Գիտատար սպառազինության մասին, կամ՝ «Copy paste» արված գրություն՝ առանց պաշտոնյային հղում տալու «իրավունքի»

168.am-ն անցած շաբաթ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ կապ հաստատեց, պարզելու՝ հնարավո՞ր է ռազմարդյունաբերական ոլորտի հետ կապված մի քանի հարց ուղղել, ինչին ի պատասխան՝ Ավետիքյանը մեզ ասաց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ հարցերը պետք է ուղարկել գրավոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով:

Բնականաբար, մեզ հետաքրքրող հարցերի կապակցությամբ պարզաբանումներ խնդրեցինք Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով:

  • Ռազմարդյունաբերությանպետական կոմիտեի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայությանն անցումը ի՞նչ նոր հնարավորություններ է տվել կառույցին, դրանից որքանո՞վ է շահել կամ շահելու ռազմարդյունաբերության ոլորտը:
  • 2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի, որոնց մի մասն ուղղվելու է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հաշվի առնելով ՀՀ պաշտպանական կարիքները և հայկական արտադրանքով արտաքին շուկա դուրս գալու հնարավորությունը: Ըստ այդմ՝ ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան արտադրական կարողությունների զարգացման մասով, և ի՞նչ տեսակի ապրանքի մասին է խոսքը, որը պիտի նաև արտաքին շուկա դուրս բերվի:
  • Վերջին 1-1.5 տարվա ընթացքում ռազմարդյունաբերական ի՞նչ պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ համատեղ գործարանների, համատեղ արտադրանքի կազմակերպման, և ո՞ր երկրի հետ:
  • Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարեց, որ առաջիկա տարում մեծացնելու են տեղական արտադրողներից գնվող սպառազինությունները: Մասնավորապես` խոսքը վերաբերում է կապի և օպտիկական սարքերի, զինամթերքի որոշակի տեսակներին և նորոգվող զինամթերքին: Ըստ Ձեզ՝ ռազմարդյունաբերության ոլորտում շեշտը ի՞նչ այլ ուղղությունների վրա պիտի դրվի, որի համար կան համապատասխան կարողություններ, բայց դեռ այդ ներուժը չի օգտագործվում:
  • Շարունակելով միտքս՝ Հայաստանի դեպքում ռազմարդյունաբերական ոլորտը կարո՞ղ է տնտեսության մեջ լուրջ մասնաբաժին ունենալ, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

168.amի այս հարցերին ի պատասխան՝ 5-օրյա ժամկետում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, չխախտելով ավանդույթը, ուղարկեց գրություն՝ Գլխավոր քարտուղարի ստորագրությամբ, այսինքն՝ դարձյալ չպետք է հղում տրվի այն պաշտոնյային, ում հարցեր ենք հասցեագրել՝ նախապես տեղեկացնելուց հետո:

«Ի պատասխան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված 10.01.2020թ. Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք.

Ռազմարդյունաբերության զարգացումը դիտարկվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի կարևոր բաղադրիչ, և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը ոլորտի լիազորությունների փոխանցումը կոչված է առավել արդյունավետ նպաստելու ռազմարդյունաբերական համալիրի կայացմանը և զարգացմանը, այդ թվում նաև՝ բարձր տեխնոլոգիական և ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարությունների սինխրոնիզացմանը:

Նախարարությունը նախատեսում է բարձրացնել ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների գիտական մակարդակը, ապահովել նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցումը ռազմարդյունաբերության ոլորտ և դրա շնորհիվ կտրուկ բարձրացնել հայրենական ռազմական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկաներում: Նախատեսվող 6.3 մլրդ դրամից 3.8 մլրդ.-ը նախատեսվում է ուղղել հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերին, իսկ մնացածը՝ արտադրական կարողությունների զարգացմանը, որը, ի դեպ, այս մասշտաբով նախկինում երբեք չի եղել:

Վերջին տարիներին ռազմարդյունաբերության ոլորտում գրանցված հաջողությունները հիմք են ստեղծել զարգացնելու տեխնոլոգիատար և գիտատար ապառազինությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր, ռոբոտացված համակարգեր, լազերային միջոցներ, ինժեներական տեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաև կապի, օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքեր:

Միաժամանակ, ՀՀ ԶՈՒ առաջնային անհրաժեշտության սպառազինության արտադրությունը, նորոգումը և սպասարկումը, զինված ուժերի կողմից շահագործվող ռազմական տեխնիկայի արդիականացումը մնում է նախարարության ուշադրության կենտրոնում:

ԲՏԱ նախարարության ռազմավարությամբ սահմանվել են տնտեսական զարգացման բավական հավակնոտ թիրախային ցուցանիշներ, այդ թվում՝ ռազմարդյունաբերության մասով: Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում գրանցված հաջողությունները՝ շարունակական աշխատանք է տարվում արտաքին շուկաներում հայկական ռազմարդյունաբերական արտադրանքի առաջխաղացման և արտահանման ծավալների աճի ավելացման ուղղությամբ, որը նպաստելու է ռազմարդյունաբերության ոլորտի շրջանառության աճին և հավելյալ ավելացված արժեքի ստեղծմանը:

Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերական պայմանագրերի կնքմանը՝ դրանք հույժ գաղտնի են, ուստի տեղեկություն տրամադրել չենք կարող:

Ի հավելումն Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ռազմավարությունը նախատեսում է՝

– ռազմարդյունաբերական համալիրի կառավարման արդյունավետ համակարգի և պետական քաղաքականության իրականացման գործիքակազմի ձևավորում, որը կապահովի տնտեսապես շահավետ և երկրի պաշտպանական կարիքներից բխող ՌԱՀ զարգացումը:

– ռազմավարական նշանակության արտադրությունների և ծառայությունների կայուն և արդյունավետ գործունեության ապահովում և առանցքային նշանակություն ունեցող նոր արտադրությունների հիմնում:

– ՌԱՀ նորարարական էկոհամակարգի ձևավորում, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիական լուծումների կիրառումը սպառազինության և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնոլոգիական վերազինման համար:

– ստեղծել ճկուն և բաց համագործակցության մոդելներ տեխնոլոգիական մասնավոր ընկերությունների և գիտահետազոտական ու գիտակրթական համայնքի հետ արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար:

– ՌԱ կլաստերների ձևավորման միջոցով հայկական ռազմարդյունաբերական արտադրությունների մրցունակության բարձրացում և միջազգայնացում:

– ՌԱ արտադրատեսակների, ծառայությունների և տեխնոլոգիաների արտահանման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում:

– գիտակրթական համալիրի հետ համագործակցությամբ` ռազմարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման ու վերապատրաստման ապահովում:

– կազմակերպել ՀՀ ԶՈՒ առաջնային անհրաժեշտության սպառազինության արդյունավետ արտադրությունը, նորոգումը և սպասարկումը, մասնավորապես, շարունակաբար արդիականացնել զինված ուժերի կողմից շահագործվող ռազմական տեխնիկան»,- նշված է գրության մեջ, որի արդյունքում, ըստ էության, չստացանք թույլատրելի որոշ հարցերի պատասխաններ: Օրինակ, եթե խոսվում է ռազմական արտադրանքի արտահանման ծավալի աճի մասին, ապա կոնկրետ ի՞նչ արտադրանքի մասին է խոսքը, նաև՝ ո՞ր երկրների:

Այս և համատեղ գործարանների հետ կապված հարցերի պատասխանները չէինք ստացել նաև, երբ դրանք 2019-ի նոյեմբերին նույն ընթացակարգով հասցեագրել էինք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ նրան նախապես տեղեկացնելուց հետո:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ ստացել էինք վերևում հրապարակված գրության վերջին՝ «պրոտոկոլային» կամ հերթապահ հատվածը՝ առանց կոնկրետ պաշտոնյայի՝ այդ դեպքում՝ ԲՏԱ նախարարին հղում տալու «իրավունքի»:

«Ի պատասխան ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ուղղված 19.11.2019թ. Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նոր ռազմավարությամբ նախատեսվում է՝

– Ռազմարդյունաբերական համալիրի կառավարման արդյունավետ համակարգի և պետական քաղաքականության իրականացման գործիքակազմի ձևավորում, որը կապահովի տնտեսապես շահավետ և երկրի պաշտպանական կարիքներից բխող ՌԱՀ զարգացումը:

-Ռազմավարական նշանակության արտադրությունների և ծառայությունների կայուն և արդյունավետ գործունեության ապահովում և առանցքային նշանակություն ունեցող նոր արտադրությունների հիմնում:

– ՌԱՀ նորարարական էկոհամակարգի ձևավորում, որը կխթանի առաջադեմ տեխնոլոգիական լուծումների կիրառումը սպառազինության և կառավարման ավտոմատացված համակարգերի տեխնոլոգիական վերազինման համար:

– ստեղծել ճկուն և բաց համագործակցության մոդելներ տեխնոլոգիական մասնավոր ընկերությունների և գիտահետազոտական ու գիտակրթական համայնքի հետ արդյունավետ և երկարաժամկետ համագործակցության համար:

– ՌԱ կլաստերների ձևավորման միջոցով հայկական ռազմարդյունաբերական արտադրությունների մրցունակության բարձրացում և միջազգայնացում:

– ՌԱ արտադրատեսակների, ծառայությունների և տեխնոլոգիաների արտահանման ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում:

– գիտակրթական համալիրի հետ համագործակցությամբ` ռազմարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման ու վերապատրաստման ապահովում:

– կազմակերպել ՀՀ ԶՈՒ առաջնային անհրաժեշտության սպառազինության արդյունավետ արտադրությունը, նորոգումը և սպասարկումը, մասնավորապես, շարունակաբար արդիականացնել զինված ուժերի կողմից շահագործվող ռազմական տեխնիկան: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես տանկերի և այլ զրահատեխնիկայի արդիականացմանը»: 

Այլ առիթով դեռ այս մասին մանրամասն խոսելու հնարավորություն կունենանք, սակայն մի բան պարզ է՝ գործ ունենք մի վատ պրակտիկայի հետ, երբ անհիմն աշխատում են բացառել լրագրողի ուղիղ շփումները պաշտոնյայի հետ: Օրինակ, կարելի էր գոնե նախապես հարցերին ծանոթանալուց հետո կազմակերպել կամ թույլ տալ դեմ առ դեմ հարցազրույց Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ, բայց գերադասեցին ոչ ինտերակտիվ աշխատել:

Սա ինչ-որ առումով խնդիր չի դիտվի, եթե հարցերիդ մեկ առ մեկ գրավոր պատշաճ պատասխանվի, այլ ոչ թե «copy paste» արված գրություն ուղարկվի, ինչը կարելի է վերցնել հենց պաշտոնական կայքից:

Մի խոսքով՝ կեցցե բյուրոկրատիան, որն արմատանում է նաև լրատվամիջոցների և լրագրողների հետ շփումներում:

Տեսանյութեր

Լրահոս