«Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից». ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հրաժարվում է գնալ վաղ կենսաթոշակի

«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու արդեն ուժի մեջ մտած օրենքին ու դրանից օգտվելու հավանականությանը՝ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Արևիկ Պետրոսյանը Սահմանադրական դատարանում ճգնաժամ չի տեսնում: Նկատում է՝ ճգնաժամ կլիներ, եթե բարձր դատարանը չկարողանար իրականացնել իր գործառույթները, չկարողանար նիստեր անցկացնել կամ որոշումներ կայացնել, կամ, եթե Սահմանադրական դատարանի ու դատավորների անգործության հետևանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեին խնդիրներ իրենց լիազորությունները բնականոն իրականացնելու համար:

«Սահմանադրական դատարանը առ այսօր բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով: Որևէ նիստի քվորումի հետ կապված՝ մենք, իրավազորության հետ կապված, որոշման կայացման հետ կապված՝ խնդիր չենք ունեցել: Կայացրել ենք մեր որոշումները բարձր պետականության զգացողությամբ, պետական ինստիտուտների նկատմամբ փոխադարձ հարգալից վերաբերմունքի մթնոլորտում իրականացրել ենք մեր սահմանադրական առաքելությունը»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե արդյո՞ք Վահե Գրիգորյանը մասնակցում է բարձր դատարանների աշխատանքներին, Պետրոսյանը պատասխանեց, որ Գրիգորյանին Սահմանադրական դատարանում տեսնում է միայն միջանցքում՝ այս կամ այն սենյակ գնալիս:

«Աշխատանքային նիստերին ինքը չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում, ես տեղյակ չեմ, թե այս պահի դրությամբ ինքը ՍԴ շենքո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք ունեցել ենք պատրաստակամություն՝ լսելու իրեն, իր դիտարկումները: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորների հետ պատրաստվում է իր նկատառումները, դիտարկումները կիսել: Օրինակ՝ ինձ հետ հանդիպելու նախաձեռնություն չի ունեցել, ինչո՞ւ՝ չգիտեմ: Կարող եք հարցնել իրեն:

Նա ՍԴ դատավորի երդում է տվել՝ լինել անաչառ և ապահովել սահմանադրության գերակայության իր առաքելությունը: Եվ նա պետք է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով իր լիազորությունները իրականացներ իր տված երդման, իր ստանձնած լիազորությունների, իր ստանձնած պաշտոնի շրջանակներում:

Ցանկացածն ունի իր կարծիքը, իր մոտեցումները, իր հիմնավորումները: Դրանք կարող են լինել իրավական, դրանք կարող են լինել քաղաքական, և այլն: Ես կհասկանայի Վահե Գրիգորյանին և իր մեղադրանքները, եթե դա նա կատարեր մինչ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը: Եթե նա գտնում էր, որ այնպիսի մթնոլորտ է, այնպիսի, իր ձևակերպմամբ, ճգնաժամային իրավիճակ է, որը անհաղթահարելի է, պետք է բարի լիներ, պայքարեր դրա դեմ, եթե կարող էր՝ հաղթահարեր, ունենար իր պատկերացրած իրավական մթնոլորտը, նոր ընտրվեր, ձգտեր, շատ ձգտեր, ինչպես ձգտեց, գալ Սահմանադրական դատարան և իրականացնել իր առաքելությունը: Ես դա կհասկանայի, ես դա կընդունեի, ես դա կըմբռնեի»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, դեկտեմբերի 26-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը: Բարձր դատարանի դատավորներն այս առաջարկից օգտվել կարող են մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս