավելի համակողմանիորեն ուսումնասիրել վիրուսը եւ բարելավել դրա ախտորոշումը, ինչպես նաեւ կօգնի ապագա պատվաստանյութերի արդյունավետության գնահատման հարցում:
«Մելբուռնի Փիտեր Դոերթիի անվան վարակների եւ իմունիտետի ինստիտուտի գիտանականները Ուհանից ժամանած պացիենտից վերցված նմուշից հաջողությամբ աճեցրել են 2019-nCoV կորոնավիրուսը: Դա առաջին դեպքն է, երբ վիրուսը բջիջների մանրէախմբում աճեցվել է Չինաստանի սահմաններից դուրս»,- նշված է հիմնարկության հաղորդագրության մեջ: Դոերթիի ինստիտուտում վիրուսների նույնականացման լաբորատորիայի վարիչ Ջուլիան Դրյուսի խոսքով՝ հետագայում ստացված վիրուսը ոչ միայն կօգտագործվի Ավստրալիայի լաբորատորիաներում եւ կլինիկաներում ախտորոշման համար, այլեւ կուղարկվի Եվրոպայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: