«Այս հայտարարությունն անում է մի կառույց, որը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ առնվազն մեկ ոստիկանի սպանել է, ու նա խոսում է ուրիշների հանցագործության մասին». Արմեն Բադալյան
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարությունն այսօր հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռևանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարևոր տեղեկության տիրապետող և տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց»:
168.am-ը քաղաքագետ Արմեն Բադալյանին խնդրեց մեկնաբանել «Սասնա ծռերի» հայտարարությունը և այն, թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս փուլում նման հայտարարության բովանդակությունը:
«Քաղաքականության մեջ յուրաքանչյուր իրադարձություն, այդ թվում և՝ սպանություն կամ ինքնասպանություն, ցանկացած քաղաքական ուժ մեկնաբանում է՝ ըստ իր հայեցողության: Դա շատ տարածված է քաղաքականության մեջ: Իհարկե, շատերը դա մերժելի են համարում, բայց հասկանում են, որ քաղաքականության մեջ բարոյականության կանոնները չեն գործում, և հիմա այս դեպքը քաղաքական ցանկացած ուժ իր ձևով է մեկնաբանում, որը, կարող ենք ասել, շատ դեպքերում իրականության հետ ոչ մի կապ չի ունենում»,- ասաց քաղաքագետը:
Վերջինս նշում է, որ հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս հայտարարությունը տարածում է մի կառույց, որը Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու ժամանակ առնվազն մեկ ոստիկանի սպանել է, ու նա խոսում է ուրիշների հանցագործության մասին:
«Քաղաքականության մեջ բարոյականության կանոնները չեն գործում»,- ասաց Արմեն Բադալյանը:
Մեր դիտարկմանը, թե համարո՞ւմ է արդյոք, որ բարոյական չէ նման ողբերգությունն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով, քաղաքագետն ասաց, որ այդպես միշտ է լինում:
«Քաղաքականության մեջ միշտ էլ, աշխարհի բոլոր երկրներում հնչեղություն ունեցող ցանկացած իրադարձություն տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են մեկնաբանում: Իսկ այս իրադարձությունը մեծ հնչեղություն ունի, որովհետև սպանվել է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա, որը բավականին կարևոր իրադարձությունների ժամանակ, ինչպիսին է ՊՊԾ գնդի գրավումը կամ 2018թ. ապրիլ-մայիսյան իշխանափոխությունը, բարձր պաշտոն է զբաղեցրել և որոշակի ինֆորմացիայի կրող էր: Հասկանալի է, որ նրա մահը քաղաքական տարբեր ուժերի մոտ տարբեր մեկնաբանությունների տեղիք պիտի տար, որը բարոյական չէ, բայց ես չեմ մեղադրում, չեմ ասում ՝ ինչո՞ւ եք այդպես անում: Ես գիտեմ, որ այդպես էլ պետք է լինի»,- ասաց Արմեն Բադալյանը:
Նկատեցինք, որ Գեորգի Կուտոյանը տիրապետում էր նաև ՊՊԾ գունդը գրավելու և դրան հաջորդած իրադարձությունների ողջ ինֆորմացիային:
«Նա տիրապետում էր առնվազն 2016-2018թթ. ողջ ինֆորմացիային, ոչ միայն ՊՊԾ գունդը գրավելու, այլ նաև իշխանափոխություն իրականացնելու և այդ ժամանակահատվածում եղած ցանկացած ինֆորմացիայի առհասարակ տիրապետում էր, բայց կարող է այնպես լինել, որ նրա մահն ընդհանրապես դրանց հետ առնչություն չունենա, կարող է բխել բոլորովին այլ իրադարձություններից ու բոլորովին կապ չունենալ նրա զբաղեցրած պաշտոնի հետ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս հարցը պետք է թողնել իրավապահներին՝ կամ կբացահայտեն, կամ կփորձեն ներկայացնել, թե բացահայտել են, բայց իրականում չեն էլ բացահայտի:
Մեր հարցին, թե ողբերգական դեպքից մեկ օր անց, երբ որևէ բան հայտնի չէ, քննությունը ըստ էության նոր է սկսվում, կոնկրետ քաղաքական ուժի դեմ ուղղորդված այս սլաքները չե՞ն կարող հասարակական-քաղաքական որոշակի շրջանակների կողմից դիտարկվել՝ որպես իրենց վրայից կասկածները հեռու վանելու փորձ, Արմեն Բադալյանն ասաց.
«Այս հարցը ցանկացած փորձագետի կողմից կամ հասարակության ցանկացած շերտի մոտ կարող է տարբեր կերպ ընկալվել, բազմաթիվ ձևերով»: