«Այո՛, հայրս հենց այն մարդն է, որ միշտ երեսիս ասում է նկարներիս հետ կապված խնդիրները». Դավիթ Դանիելյան
Ժամանակակից նկարիչ Դավիթ Դանիելյանի կտավներում գերիշխում են կարմիրը, նարնջագույնը, կապույտն ու այլ վառ գույներ, որոնք արտացոլում են հեղինակի տրամադրությունը, հույզերն ու զգացողությունները: Դանիելյանը, որը ցուցահանդեսներով ներկայացել է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է նկարչության հանդեպ սիրո, ստեղծագործական կյանքի և ապագա ծրագրերի մասին:
-Ծնվել եք նկարիչների ընտանիքում: Ձեր հայրը`Հրանտ Դանիելյանը և ավագ եղբայրը` Արամ Դանիելյանն ազդեցություն ունեցե՞լ են ձեր մասնագիտական ընտրության վրա: Երբևէ պատկերացրե՞լ եք ձեզ այլ բնագավառում:
– Պապս` Արամայիս Դանիելյանը, նույնպես նկարում էր, բայց պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ չի զբաղվել: Մենք Կապանի Շիկահող գյուղից ենք. տասը տարի է, որ ես ապրում եմ Երևանում: Մեծացել եմ հորս արվեստանոցում, որը մեր շենքի առաջին հարկում էր: Հիշում եմ ներկերը, դրանց հոտը: Սիրում էի խաղալ ներկերով: Երեք կամ չորս տարեկան էի, երբ սկսեցի պաստելներով նկարել: Հայրս դիմանկարներ էր անում, ես էլ ուզում էի կրկնօրինակել նրան:
Սիրեցի այդ արվեստը, և սերը տարիների ընթացքում ավելի մեծացավ: Յոթ կամ ութ տարեկան էի, որ արվեստի դպրոց հաճախեցի: Դեռ այդ ժամանակ գիտակցում էի, որ դա իմ ճակատագիրն է: Հետագայում հինգ տարի սովորեցի գեղարվեստի դպրոցում` նկարելով հորս արվեստանոցում. նա շատ խիստ և պահանջկոտ ուսուցիչ է, և մեծ ներդրում ունի իմ մասնագիտական կայացման գործում:
– Յուրաքանչյուր արվեստագետի կողքին կա մեկը, որը չի վարանում մատնանշել նրա գործի թերությունները, բացթողումները, ընդգծել առավելությունները: Ձեր կյանքում կա՞ նման անձնավորություն… գուցե հայրը, որը կարող է կոշտ քննադատության ենթարկել ձեզ:
– Երբ բանակից նոր էի վերադարձել և շարունակում էի ուսումս, դիզայնով էի զբաղվում, որպեսզի կարողանամ քննություններս հանձնել: Հազվադեպ էի նկարում: Հայրս զայրանում էր, ասում, որ ես նկարիչ չեմ դառնա, քանի որ թողել եմ նկարչությունը, այնինչ՝ շնորհ ունեմ և պետք է մասնագիտանամ: Վերջերս նրան հիշեցրի այդ մասին` շեշտելով, որ դարձա նկարիչ: Այո՛, հայրս հենց այն մարդն է, որ միշտ երեսիս ասում է նկարներիս հետ կապված խնդիրները: Չեմ հիշում մի դեպք, որ նա դիտի իմ կտավներից որևէ մեկն ու ասի, որ շատ լավ է ստացվել: Ասում է` լավ է, բայց դեռ աշխատել է պետք: Չնայած նա ռեալիստական ոճի կտավներ է ստեղծում, բայց ինձ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս ու առաջ տանում:
– Իսկ ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել հենց այս ժանրում: Գուցե վերացական արվեստն ունի առավելություններ, որոնք բացակայում են նկարչական այլ ուղղություններում:
– Վերջերս դիտում էի այն կտավները, որոնք վաղ տարիքում եմ նկարել: Դեռ այդ ժամանակներից գծային դեկորները գերակշռում էին: Հինգ տարի Գեղարվեստի դպրոցում, այնուհետև բուհում սովորելու ընթացքում աշխատում էինք ակադեմիական գեղանկարչության վրա: Այնքան էի նույն բաները նկարել, որ ցանկանում էի պոկվել այդ ամենից: Ինստիտուտն ավարտելուց օրեր անց արվեստանոցս նոր ներկերով համալրեցի, և որոշեցի նկարել առանց մտածելու` կտավի վրա պատկերելով տրամադրությունս: Նկարեցի իմ կյանքի պատմությունը, չտեսած հեքիաթները: Աբստրակտ ոճն ինձ անսահման ազատություն է տալիս:
– Նայելով ձեր կտավներին` կարող ենք ասել, որ դրական ու լավատես մարդ եք:
– Կարծում եմ` կենսասեր, մարդկանց, հայրենիքը սիրող, Էմոցիոնալ, շուտ բռնկվող, բայցև շուտ հանդարտվող մարդ եմ:
– Լինում են դեպքեր, երբ ավելի հեշտ հիշում ենք կտավի անվանումը, քան հեղինակին: Ձեր գործերի մեծ մասն անվերնագիր է: Ինչո՞ւ:
– Այն զգացողությունները, որոնք ունենում եմ նկարելիս հնարավոր չէ մի բառով բացատրել: Կապանում ցուցահանդես եմ ունեցել, որում ընդգրկված կտավներն առանց անվանումների էին: Թողնում եմ, որ այցելուներն իրենց սեփական վերնագրերն ընտրեն: Երբ արվեստասերը ձեռք է բերում այս կամ այն կտավը, կախում իր տան պատից, ամեն օր հաղորդակցվում դրա հետ սեփական անվանում է գտնում:
-ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը ձեր ցուցահանդեսներից մեկի ժամանակ ասել է, որ աբստրակտ մտածելակերպը, այսպիսի լուծումները մարդու ներքին կուլտուրայի արտահայտումն են, և գունային համադրությունները պետք է լինեն իրենց տեղում: Նկարելիս մտածո՞ւմ եք գունային հատուկ համադրությունների մասին, թե ընտրում եք ներկեր, որոնք այդ պահին ձեզ դուր են գալիս:
-Դա բնազդաբար է ստացվում: Իմ կրթությունը ստիպում է գրագետ նկարել: Որքան էլ վերացական արվեստը չունենա հատուկ կանոններ, այն գրագիտություն է պահանջում: Գունային ճաշակը, լույսի և ստվերի անցումը, պլաստիկան, չափերը պետք է ճիշտ համադրել: Գուցե շատերը մտածում են, որ խզբզոց է, այնինչ այդտեղ շատ զգացողություններ, գիտելիք ու կարգուկանոն կա: Նկարի ամեն դետալ նախադասության մի մասնիկն է:
-Կան բազմաթիվ ժամանակակից նկարիչներ, որոնք մի քանի գիծ կամ կետ են պատկերում, մի քանի գույն են միաձուլում և հավատում, որ իրենց ստեղծածն արվեստի գործ է: Վերացական արվեստի մասին միանշանակ խոսելը բարդ է: Եթե մասնագիտական կրթություն չունես, ինչպե՞ս ես կարող արժեքավոր կտավը տարբերել սովորական խզբզոցից:
-Շատ հարցերի շուրջ տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Չի կարող մի անձը հավանել արվեստի բոլոր ճյուղերն ու տեսակները: Կան գործեր, որոնք ես էլ չեմ հավանում, բայց դրանք համաշխարհային ճանաչում ունեն: Երբ Լուվրում տեսա Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն, հասկացա, որ աշխարհում էլի «Մոնա Լիզա»-ներ կան: Կան հզոր նկարիչներ, որոնք հզոր գործեր են ստեղծում, բայց «Մոնա Լիզա»-ի շուրջ շատ խոսակցություններ են ծավալվել, առեղծվածներ հյուսվել: Կան ոչ այնքան հայտնի ստեղծագործողներ, որոնց կտավերին նայելիս հիանում ես, զարմանում:
-Ե՛վ նկարիչների, և՛ գրողների, և՛ այլ ոլորտների ստեղծագործողների գործերում անմիջական անդրադարձ կա իրենց ծննդավայրին, յուրահատկություններին: Սյունյաց աշխարհի գեղեցկությունը ձեր կտավներում տեղ գտնո՞ւմ է:
-Սյունիքի մարզը տարվա բոլոր եղանակներին շատ գեղեցիկ է, ուղղակի անկրկնելի: Շատ եմ սիրում իմ քաղաքը և հաճախ եմ հիշատակում, որ Կապանից եմ: Մի անգամ ընկերներիցս մեկը հումորով հարցրեց, թե գուցե Կապանից հովանավոր ունեմ, որ այդ մասին շատ եմ խոսում: Մենք ամուր կապված ենք մեր արմատներին: Իմ բոլոր ստեղծագործություններում առկա են իմ ծննդավայրը, իմ ընկերները, իմ բակը, որը շատ եմ սիրում: Ես նկարել եմ մեր բակի գրեթե բոլոր պապիկների դիմանկարները: Բոլորի պատմություններն անգիր գիտեմ, գիտեմ, թե ով, ինչ կյանք է ունեցել, ով, ինչ է սիրում:
Երբ արձակուրդներին Կապան եմ գնում, պարտադիր էտյուդներ եմ անում, որովհետև բնությունը շատ տրամադրող է: Պատերազմի տարիներին Խուստուփ լեռան ստորոտին տնակ ունեինք, որտեղ ապրել ենք մեկ տարի: Հաճախ ընկերներով ենք այնտեղ գնում, բարձրանում լեռան գագաթը, որտեղից նկարում եմ Սյունիքի հրաշալիքները` հավերժացնելով այդ օրվա հիշողությունները:
-Վերջերս ներկայացաք «Երազներիս գույները» անհատական ցուցահանդեսով, որը մեծ ուշադրության արժանացավ: Ի՞նչ հեռահար ծրագրեր ունեք:
– Ծրագրերը դեռ հստակեցված չեն, բայց պետք է ասեմ, որ Դուբայից, Վրաստանից անհատական ցուցահանդեսներ անցկացնելու առաջարկներ եմ ստացել: Հնարավոր է` այս տարի Հայաստանում ցուցահանդես կազմակերպենք, որի նմանը մեր երկրում դեռ չի եղել: Նախընտրում եմ դեռ չբացել փակագծերը:
Զրուցեց Անժելա Համբարձումյանը
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Դանիելյանը