Ինդոնեզիայում առնվազն ինը մարդ է զոհվել կամրջի փլվելու հետևանքով
Ինդոնեզիայի Սումատրա կղզում առնվազն ինը մարդ է զոհվել, եւս 17-ը՝ վիրավորվել կախովի կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։
Ինչպես նշում է գործակալությունը, հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել, որոնք հունվարի 19-ին տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) կամրջի փլուզում են հրահրել Բենկուլու նահանգում:
«Մենք հայտնաբերել ենք կամրջի փլուզման ինը զոհի»,-հայտարարել է նահանգի որոնողա-փրկարարական վարչության ղեկավար Աբդուլ Մալիքը: Նա հավելել է, որ եւս մեկ մարդ անհայտ կորած է համարվում:
Որոնումներին մասնակցել են 100-ից ավելի փրկարարներ, զինվորներ, ոստիկաններ, Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության աշխատակիցներ ու կամավորներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: