Բաժիններ՝

«Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, որովհետև վտանգի հոտ եմ առնում. օդում վտանգ կա». Գուրգեն Խանջյան

Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Գուրգեն Խանջյանը, որի հերոսներն աչքի են ընկնում արկածախնդրությամբ, վառ երևակայությամբ և սիրում են նոր բացահայտումներով լի կյանքը, հունվարի 25-ին տոնում է ծննդյան 70-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողն ասաց, որ սիրում է կյանքը, որում տեղի ունեցող իրադարձությունները գեղարվեստական լուծումներով արտացոլվում են իր գրականությունում:

-Մի առիթով խոստովանեցիք, որ մինչև երեսունը ձեզ գրավում էին արկածները, ճամփորդությունները, նոր մարդիկ, նոր միջավայրը: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում այսօր:

-Կարծում եմ` մինչև երեսունը քիչ եմ ասել. ես կասեի`մինչև վաթսունը: Հիմա անցածս ամփոփելու ժամանակն է՝ իհարկե, չխուսափելով կյանքի մեջ լինելուց: Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես, ճշտում քո տեղն այդտեղ, հարաբերությունները: Իրականում ոչ այնքան հարաբերություններն են կարևոր, որքան քո դիրքն այդ հարաբերություններում, քո լուծումները: Ինքդ քեզ հարցնում ես՝ արդյոք այդ լուծումները ճի՞շտ էին, թե սխալ: Մի խոսքով` ամփոփման շրջանում եմ:

-Երբ ասում ենք ժամանակակից գրականություն, միանգամից ձեր անունն ենք հիշում: Ձեր ստեղծագործությունների հետաքրքիր, մի քիչ խենթ, երևակայական հարուստ աշխարհով հերոսներն իրենց կայուն տեղն ունեն մեր գրականությունում…

– Գրական տաղանդն իսկապես կարևոր է, բայցև անհրաժեշտ է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Ես ապրել եմ հետաքրքիր ժամանակահատվածում: Պատկերացնո՞ւմ եք այն բացառիկ կայսրությունը, որի նմանը դժվար թե կրկին լինի: Այդ կայսրությունում ապրել եմ իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Հետո` փլուզում, հետո` անորոշ վիճակ, նոր Հայաստան, պատերազմ, վերականգնման փուլ, մինչ օրս ընդհարումների փուլ…

-… Այդ ամենն արտահայտվեց ձեր գրականությունում:

-Եթե ապրում ես, չես կարող քո գրականությունից վանել այդ ժամանակը, իրադարձությունները: Դա մեծ եսասիրություն կլինի: Ոմանք հանուն գեղագիտության կամ գեղարվեստի կարող են զբաղվել գեղեցկագրությամբ միայն, բայց ես դա անել չեմ կարող, որովհետև ապրող մարդ եմ, քաղաքացի եմ ու սիրում եմ կյանքը:

– «Հիվանդանոց», «Նստիր Ա գնացքը», «Լուր չկա», «Ենոքի աչքը», «Մատնագիր», «Տուր ձեռքդ, պստլո» և բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր: Հեռանկարում ի՞նչ նոր ստեղծագործություն եք ներկայացնելու ընթերցողներին:

– Նոր եմ ավարտել «Ներս ու դուրս» վեպը, որն այժմ հրատարակման փուլում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մինչև մայիս ամիսն այն կտպագրվի: Այս գրքում էքսպերիմենտ եմ արել. ոչ մի հերոս անունով չի ներկայանում: Հերոս, որը նաև ես եմ, բայց քանի որ ինձ պես մարդիկ քիչ չեն, ստեղծեցի կերպար առանց անվան: Հետաքրքիր էր` նա այնքան երևացող կլինի՞, որքան անունով: Հավատացեք` անունը պետք չեկավ:

-Պարոն Խանջյան, մեզանից շատերն ունեն ցանկություններ, երազանքներ, նպատակներ… Դուք ինչի՞ մասի եք երազում այսօր:

-Բավականին բարդ հարց է, որովհետև երազանքներն ավելի շատ վաղ շրջանում են լինում: Երազանքներում ռոմանտիկա կա. երազում ես աշխարհը տեսնել, լողալ օվկիանոսում, երազում ես ու երազում: Հիմա ավելի շատ ցանկություններ են: Գուցե բանալ բան եմ ասում, բայց ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, որովհետև վտանգի հոտ եմ առնում. օդում վտանգ կա: Թող խաղաղություն լինի:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս