Ղարաբաղյան հակամարտության գոտում ընտրական գործընթացներից հետո կձևավորվի ավելի հետաքրքրական փուլ. Հալբախ
«Ալբանիայի և որևէ երկրի ԵԱՀԿ նախագահությունը չի կարող փոխել ոչինչ բանակցային գործընթացում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում, դրա ազդեցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից անցել են Ալբանիային։ ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, ԵԱՀԿ մշտական խորհրդին ներկայացնելով նախագահության գերակայությունները, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարևոր տեղ կզբաղեցնի ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության օրակարգում:
«Միասին իրականացնելով մեր հանձնառությունները» կարգախոսի ներքո ունեցած իր ելույթում Էդի Ռաման մեծապես կարևորել էր երկխոսության խորացումը, ընդգծել ընդհանուր պատասխանատվությունն ու միասնական քաղաքական հայացքները, որը կիսում են 57 մասնակից-պետությունները:
«Հակամարտությունների կարգավորման հանձնառությունը, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերն են, Ժնևի միջազգային քննարկումներն ու դրանց հետ կապված մեխանիզմները, Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը, կարևոր տեղ կզբաղեցնեն նախագահության օրակարգում»,- ասել էր Ռաման:
Ուվե Հալբախն ասաց, որ ԵԱՀԿ-ում նախագահող երկրների դերակատարությունը չպետք է գերագնահատել, քանի որ այդ երկրները չեն իրականացնում իրենց երկրի շահերից, առանձնահատկություններից բխող գործառույթներ, նրանք համակարգելու են ԵԱՀԿ աշխատանքները:
«Ոչ մի առանձին երկիր իր բովանդակային փաթեթը չի բերում, այլ հանդես է գալիս ԵԱՀԿ-ի շահերի և առաջնայնությունների դիտանկյունից, և այդ աշխատանքին մասնակցում են բոլորը: Նախագահող երկիրն ունի մի շարք արտոնություններ, որոնք ըստ էության չեն կարող անդրադառնալ կարգավորման գործընթացի վրա էականորեն: Երբ ԵԱՀԿ համանախագահող երկիրը ինչ-որ առաջարկներ նույնիսկ առաջ է քաշում, դրանք ԵԱՀԿ առաջարկներն են, որոնք մշակվում են հենց ԵԱՀԿ-ում, և որոնց ներդրումը ևս ապահովում է ԵԱՀԿ-ն: Ուստի սա հաշվի առնելով՝ ես չէի կենտրոնանա որևէ երկրի վրա, այս կամ այն երկրի նախագահությունը կարող է համընկնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-ինչ զարգացումների, տպավորություն ստեղծելով, թե կա նաև ԵԱՀԿ նախագահող երկրի դերակատարությունը, սակայն գործընթացն ընթանում է բացառապես իր և միջնորդների հունով: Այս առումով էլ, կարծում եմ, ոչ ներկայիս, և ոչ էլ ապագա փուլում որևէ նորություն չի սպասվում»,- ասաց Ուվե Հալբախը:
Խոսելով առաջիկայում Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպումից՝ Ուվե Հալբախն ասաց, որ դատելով նախորդ տարեվերջի հայտարարություններից՝ կարելի է պնդել, որ չկա հստակ փաստաթուղթ բանակցային սեղանին:
«Բայց կան հաճախակի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են ինչ-որ տարրեր: Գաղափարներ, որոնց շուրջ կողմերն ունեն փոխընդունելի դիրքորոշում, չկան, և դրա ապացույցը Բրատիսլավայում կողմերի դիրքորոշումների հանրայնացնումն էր այն տեսքով, ինչպես դա տեղի ունեցավ, այսինքն՝ կողմերը հասարակություններին պատրաստ չեն ներկայացնել փոխզիջումային մոտեցումներ, հասարակությունները ևս պատրաստ չեն ընդունել նման մոտեցումներ:
Այս իրավիճակում կողմերը կարող են խոսել այլ հարցերից, քանի որ պատրաստ չեն անկանխատեսելի զարգացումների շփման գծում: Այս օրերին Ադրբեջանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, և եթե հանդիպումը կայանա այս օրերին, ապա այն լինելու է քաղաքական այս գործընթացների ընթացքում, որն առաջնային նշանակություն ունի Ադրբեջանի համար, բնականաբար, նման փուլերում կողմերը հակված են ունենալ անցնցում, անխոչընդոտ ներքաղաքական զարգացումներ:
Կարծում եմ՝ հակամարտության կարգավորման գործընթացում հետաքրքիր փուլ կսկսվի ընտրական գործընթացներից հետո, ավելի հստակորեն կուրվագծվեն առաջիկա միտումները և հնարավորությունները՝ թե բանակցային գործընթացում, թե շփման գծում:
Ներկայումս ներքաղաքական զարգացումները ձևավորում են անորոշություն բանակցային սեղանին: Դա կշարունակվի այնքան, քանի դեռ չեն ձևավորվել նոր իշխանություններ: Դրան կհաջորդեն ավելի հստակ մտադրություններ: Իսկ այս փուլում հումանիտար նոր ծրագրերի շուրջ պայմանավորվածություններ հնարավոր են, բայց պետք է կրկնեմ, որ դա երկարաժամկետ օրակարգ չի կարող լինել, քանի որ ոչ բոլոր կողմերն են ողջունում այդ օրակարգը, սակայն, ելնելով քաղաքական իրավիճակներից, չեն կարող ընդդիմանալ նման խոսակցություններին և դիտարկվել՝ որպես ապակառուցողական կողմ»,- նշեց Հալբախը: