«Հրայր Թովմասյանն այդ քայլին չի գնա». Արևիկ Պետրոսյան
Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Արևիկ Պետրոսյանն է:
– Ազգային ժողովն (ԱԺ) ընդունեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տալու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որ, այսպես ասած, պայմանական, տարբեր և փորձագետներ, և դատաիրավական համակարգի ներկայացուցիչներ անվանում են դատավորներին կաշառելու մասին օրենք: Ինչպիսի՞ն է ձեր՝ դատավորներիդ մոտեցումը: Պատրաստվո՞ւմ եք ենթարկվել այդ ճնշումներին, արդեն հրաժե՞շտ եք տալիս դատավորի ձեր պաշտոնին, թե՞ շարունակելու եք պայքարել: Ինչպիսի՞ն են տրամադրությունները, ճամպրուկայի՞ն են, թե՞ ոչ:
– ՍԴ-ն աշխատում է բնականոն հունով, իրականացնում է իր՝ Սահմանադրությամբ և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով սահմանված լիազորությունները, և ՍԴ-ում գոնե ինձ հայտնի չէ ճամպրուկային տրամադրություն ունեցող դատավոր այս պահի դրությամբ: Ես կարող եմ, իհարկե, ասել իմ մոտեցումն այս հարցի վերաբերյալ, որն արդեն հրապարակայնորեն հնչեցրել եմ, որ ես չեմ օգտվելու այդ հնարավորությունից, ես շարունակելու եմ ՍԴ դատավորի կոչմանը հավատարիմ՝ իրականացնել իմ առաքելությունը, ինչը ես երդվել եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անկախ և անաչառ: Եվ ես իրականացնելու եմ իմ սահմանադրական իրավունքներն ու գործառույթները:
– Իսկ ինչպիսի՞ն են մյուս դատավորների մոտ տրամադրությունները: Ի վերջո, մարդ են, ճնշումներին կարող են չդիմանալ:
– Բնականաբար, ինչպես և ասացի, ես կարող եմ արտահայտել իմ տեսակետն այս հարցի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում իմ գործընկերների մոտ ճնշված տպավորություն, և եթե հետևել եք, մենք նաև հայտարարությամբ հանդես եկանք, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ մենք շարունակում ենք բնականոն հունով աշխատել, մեր կոչմանը հավատարիմ, և որևէ իմ գործընկեր, համենայն դեպս՝ մեր ընդհանուր զրույցների ընթացքում, չի ասել, որ նա օգտվելու է այդ հնարավորությունից: Կօգտվե՞ն, թե՞ ոչ, իրենց իրավունքն է, և առաջիկայում կտեսնենք:
– Իսկ եթե պարտադրե՞ ն:
– Եթե դու քո առաքելությունն իրականացնում ես, եթե դու ունես, կոնկրետ ես իմ անունից եմ խոսում… Իմ մասնագիտական, մարդկային արժանապատվությունը, իմ անցած ճանապարհը, իմ ինքնագնահատականը, իմ կողմից կայացվող որոշումների՝ մասնակցության, օբյեկտիվության աստիճանն են նաև պարտադրում, որ ես պետք է իրականացնեմ իմ առաքելությունը՝ որպես ՍԴ դատավոր, և ես դա իրականացնում եմ:
– 168.am-ը, իր հավաստի աղբյուրներին հղում տալով, տեղեկատվություն հրապարակեց, ըստ որի՝ ուժային կառույցներին հրահանգ է իջեցվել, որ ՍԴ որոշ դատավորների արտաամուսնական կապերի մասին որոշ տեղեկատվություն հավաքեն և որպես ճնշում՝ գործադրեն ու ստանան հրաժարականները, կենսաթոշակի ուղարկեն: Եվ նաև ոչ միայն 168.am-ը, այլև մինչ այդ «Հրապարակը» հրապարակել էր, որ գաղտնի, փակ խորհրդակցություն է տեղի ունեցել ուժային կառույցների ղեկավարների հետ, և Նիկոլ Փաշինյանի կողմից ուժային կառույցներին մեկ շաբաթ ժամանակ է տրվել, որ փաստեր ձեռք բերեն, որպեսզի ստանան դատավորներիդ գոնե մի մասի հրաժարականները: Հնարավո՞ր է այսպիսի ինչ-որ ինֆորմացիայի ձեռքբերումն ազդի, օրինակ, Ձեր կամ որևէ դատավորի վրա:
– Ինձ վրա, բնականաբար, որևէ ազդեցություն ունենալ չի կարող, որովհետև նման կապի մասին խոսք գնալ չի կարող: Սա՝ առաջինը: Երկրորդ՝ գոնե ուժային կառույցների ներկայացուցիչները քաջ տիրապետում են, որ եթե պաշտոնապես հաստատվի այդ տեղեկատվությունը, դրա հարցի պատասխանը տալու է ոչ թե Արևիկ Պետրոսյանը, Սահմանադրական դատարանը, այլ քրեաիրավական օրենսդրությունը՝ համապատասխան գնահատականով և հետևանքներով հանդերձ: Եթե չի հաստատվում այդ տեղեկատվությունը, եթե այն իրականությանը չի համապատասխանում, բնականաբար, այդ ինֆորմացիային կարելի է վերաբերվել հումորով, ինչպես և վերաբերվում ենք այս պահի դրությամբ: Եվ այդ ժանրից այսպիսի մի դիտարկում կատարեմ, որ երբ մենք գործընկերներով այդ հարցին անդրադառնում ենք, սրա վերջը լինելու է ՍԴ դատավորների կանանց հայտարարությունը՝ այդ տեղեկատվությունը հայթայթելու հետ կապված, որով իրենք, օրինակ, կարող են հորդորել, որ չմտնեն մատի ու մատանու արանքը, և անկախ ստեղծված իրավիճակից՝ իրենք սիրո, հանդուրժողականության ու միաբանության շրջանակներում իրենց ընտանեկան նորմալ, բնականոն հունով ապրելու են:
– Դուք անձամբ, որպես դատավոր, որպես անձ՝ սպառնալիքներ ստացե՞լ եք այս ընթացքում, թե՞ ոչ:
– Սպառնալիքներ, ճնշումներ, հորդորներ… Այս ձևակերպումները թողնենք մի կողմ, որովհետև ես հիմա աշխատում եմ, ես ունեմ իմ ինքնավստահությունը, ես իմ առաքելությունը իրականացնելու եմ: Հետագայում, եթե կարիք, անհրաժեշտություն լինի, այդ թեմայով զրույցներ կունենանք: Փաստն այն է, որ այս պահի դրությամբ ՍԴ-ն բնականոն հունով աշխատում է: Յուրաքանչյուր դատավոր ունի իր լիազորությունների տիրույթը, իր համապատասխան գործերը, որի վարույթով ինքն աշխատում է:
– Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ում գրառում էր կատարել՝ անդրադառնալով, ինչպես նշեցի, ուժային կառույցների հետ Նիկոլ Փաշինյանի այս փակ հավաքներին ու հրահանգներին, նաև արտաամուսնական կապերի մասին ինֆորմացիայի հայթայթմանը: Մեջբերում եմ Վանեցյանի խոսքը. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»: Ի՞նչ է սա նշանակում: Ի վերջո, պատահական մեկը չի ասում, այլ ԱԱԾ նախկին տնօրեն, որը, ընդ որում, եղել է, այսպես ասած, սիրո, թավշյա հեղափոխության կադրերից մեկը, ով հրաժարական տվեց կոնկրետ հայտարարությամբ:
– Կարծում եմ, ձեր հարցը պիտի ուղղեք պարոն Վանեցյանին: Դուք ընթերցեցիք ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը: Վերջակետ: Իմ հարցի պատասխանն այսպիսին էր:
– Երբ դատարանների դռներն արգելափակեցին, կամ երբ իշխանություններն անընդհատ խոսում են ՍԴ նկատմամբ անվստահության մասին, հրաժարականի կոչեր են անում, բողոքի ակցիաներ են, Դուք՝ հասարակության հետ առնչվելով, նկատե՞լ եք՝ հասարակությունը հասկանո՞ւմ է, թե ինչ են պահանջում ձեզնից: Այսինքն՝ ինչի՞ համար է այս ամենը, որովհետև անընդհատ հղում է կատարվում հասարակությանը, որ, օրինակ, գործող իշխանություններն ասում են՝ քանի որ ՍԴ դատավորներին նշանակել են նախկին իշխանությունները, հետևաբար՝ չեք կարող անաչառ լինել, կաշկանդված եք լինելու տարբեր պատճառներով: Հասարակությունը հասկանո՞ւմ է, թե ինչ է տեղի ունենում ՍԴ-ի շուրջ:
– Ես կարծում եմ, որ ձեր հարցը դուք պետք է ուղղեք հասարակության անդամներին: Վստահ եմ, որ դուք այդ հարցի պատասխանը գիտեք: Բնականաբար, երբ ՍԴ մուտքը արգելափակվեց, կամ առանձին ակցիաներ իրականացվեցին ՍԴ շենքի դիմաց մեկ տասնյակ քաղաքացիների կողմից, իրենք ունեին կոնկրետ նպատակ իրենց քաղաքական ակցիան իրականացնելու, միգուցե նաև իրենց դժգոհությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ներկայացնելու իմաստով: Բայց ակնհայտ է հետևյալ հանգամանքը: Այո, ՍԴ-ն իր գործառույթներն իրականացնում է, նա չի իրականացնում կոնկրետ անհատի հետ կապված վեճի լուծման գործառույթ: ՍԴ-ն իրականացնում է նորմատիվ-իրավական ակտերի, ընտրության արդյունքների, միջազգային պայմանագրերով ստանձնվող պարտականությունների սահմանադրականության հետ կապված, ՀՀ նախագահի պաշտոնանկ անելու գործառույթի հետ կապված լիազորություններ:
Այսինքն՝ բոլոր այն լիազորությունները, որ Սահմանադրությամբ ՍԴ-ին վերապահված են: Մեր որոշումների նկատմամբ հանրային վստահության հետ կապված հարցը բավականին խորը հարց է: Դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերը: Վստահությունը, իհարկե, կարևոր է ցանկացած պետական ինստիտուտի արդյունավետ գործունեության համար, բայց վստահությունը ունի նաև ցուցիչներ:
Երբ դուք ուսումնասիրում եք նաև միջազգային փորձը, մեր գործընկեր այլ երկրների սահմանադրական դատարանների համապատասխան հարցի վերաբերյալ մոտեցումները, նրանց մոտեցումներն էլ են նույնը: Վստահությունը մեր կարող է լինել այսպիսին կամ այնպիսին, բայց կարևորն այստեղ մեր կայացրած որոշումներն են, որոնցով մենք ապահովում ենք Սահմանադրության գերակայությունը: Դա կարող է գործող իշխանությանը տվյալ պահին իր կողմից վարվող քաղաքականության շրջանակներում ընդունելի չհամարվել: Նա ստացել է վստահություն, նա իշխող քաղաքական ուժ է համարվում, նա ունի իր ընտրազանգվածը, նա աշխատում է իր ընտրազանգվածի հետ, նա էլ իր տրամադրությունները փոխանցում է իշխանություններին, նա էլ ևս իր տրամադրություններն է փոխանցում ընտրազանգվածին, այն հանրությանը, որի քվեն ստանալով՝ իրենք ստացել են իշխանություն: Խնդիրը կայանում է հետևյալում, թե ՍԴ-ն իր որոշումների միջոցով ինչ խնդիր է լուծում, արդյո՞ք լուծում է Սահմանադրության գերակայությունն ապահովելու իր առաքելությունը:
Վստահության ցուցիչը պայմանավորված է այն հանգամանքով, թե ՍԴ դիմող սուբյեկտները, այդ թվում՝ նաև քաղաքացիները, իրավաբանական անձինք, պետական ինստիտուտները դիմո՞ւմ են ՍԴ՝ ՍԴ-ի կողմից ակնկալելով Սահմանադրության գերակայության ապահովում: մենք ունենք Սահմանադրությամբ և «ՍԴ մասին» օրենքով մեկ տասնյակից ավելի սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ՝ ՀՀ նախագահը, Կառավարությունը, ԱԺ-ն, ՄԻՊ-ը, դատարանները, գլխավոր դատախազը, ՏԻՄ մարմինները և այլն, և ՍԴ-ն վերջին թեկուզ 1.5 տարվա ընթացքում վիճակագրական տվյալներով՝ դիմող սուբյեկտների դիմումների, նախաձեռնության և ակտիվության մասով ունի բավական աճ: Եվ հետաքրքիր ցուցանիշ կարող եմ ձեզ ներկայացնել:
Առավելապես նաև պետական ինստիտուտների մասով, եթե վերջին 10 տարիների վիճակագրությունը նայենք, դատարանների կողմից 10-11 դիմում կամ ունեցած կլինեինք, կամ ոչ, և դա՝ այն պարագայում, երբ այսօր, ժամանակացույցը ՍԴ պաշտոնական կայքում տեղադրված է, մինչև մարտի 31-ն արդեն դրված են դատաքննության օրերը, նիստերը նշանակված են, և այդ ժամանակացույցում երևում է, թե ում դիմումի հիման վրա է ՍԴ-ն տվյալ գործը քննության առել, և երևում է, որ գերակշռում են դատարանները և կառավարությունը: Միայն այս շրջանում մենք 11 դիմում արդեն իսկ ունենք դատարաններից:
– Այս նույն կառավարությունը, որն ասում է, թե ՍԴ-ում ճգնաժա՞մ կա:
– Մենք մեր պետական ինստիտուտների նկատմամբ՝ և Կառավարության, և ԱԺ-ի, և դատարանների, և Հանրապետության նախագահի, և մնացած պետական ինստիտուտների, ովքեր դիմող սուբյեկտ են համարվում ՍԴ և աշխատում են Սահմանադրական դատարանի հետ, ես պետք է նշեմ, որ ՍԴ-ն բոլոր պետական ինստիտուտների նկատմամբ ունի հարգալից վերաբերմունք, և դա է նաև մեր առաքելությունը արդյունավետ իրականացնելու համար հիմքում ընկած կարևորագույն հանգամանքներից մեկը համարվում: Այո, կառավարությունը դիմում է, որովհետև միջազգային պայմանագրերը, որոնցով ստանձնող պարտավորությունները մենք պետք է վավերացնենք ԱԺ-ում, մինչև ՍԴ-ն այդ պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող չճանաչի, չեն կարող ներկայացվել ԱԺ վավերացմանը: Բացի այդ, Կառավարությունը նաև ակտիվ իր իրավական դիրքորոշումներն է ներկայացնում ՍԴ՝ ՍԴ-ում քննվող նորմատիվ-իրավական ակտերի վերաբերյալ: