Բաժիններ՝

Մեր պայքարը մարդկանց հետ չէ, այլ` ծանրաձողի. Սամվել Գասպարյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականը եղել և մնում է հենակետային մարզաձևերից, որը տարիների ընթացքում, անկախ սերնդափոխության առկայությանը, ունեցել է իրենց քաշային կարգում մրցունակ մարզիկները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ընտրանու անդամ, Եվրոպայի 2019 թվականի արծաթե մեդալակիր Սամվել Գասպարյանը խոսեց անցնող տարվա, նպատակների և կարիերայի ճակատագրական պահին Յուրի Վարդանյանի՝ իր վրա ունեցած ազդեցության մասին:

-Սամվել, խնդրում եմ պատմեք, թե եր՞բ սկսեցիք տարվել ծանրամարտով:

-Ծանրամարտով սկսել եմ հետաքրքրվել 8 տարեկանից: Քեռիս` Հարություն Եղոյանը, դարձավ առաջին մարզիչս և մինչ օրս էլ ինձ հետ աշխատում է: Նա խորհուրդ տվեց զբաղվել ծանրամարտով: Մինչ ծանրամարտով մարզվելը տարված էի նաև ֆուտբոլով, մարմնամարզությամբ, ըմբշամարտով: Սակայն այս մարզաձևերից ամենահոգեհարազատը ծանրամարտն էր:

-Հայաստանը ներկայացնող մարզիկների մի մասը Գյումրիից է: Որտեղի՞ց գյումրեցիներին այդքան ուժ:

-Ամեն ինչ գալիս է մեր ավագ սերնդից: Գյումրին լեգենդար շատ մարզիկներ է ունեցել: Սովորել ենք մեր մեծերից, նրանցից սովորելով է, որ այսքան ուժեղ են գյումրեցի մարզիկները: Գյումրու համար առաջնայինը պատվախնդրությունն է:

-Դուք լուրջ վնասվածք ունեիք: Վերականգնվեցիք և մասնակցեցիք միջազգային մի շարք մրցաշարերի: Մեկ այլ մարզիկ պարզապես կհեռանար մեծ սպորտից: Ի՞նչը ձեզ նորից վերադառնալու ուժ տվեց:

– 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ շատ լուրջ վնասվածք ստացա: Եվ որոշել էի հեռանալ մեծ սպորտից, քանի որ դա երկրորդ վնասվածքն էր: Վնասվածքիցս օրեր անց մահացավ Յուրի Վարդանյանը, ով իմ քեռու`Հարությունյան Եղոյանի քեռին է: Հենց այդ իրադարձությունն էր, որ իմ մեծ ամեն ինչ փոխեց և ստիպեց վերսկսել մարզումներս: Վարդանյանի մահվանից հետո որոշում ընդունեցի շարունակել իր գործը` ծանրամարտում անհնարինը հնարավոր դարձնելով: Վերականգնելուց հետո մասնակցեցի առաջին մրցաշարին` Հայաստանի առաջնությունն էր:

-Արդյոք հիմա բուժման կուրսը շարունակո՞ւմ եք:

-Այո, վերջին մրցումներից հետո վերականգնվում եմ: Գրեթե բուժվել եմ և նախապատրաստվում եմ 2020-ի մրցաշրջանին: Գալիք տարվա ամենալուրջ խնդիրս Եվրոպայի մեծահասակների առաջնությունն է:

-Ո՞րն եք համարում ամենակարևոր որակը մեծ արդյունքների հասնելու համար:

-Ինձ համար կարևոր են զսպվածությունն ու համեստությունը: Մարզիկը երբեք չպիտի տառապի «աստղային հիվանդությամբ»: Բոլոր այդ զգացողությունները պետք է միայն մրցահարթակում արտահայտել:

-Ձեզ հաճախակի մրցանակաբաշխությունների ընթացքում տեսնում ենք Յուրի Վարդանյանի լուսանկարով շապիկով: Ի՞նչ խորհուրդ ունի այն ձեզ համար:

-Արդեն ասել եմ, որ նրա մահից հետո, այսպես ասած, նպատակ դրեցի շարունակել իր կիսատ թողած գործը: Թեպետ սպորտում Վարդանյանն ինձ իր ասելիքն ասել է: Դեռևս 2016 թվականին Թբիլիսիում աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակ հետևեց ելույթիս, հետո մոտեցավ և խորհուրդ տվեց: Ընդամենը մի քանի բան ասաց, բայց այդ խոսքերը իսկապես մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա:

-Իսկ ի՞նչ ասաց:

-Հորդորեց երբեք չտարվել նվաճումներով: Նույն այդ «աստղային հիվանդությամբ» չտառապել: Հարգել մարդկային որակները, ժամանակից շուտ հաղթածի կեցվածք չընդունել:

-Ինչպիսի՞ն էր 2019 թվականը, ընդհանուր առմամբ, քեզ համար:

-Մեդալառատ էր, եթե կարելի է այսպես ասել։ Բայց ես կարող էի ավելին: Սակայն ինչ-որ տեղ թերի էր: Եվրոպայի առաջնությունում լավ արդյունքի հասնելու համար ինձ խանգարեց փորձի պակասը, իսկ աշխարհի առաջնությունում նորից իր մասին հիշեցրեց վնասվածքը: Մեր պայքարը մարդկանց հետ չէ, այլ` ծանրաձողի։ Հաղթեցիր իրեն, կհաղթես ինքդ քեզ: Ես կարող էի այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարել, բայց ցավալի էր, ելույթս անհաջող էր: Տարվա գերնպատակը հենց այդ էր: Որոշել եմ քաշս փոխել և օլիմպիական 109 կգ քաշում հանդես գալ, սակայն, ըստ իս, այստեղ դեռ անելիքներ ունեմ:

-109 կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյան կա, չե՞ք կարծում, որ լուրջ մրցակից կունենաք ի դեմս նրա:

-Այո, շատ ուժեղ մրցակցություն կլինի, պարզապես Եվրոպայի առաջնությանը մասնակցել էի 109 կգ քաշում և մրցակցությունը ցույց տվեց, որ քաշային կարգի փոփոխության դեպքում կարողանում եմ բարձր կիլոգրամներ բարձրացրել: Բայց ես ունեմ անձնական քաշի խնդիր, ինչը դեռևս մտածելու առիթ է տալիս:

-Ինչպե՞ս եք պատրաստվում նշել տոները: Ի՞նչ հատուկ արարողակարգ ունեք:

-Յուրօրինակ ավանդույթ ունենք Գյումրիի ծանրամարտի մեր դահլիճում: Հենց դեկտեմբերի 31-ին վերջին մարզումն ենք անցկացնում՝ կարծես ամփոփելով տարին և ցույց տալով, թե ինչ արդյունք ունենք այդ տարի: Իսկ տոներն անցկացնելու եմ ընտանիքիս հետ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս