Վաղն էլ ռնգեղջյուրների պես կանցնեն մեկ այլ մարդու վրայով՝ թոզ բարձրացնելով և խեղդելով բոլորին. «Իմ քայլը» խմբակցության անդամ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի համոզմամբ՝ այսօր համացանցը ողողված է ավագանու մանդատը վայր դնելու պատրաստակամություն հայտնած Հենրիկ Հարթենյանի մասին բացասական գրառումներով։
Ըստ ավագանու անդամի՝ այսօր «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, բայց ոչ թե Հարթենյանին մանդատը վայր դնելու պահանջ ներկայացնելու համար, այլ՝ թիմակցի բացատրությունները լսելու։ Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամը՝ նշելով.
«Այսօր նիստ էր հրավիրվել ևս մեկ անգամ շեշտելու անթույլատրելիի սահմանները պահելու կարևորությունը բոլորի համար և հնարավորություն տալու Հենրիկ Հարթենյանին որոշում կայացնել՝ հաշվի առնելով իր գործընկերների գնահատականը և ինքն իրեն հաշիվ տալով, թե որքան է գիտակցում տեղի ունեցածը և պատրա՞ստ է հետայսու զերծ մնալ նման դրսևորումներից: Լսելով թիմակցին՝ խմբակցությունը ճիշտ է համարել նրա գործունեության դադարեցումը»:
Ըստ Աբգարյանի՝ Հարթենյանը վերջերս էր միացել իրենց թիմին և դեռ ուսումնասիրելու, սովորելու փուլում էր:
«Իսկ ինչ վերաբերում է ատելության մթնոլորտին, ապա այսօր էլ ցանցը ողողված է նման գրառումներով երիտասարդի հանդեպ, վաղն էլ ռնգեղջյուրների պես կանցնեն մեկ այլ մարդու վրայով՝ թոզ բարձրացնելով և խեղդելով բոլորին: Դա կախված չէ ո՛չ քաղաքական հայացքներից, ո՛չ էլ թիմերից: Դա սոցցանցային հասարակության վարքագիծ է, որը, ցավոք, լիուլի սնուցվում է նաև մեդիայի և ուղղորդված պրոպագանդիստական խմբերի կողմից»,- ասաց Աբգարյանը։
Հարցին՝ չէ՞ որ ատելության մթնոլորտի տարածմանը նպաստում են հենց նույն «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ, որոնցից մեկն ասել էր, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորի ականջները ծամել, և արդյո՞ք, եթե ականջներ ծամելու պատրաստակամություն հայտնած ավագանու անդամի հարցը ևս հրատապ քննարկվեր, կարձանագրվեր արդեն Հենրիկ Հարթենյանի դեպքը, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց.
«Դուք միայն դա՞ եք հիշում։ Որպես բլոգեր՝ կարող եմ դրան նախորդած հազար օրինակ բերել, որը բնավ մեր խմբակցության կամ քաղաքական ուժից չէր գալիս: Ավելին, կարող եմ հիշեցնել, թե ինչպես հայտնի շրջանակները ֆեյք օգտատիրոջ միջոցով ծայրահեղ կեղտոտ ու սուտ գրառումներ էին անում, և այդ օգտատիրոջը հայտնի էին դարձնում, հավանություն տալիս մեր քաղաքական հակառակորդները: Էլ չեմ խոսում ցանցը հեղեղած ֆեյքնյուզերի մասին: Կարևոր է ոչ թե իրար մեղադրել ատելություն տարածելու մեջ, այլ՝ սոցցանցային մշակույթ ձևավորել: Թող յուրաքանչյուր մարդ զգա իր բաժին պատասխանատվությունը և չմոռանա բումերանգի էֆեկտի մասին»: