«Հանդիպումներով կողմերը ժամանակ են երկարաձգում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հայտնի է, նման հանդիպումների վերաբերյալ կողմերը համաձայնեցված կարգով տեղեկացնում են միայն հանդիպման նախօրեին, սակայն դատելով ներկայումս շրջանառվող տեղեկություններից՝ նախարարական մակարդակով հանդիպումը սարերի ետևում չէ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն: «Բայց ես հիմա այս պահին չեմ կարող ասել, որ մենք արդեն հստակ ունենք նախանշած ժամկետ, թե երբ պետությունների ղեկավարները կհանդիպեն։ Այս փուլում աշխատանքը դեռևս կենտրոնացած է արտաքին գործերի նախարարների մակարդակի վրա»:

Զոհրաբ Մնացականյանը նաև նշել էր, որ Արցախում անազատության մեջ գտնվող ադրբեջանցիների և Ադրբեջանում գերեվարված հայաստանցի պատանդների հարազատների փոխադարձ այցերն օրակարգային հարց է, որի շուրջ, հուսով է, որ կկարողանան գտնել, վերջնականացնել այն անհրաժեշտ ձևաչափերը, այդ կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան նման մարդասիրական քայլի: «Սա, բնականաբար, մարդասիրական քայլ է, մարդասիրական նախաձեռնություն, սակայն մարդասիրականից բացի՝ նաև հուսով եմ, որ իր դերն ունի փոխվստահության միջոցների համատեքստում: Միևնույն ժամանակ պետք է հիշեցնեմ այն զգայունությունը, որ կա այս հարցի շուրջ, զգայունությունը նաև այն առումով, որ այստեղ ներգրավված են մարդիկ, մասնավորապես մեկը, որն անմիջապես կատարող է ոճրագործության, և մյուս կողմից՝ մեզ համար չափազանց զգայուն և չափազանց ցավալի պահ է, երբ որ մենք ունենք մեր հայրենակիցներին, որոնք հայտնվել են այդ իրավիճակում»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարը:

Ուշագրավ է, որ տարեվերջին Էլմար Մամեդյարովը հարցազրույց էր տվել ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր Արցախի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ հայտարարելով, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: ««Լավրովի պլանը» քննարկումների արդյունք է, շուրջ երկու տարի առաջ՝ Մոսկվայում: Բայց այն, ամեն դեպքում, կանգ է առնում «մադրիդյան սկզբունքների» վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թ. մարտի 9-ի հայտարարությունում հենց սահմանված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է՝ փուլային: Առաջին փուլում՝ զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում»,- հայտնել էր Էլմար Մամեդյարովը՝ հույս հայտնելով, թե 2020թ. սկզբին նախատեսվող նախարարական հանդիպմանը կմեկնարկեն «սուբստանտիվ» բանակցություններ: Հարկ է նշել, որ նման օրակարգի առկայությունը տարեվերջին հերքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, որ ներկայումս ծավալվող գործընթացը ողջունելի է միայն հանդիպումների ինտենսիվությամբ:

«Վստահ եմ, որ այդ հանդիպումները չեն հանգեցնելու լուրջ արդյունքների, այդ հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորմանը վերաբերող համակարգային և խորքային հարցեր չեն քննարկվում տարաձայնությունների պատճառով, բայց միտումը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները որոշ առումով գործում են, որը գուցեև հանդիպումների այս ինտենսիվության արդյունքն է: Կողմերի հայտարարություններում կարմիր թելի նման նկատելի են տարաձայնությունները, համատեղ օրակարգի բացակայությունը. դա ավելի պարզ տեսանելի դարձավ անցյալ տարի դեկտեմբերին կողմերի արած հայտարարություններից, որոնցում երևում էր, որ կողմերը չեն հրաժարվել մաքսիմալիստական ակնկալիքներից՝ համակերպվելով կարգավորման փոխզիջումային տարբերակին: Ես կարծում եմ՝ իմաստ չունի քննարկել կարգավորման գործընթացի այս կամ այն փուլը, քանի որ գլոբալ առումով ոչինչ չի փոխվում և չի փոխվելու այս հանդիպումների արդյունքում, կողմերը դա հասկանում են և փորձում են ժամանակ երկարաձգել և է՛լ ավելի ամրապնդել իրենց ռազմական ներուժը:

Ես այդ միտումն եմ տեսնում, իսկ բանակցությունները երկարաձգում են լարված փուլի և ներկայի միջև ընկած ժամանակահատվածը, ուստի կարևոր չէ, թե ինչ են քննարկում դիվանագետները այսօր, երեկ, վաղը: Այդ ամենը ներկայումս չի կարող միտված լինել կարգավորմանը, քանի որ չկա մեկ կարգավորում բոլոր կողմերի համար, կարգավորումը մի բան է՝ Հայաստանի, Արցախի, և մեկ այլ բան՝ Ադրբեջանի համար: Հաշվի առնելով այն տեսլականը, որ ներկայումս կարգավորմանն ուղղված գործընթաց չկա, մարդասիրական քայլերը ողջունելի են, ինչո՞ւ չիրականացնել նման քայլեր և վշտի մեջ գտնվող մարդկանց վիճակը չթեթևացնել: Դա ես ողջունում եմ, հուսամ, որ շարունակական կլինեն նման նախաձեռնությունները կողմերի միջև»,- ասաց Խրամչիխինը:

Ինչ վերաբերում է մոտ ապագայում ռազմական սցենարի հավանականությանը, Խրամչիխինն ասաց, որ մոտ ապագայում նման սցենարը քիչ հավանական է համարում: «Կողմերը զգուշանում են և՛ հարևան գոտիներում ստեղծված իրավիճակներից, որոնք կարող են տարածվել՝ կոնկրետ այդ տարածաշրջանում աննախադեպ հետևանքների հանգեցնելով, և՛ կան ներքաղաքական վերադասավորումներ հակամարտող երկրներում»,- նկատեց վերլուծաբանը:

Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր համար ԼՂ հակամարտության կարգավորման տեսլական չի ուրվագծվում մոտ ապագայում: Այնումենայնիվ, նախարարների հանդիպումները, նրա որակմամբ, լուծում են մի շարք խնդիրներ:

«Հակամարտող կողմերի միջև շփումների շարունակականությունը չափազանց կարևոր է կողմերի համար, դա կարող է պատերազմը կանխարգելող նշանակություն ունենալ: Հանդիպումների պատրաստակամությունը ցույց է տալիս, որ, չնայած կոշտ դիրքորոշումներին, կա պատերազմից խուսափելու ցանկություն, սա է գլխավորը: Սա գուցե ինչ-որ պահի ավելի հնարավոր դարձնի փոխընդունելի լուծումների հասնելու հավանականությունը: Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումից լուրջ օրակարգ ակնկալել հարկավոր չէ: Պետք է հուսալ, որ այս հանդիպումը կծառայի շփման գծում հրադադարի պահպանմանը, կողմերը հերթական անգամ կշփվեն, ինչ-որ գաղափարներ կքննարկեն, դա հասարակություններին ավելի դրական կտրամադրի ողջ գործընթացի նկատմամբ: Ակնկալիքը սա պետք է լինի:

Նկատվում է նաև, որ կողմերից ոչ մեկը դիվանագիտական սեղանի շուրջ չի ցանկանում «պարտություն» արձանագրել սեփական հասարակությունների առջև: Սա ևս ցուցիչ է, որ կողմերը պատրաստ չեն զիջումների և կարգավորման, քանի որ հրապարակայնորեն ցուցադրում են հակառակորդի օրակարգի և սկզբունքների անընդունելիություն, հանդես են գալիս կոշտ հայտարարություններով, այնինչ հումանիտար պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ նման հարցերում փոխադարձ հասկացվածություն գոյություն ունի, ինչը կողմերի հայտարարություններից երբեք հնարավոր չէ եզրակացնել»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը գուցե ուրվագծվի հումանիտար հերթական պրոյեկտից հետո:

Տեսանյութեր

Լրահոս