Տարեմուտը՝ որպես հաշվետվություն
Ոչ մի հասարակագետի ու այլ փիլիսոփայի ձևակերպում այդքան դիպուկ չի նկարագրում ամանորյա տրամադրությունները, որքան պոետի՝ «Իմ թախիծը լուսավոր է» արտահայտությունը: Ամանորին բնորոշ թախիծը հավանաբար տարեվերջ-տարեմուտ երևույթով է պայմանավորված: Իսկ թախիծին լույս, հավանաբար, սպասումն է հաղորդում: Աննուղղելի ու լավատեսական սպասումը:
Մեր վիճակագիրներն էլ տուրք տվեցին լավատեսությանը: 2019 թ. հունվար-նոյեմբեր մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները համարյա վարդագույն (բառն օգտագործված է հին ու դասական իմաստով) պատկեր են ներկայացնում: Տնտեսական ակտիվության ցուցանիշն իրեն բնորոշ 7.5 տոկոսանոց ցուցանիշն է: Տնտեսության բոլոր ոլորտներն աճ են արձանագրել: Բնականաբար, ամեն մեկը՝ իր հասանելիքի չափով: Երկնիշ` համարյա 15 տոկոսանոց զարգացում միայն հանրահայտ ծառայությունների ոլորտն է արձանագրել: Մնացած ոլորտներն ավելի համեստ են: Միայն էլեկտրաէներգիայի արտադրությանը չի հաջողվում հասնել անցած տարվա ցուցանիշներին: Բայց հավանաբար հենց էլեկտրաէներգիայի արտադրությունն է մեր տնտեսության թախիծը: Որովհետև մնացյալը լուսավոր է այս կամ այն չափով:
Օրինակ, աշխատավարձերը, որ բարձրացել են 11 ամիս շարունակ: Բարձրացել են միջինը 5.9 տոկոսի չափով: «Ինչո՞ւ միջինը» հարցը հեշտ պատասխան ունի: Պետական համակարգում աշխատավարձերը բարձրացել են 8.3 տոկոսով: Իսկ մասնավորը պետականի ետևից չի հասցնում աճի 4 տոկոսանոց ցուցանիշով: Բայց ամանորյա լուսավոր թախիծը ստիպում է հրաժարվել պաշտոնական վիճակագրության աճի վերլուծությունից: Հրաժարվել ու նման տեքստ-փաստեր փնտրել միջազգային լրատվությունում: Միայն մենք չէ, որ փորձում ենք տնտեսական, ու՝ ոչ միայն տնտեսական, տարին ամփոփել: Օրինակ, մեր հարևան վրացիները հրապարակել են, թե որքան գումար է ծախսվել Վրաստանի նախագահի արտասահմանյան գործուղումների վրա:
Տիկին Սալոմե Զուրաբիշվիլին բավական ակտիվ շրջագայել է: Ինքն անձամբ ու իր աշխատակազմի աշխատակիցները 2019թ. հունվար-հոկտեմբերին ուղիղ 40 այց-գործուղում են ունեցել: 40 գործուղման վրա վրաց պետությունը ծախսել է մոտ 495 հազար դոլարին համարժեք գումար: Հրապարակվում է, որ սա նախագահի ու աշխատակազմի միացյալ ծախսն է: Միայն նախագահ Զուրաբիշվիլին գործուղումների համար ծախսել է մոտ 120 հազար դոլար:
Ընդ որում, նշվում է, որ այդ գումարից նախագահի գործուղման չափաբաժինը 50.500 դոլարն է: Մնացած գումարից 46 հազարը` ուղեկցող աշխատակազմի աշխատակիցների «բաժինն» է (մնացած 18.5 հազարի հաշվետվությունը չի հրապարակվում): Պետք չէ եզրակացնել, որ հարևան երկրի նախագահը Փարիզում ծնված-մեծացած, աչքը կուշտ գործիչ է: Որովհետև գործուղման մյուս խոշոր չափաբաժինը ծախսվել է հենց փարիզյան այցելության ժամանակ: Այն բյուջեի վրա «նստել» է մոտ 30 հազար դոլար:
Վրաց նախագահի աշխատակազմը գործուղման ծախսերով հետաքրքրվող լրատվամիջոցին տրամադրել է համարյա բոլոր մանրամասները:
Օրինակ, այն, որ նախագահ Զուրաբիշվիլիի ամենաէժան գործուղումը Կոպենհագեն կատարած մեկօրյա այցն է` մոտ 800 դոլար: Դժվար չէ նկատել, որ դա համարյա ավիատոմսերի արժեքն է: Հավանաբար Վրաստանի բյուջեն տնօրինող պաշտոնատար անձինք համարել են, որ մեկօրյա այցի համար սնվելու նպատակով ենթադրվող օրապահիկն ավելորդություն է: Ինքնաթիռում գնալուց էլ են կերակրում, գալուց էլ: Ահա այսպիսի տարօրինակ հաշվետվություն: Տարօրինակ՝ ծախսային փոքր ու համեստ չափաբաժինների պատճառով:
20-րդ դարի երկրորդ կեսի եվրոպական ամենահայտնի կին լիդերը` Մարգարետ Թետչերը, գրում է, որ պետությունը կայացած կարելի է համարել այն դեպքում, երբ հասարակությունը կարողանում է վերահսկողություն ապահովել հանրային, այսինքն՝ պետական բյուջեի գումարների տնօրինման վրա: Աշխարհի հնագույն պետական կառավարման կարգ ունեցող երկրի ղեկավար էր: Հավանաբար գիտեր իր արձանագրածի արժեքը: Գիտեր և ուզում էր, որ ուրիշներն էլ իմանան:
Իսկ մենք, օրինակ, կարող ենք իմանալ, որ 2019 անցնող տարում մեր երկրի արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է 7.4 տոկոսով: Իմանանք ու գոհանանք, որ 11 ամիսների ընթացքում արտահանել ենք 2.4 մլրդ դոլարի ապրանք: Իսկ ներմուծել ենք համարյա կրկնակի արժեքով` 4.83 մլրդ դոլարի: Սա, հնարավոր է, որ լուսավոր է: Լուսավոր է, բայց թախծոտ: