Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի համար կարևոր տարի է սպասվում. վերլուծաբան

«Ակնկալում ենք, որ կլինեն ավելի ինտենսիվ ու արդյունավետ բանակցություններ, կառուցողական, հստակ արդյունքներով, որոնք ճանապարհ կհարթեն տարածաշրջանում կայուն  և տևական խաղաղության համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` ամփոփելով 2019թ. ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար:

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ տարվա ընթացքում էական առաջընթաց դեպի բուն կարգավորման գործընթաց չեղավ, բայց զարգացումներ կային բանակցային գործընթացում, ինչը ողջունելի փաստ է: Նրա խոսքով, թեև կողմերը լուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերել, այնուամենայնիվ շարունակվել է բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ տեմպով:

«Սա ես առանցքային կհամարեմ տարածաշրջանում բռնության մակարդակը նվազեցնելու տեսանկյունից, և դա մասամբ հաջողվել է: Հուսանք՝ այդպես և ավելի դրական կլինի իրավիճակը հաջորդ տարի: Պետք է ակնկալել, որ կլինեն ավելի ինտենսիվ ու արդյունավետ բանակցություններ, կառուցողական, հստակ արդյունքներով, որոնք ճանապարհ կհարթեն տարածաշրջանում կայուն  և տևական խաղաղության համար: Դրա համար հարկավոր է հակամարտության կարգավորում, որը ես քիչ հավանական եմ համարում: Լսում ենք կողմերի հայտարարությունները և հասկանում, որ կան քայլեր, զիջումներ, որոնք դեռ հասունացած չեն և չափազանց բացասաբար են ընկալվում հասարակությունների կողմից: Այս իրավիճակում կողմերին և միջնորդներին մնում է պահպանել հանդիպումների այն դինամիկան, որն առկա է, քննարկելով սահմանին միջադեպերը հետաքննող մեխանիզմներ տեղակայելու և դիտորդների քանակն ավելացնելու պայմանավորվածությունների կատարումը: Մենք հասկանում ենք, որ, ինչպես նախկինում, ներկայումս ևս այս հարցը կարող է փակուղի մտնել, ինչը չի նշանակում ամենևին, որ չպետք է ջանքեր ներդնել այս ուղղությամբ, քանի որ հակամարտության կարգավորման ապագան չափազանց անորոշ է»,- ասաց Մաքֆարլեյնը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գալիք տարին կարևոր է լինելու տարածաշրջանի համար՝ հաշվի առնելով այն ներքաղաքական փոփոխությունները, որոնք նախատեսվում են Ադրբեջանում և Արցախում:

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ դրանք ձևավորեն ապագա իրավիճակը բանակցային սեղանի շուրջ, քանի որ ակնկալվում են ընտրություններ, նոր իշխանություններ: «Թեև ես առանցքային փոփոխություններ դիրքորոշումների առումով չեմ ակնկալում, բայց չեն բացառվում ինչ-ինչ փոփոխություններ, որոնք կարող են կանխորոշել ապագան: Հուսանք, որ այդ ամենը կլինի  հօգուտ տարածաշրջանում կայունության»,- ասաց վերլուծաբանը:

Տեսանյութեր

Լրահոս