Բաժիններ՝

«Քրեական ենթամշակույթի մասով քրեակատարողական հիմնարկներում շատ բան է փոխվել, դեռ անելիքներ կան». Արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2019 թվականին ոլորտում եղած ձեռքբերումները, առանձնացրեց դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունները և դրանցից բխող գործողությունների ծրագրերը:

«Հեղափոխությունից հետո հանրության պահանջած ամբիցիոզ բարեփոխումները դատաիրավական համակարգում պետք է սկսվեին հենց նմանատիպ ծրագրերի և ռազմավարությունների մշակմամբ, որը մենք կատարեցինք շատ կարճ ժամանակահատվածում: Դրա նախապայմանը մեր միջազգային գործընկերների հետ ֆինանսական աջակցությունն էր, և ոչ միայն՝ ֆինանսական, նաև՝ փորձագիտական: Դատելով միջազգային հանրության և մեր քաղհասարակության արձագանքից, կարող ենք ասել, որ մեզ հաջողվեց իրականացնել այդ ծրագիրը:

Բնականաբար, այսօր չեմ կարող հրապարակել, թե բանակցությունների արդյունքում որքան է լինելու ֆինանսական օժանադակությունը, սակայն այն բացառիկ է լինելու: Հավանաբար հաջորդ տարվա կեսերին կունենանք բանակցությունների վերջնական արդյունքը»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ իրենց ռազմավարությամբ նախատեսված է անկախ դատական համակարգ ստեղծելը, բարեվարքության մեխանիզմների շարունակական կատարելագործման միջոցով դատավորների գույքի հայտարարագրումը, հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման աշխատանքների մեկնարկը, որի վերաբերյալ առաջիկայում e-draft կայքում կտեղադրվի օրենքի նախագիծը, և այլն:

Նա նաև ընդգծեց, որ արդեն ներկայացրել են նախագիծ, որն անցել է միջազգային մի շարք փորձաքննություններ և արդեն գտնվում է Ազգային ժողովում, խոսքը հայտարարագրման շրջանակի ընդլայնման մասին է՝ հայտարարագիր ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը:

«2020 թվականին ամենամեծ խնդիրը, որը պետք է դնենք մեր առջև, վերաբերում է դատարանների ծանրաբեռնված աշխատանքին: Այսօր արդեն քննարկվում է մի նախագիծ, որը վարչական գործերով, ճանապարհային ակտերով գործերն են, և մենք նախատեսել ենք այստեղ պարզեցված ընթացակարգով առաջ շարժվել, որպեսզի դատավորները նիստ չհրավիրեն, կողմերին չծանուցեն և ժամանակ խնայեն»,- շեշտեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին Առաջին ատյանի դատարաններ մուտք է եղել 165 523  քաղաքացիական գործ, նույն ժամանակահատվածում մուտք է եղել նաև սնանկության վերաբերյալ 2015 դիմում:

Համեմատելով այս տվյալները, Արդարադատության նախարարը նկատեց, որ 2017 թվականին  մուտք է եղել  14 674  գործ, վարչական գործերի մասով նույնպես դատարաններ մուտագրված գործերն այժմ շատացել են:

Ըստ նրա, այս ամենը խոսում է դատարանների ծանրաբեռնված աշխատանքի մասին:
«Քրեակատարողական ոլորտում մեր հիմնական ձեռքբերումը քրեական ենթամշակույթի նահանջման հետ կապված նշանակալից աշխատանքներն են,  այս մասով անելիքները շարունակվում են:

Ընդհանրապես քրեակատարողական ոլորտում ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ այն նախատեսված չի եղել պետության կողմից կառավարման համար, այսինքն՝ ոլորտը հանձնված է եղել քրեական ենթամշակույթին: Քանի որ քրեակատարողական հիմնարկում չկան տարրական շենքային պայմաններ, էլեկտրոնային վերահսկման մեխանիզմներ, խցերն անվտանգության տեսանկյունից գտնվում են ոչ պատշաճ պայմաններում, օրինակ՝ դռների վիճակը խիստ մտահոգիչ է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Այստեղ մենք այժմ ունենք նշանակալից հաջողություններ, կադրային փոփոխություններ կատարելուց հետո, քրեական ենթամշակույթի մասով քրեակատարողական հիմնարկներում շատ բան է փոխվել, իհարկե, դեռ անելիքներ կան»,- շեշտեց Ռուստամ Բադասյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս