Նիկոլ Փաշինյանը կատարեց Տիգրան Սարգսյանի երազանքը. տնտեսագետ

2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտահարկի փոփոխություններն այս Կառավարության հապշտապ և առանց երկար-բարակ մտածելու գործելաոճի արդյունքն են, որի հետևանքով պետությունը հարկային բեռը հարուստներից տեղափոխեց կամ վերաբաշխեց հասարակության բոլոր շերտերի, այդ թվում՝ աղքատների վրա։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ նշելով, որ այս փոփոխություններից շահելու են հարուստները, քանի որ նրանք ավելի քիչ եկամտահարկ մուծելով՝ կավելացնեն իրենց եկամուտները, իսկ մինչև 150.000 դրամ ստացողների եկամուտները չեն ավելանա։

Ըստ Պարսյանի՝ բարձր աշխատավարձ ստացողին զիջված գումարը կվճարի այդ նույն աղքատը՝ վճարելով ակցիզային հարկի բարձրացման համար։

«Այդ հարուստներին զիջված հարկերը վճարելու են աղքատները՝ բարձրացված ակցիզային հարկի տեսքով, որը կավելանա, օրինակ, ալկոհոլային խմիչքների համար։ Կառավարությունը պլանավորել էր այս փոփոխությունն անել իր նախընտրական ծրագրով։ Նրանք կարողացան իրականացնել Տիգրան Սարգսյանի երազանքը՝ ամբողջ ծավալով ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգը։ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սարգսյանի երազանքն իրականացրեց, և այն մարդիկ, ովքեր ուրախանում են, որ իրենց համար եկամտահարկը 28 տոկոսից իջնելու է 23 տոկոս՝ թող իմանան, որ շուտով պարտադիր կուտակային կենսաթոշակի համար վճարելու են ոչ թե 5, այլ 10 տոկոս»,- ասաց տնտեսագետը։

Եկամտահարկի համահարթեցման հիմքում տնտեսագետը դիտարկեց այլ հանգամանքներ ևս. մասնավորապես, ըստ նրա, քանի որ 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններին մեծ թվով մասնակցություն ունեցան և փողոց փակեցին միջին խավի բազմաթիվ մարդիկ՝ բանկային համակարգում աշխատողներ, IT ոլորտի մասնագետներ, ուստի Կառավարությունը, նվազեցնելով նրանց վճարած եկամտահարկի տոկոսը, ամեն գնով փորձում է սիրաշահել հենց այդ հատվածին, քանի որ աղքատ խավի ներկայացուցիչները զբաղված են իրենց օրվա հացը վաստակելով և քաղաքականության մեջ չեն մտնում։

Տնտեսագետի համոզմամբ՝ քանի որ գործող կառավարությունն ինքն իր հրապարակած ցուցանիշների ձեռքը կրակն է ընկել, ուստի, անընդհատ այս կամ այն գրառումն անելով, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել։

«Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ի աճի մասին արված գրառումն ընդամենը նպատակ ունի արդարացնել այն սպասելիքները, որոնք ձևավորել է հասարակության մոտ։ Այդ ցուցանիշների ներկայացումը շեղում է օրակարգի լուրջ թեմաներից։ Օրինակ, 3-4 անգամ ավելացրեցին ամանորյա ծախսերը, սակայն զբոսաշրջիկների թիվը չի ավելացել անգամ երկու անգամ. այդ 10-12 տոկոսանոց աճը մենք նախորդ տարի էլ ունեինք, այնպես որ՝ տրամաբանություն չկա արված ծախսի մեջ»,- ասաց Պարսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է ոչ թե հայտարարություններով և ֆեյսբուքյան գրառումներով փորձի ուշադրություն շեղել, այլ պետք է զբաղվի լուրջ խնդիրներով, օրինակ, մենաշնորհների վերացմամբ։

«Բոլոր ոլորտներում մենաշնորհները պահպանում են իրենց դիրքերը. օրինակ՝ եթե դու որոշես բենզին և դիզվառելիք ներմուծել, դու Վրաստանից տրանսպորտային ծախսերը կվճարես ես «Ֆլեշ» և CPC ընկերություններից երեք անգամ ավելի, քանի որ այս երկու ընկերությունները վրացական ընկերության հետ արտոնյալ պայմաններով պայմանագիր ունեն՝ տրանսպորտային ծախսերն առավել ցածր գնով իրականացնելու համար: Այնպես որ, թող գնան այդ հարցը լուծեն։ Այս իշխանությունը վախենում է խոսել մենաշնորհներից, քանի որ պետք է լուծել այդ խնդիրը, ինչի համար պետք է ցանկություն և կարողություն։

Նույնն է խնդիրը նաև սուպերմարկետների դեպքում. ՍԱՍ-ը և «Երևան Սիթին» շարունակում են ընդլայնվել։ Խոշոր սուպերմարկետներում է կենտրոնացված մանրածախ առևտրի 80 տոկոսը։ Մենաշնորհները կային նախկինում, իսկ հիմա այդ խնդիրն ավելի է սրվել. այս Կառավարությունը որևէ ձևով չի փորձում զսպել մենաշնորհները»,- ասաց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ Կառավարությունը չի լուծում իր առջև դրած խնդիրները, և եթե հիմա չկա համակարգային կոռուպցիա, չկան նաև խնդիրներ լուծողներ։

«Այս կամ այն թույլտվությունը տալու համար հիմա կաշառք չեն վերցնում, բայց այդ թույլտվությունն էլ չեն տալիս։ Շատ բիզնեսմեններ հենց սրանից են դժգոհում. մոտիվացիա չկա, որ բիզնեսին օգնեն. խնդիրները լուծողներ չկան»,- ասաց Պարսյանը։

Վերջինիս խոսքով՝ Կառավարության այս գործելաոճի արդյունքն է նաև, որ ՀՀ քաղաքացիներին սպասվում են «սև օրեր», ինչն էլ գիտակցելով՝ նույն Կառավարությունը նախընտրել է 600 մլն դոլար պահել Կենտրոնական բանկում։

«Կառավարությունն իր հավաքած գումարները՝ մոտ 600 միլիոն դոլարի չափով, ավանդ է դրել Կենտրոնական բանկում, դրան զուգահետ՝ 152 մլն դոլարի վարկ է վերցրել, որպեսզի դրանք ծախսի սև օրվա համար։ 2020-2021 թվականների ընթացքում նրանք ունենալու են խնդիր հարկային հավաքագրումների ժամանակ և այդ պահված գումարները կծախսեն իրենց թերհավաքագրումները ծախսելու համար, իսկ այն, որ մենք խնդիր ենք ունենալու, փաստում է այն, որ չկան ներդրումային ծրագրեր։ Այս իշխանությունները մտածում են իրենց 5 տարին ապահով փակելու մասին»,- ասաց Պարսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «հաջորդ տարի 55 միլիարդ դրամ չենք հավաքի ավտոմեքենաների ներկրումից, ինչն արեցինք այս տարի, 100 միլիարդ կհավաքենք այլ տեղից», տնտեսագետը նկատեց.

«Այս պահին ֆինանսական որևէ հոսք չի նկատվում, որը թույլ կտա այդ 100 միլիարդը հավաքել։ Կարծում եմ՝ այս իշխանությունները կգնան քրեական գործերով այդ գումարները հավաքելու ճանապարհով։ Նրանք այդ բացը կլրացնեն տարբեր մարդկանցից գումարներ վերցնելու միջոցով, վստահաբար՝ քրեական գործերով նոր դեմքեր կհայտնվեն։ Նշեմ, որ այդքան արագ հնարավոր չէ գումարներ մուտք անել պետբյուջե, եթե այդ ապօրինի գումարները կան, ապա դրանք անշարժ գույքի տեսքով են, օրինակ՝ «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը չեն կարողանում վաճառել մինչ օրս: Այնպես որ՝ կանխիկ դրված չեն այդ գումարները, հետևաբար՝ իշխանությունը կգնա քրեական գործերի միջոցով հավաքելու ճանապարհով»,- ասաց Պարսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս