Ամանորյա «ընտրակաշառք», կամ՝ ինչ են առաջարկում քաղաքական ուժերն ընտրողին Արցախում

Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերը, անհատներն առիթը բաց չեն թողնում հանրության տարբեր շերտերի համակրանքը ստանալու համար: Ընդ որում, դրան հասնելու համար վերջիններս միջոցների առջև խտրականություն չեն դնում: Սա մի կողմից՝ սպասելի գործընթաց է, մյուս կողմից՝ մի շարք հարցեր է առաջացնում:

Նախ՝ առաջին հարցադրումը վերաբերում է նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին: Արդյո՞ք նրանք մինչև քվեարկության օրը շարունակելու են պաշտոնավարել իրենց պաշտոններում, այս փուլում, երբ դեռ նախընտրական քարոզարշավը չի սկսվել, նույնիսկ առաջադրումների փուլին չենք հասել, ո՞ւմ դիրքորոշումը կամ տեսակետն է արտահայտում տվյալ պաշտոնյան: Ի՞ր՝ որպես պոտենցիալ թեկնածուի, թե՞ այն ֆիգուրի, ով այդ պահին պաշտոն է զբաղեցնում:

Տարբեր առիթներով քննադատում էին Արցախի նախկին վարչապետի՝ իր պոտենցիալ համախոհներին  տարբեր արտոնություններ տալը՝ պաշտոնների, հովանավորչության, նույնիսկ արտահերթ վարկեր տրամադրելու ձևով: Արդյո՞ք այս ամենն օրենքից դուրս է, եթե՝ այո, ապա ինչո՞ւ մինչև այժմ իրավական գործընթաց չի եղել՝ թեկուզ նրան ընդդիմախոս գործիչների կողմից: Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ դրանք, այսպես կոչված, «օդում կախված» լուրերի շարքից են, դժվար է միանշանակ ասել:

Վերջին օրերին էլ Արցախում լուրեր են շրջանառվում պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ստեղծած կուսակցության անունից քաղաքացիներին զանգեր կատարելու և տանը փոքր երեխաների առկայության մասին տեղեկատվություն ճշգրտելու վերաբերյալ: Ըստ նույն տեղեկությունների՝ նրանց ուղիղ ձևով հարցնում են, թե արդյո՞ք ցանկանում են Սամվել Բաբայանի կուսակցության կողմից ամանորյա նվերներ ստանալ:

Սոցիալական ցանցի արցախյան տիրույթում մի քանի օգտատեր այդ թեմայով նույնիսկ գրառումներ են արել: Հարցադրումներ կան նաև այն առումով, թե որտեղից նորաստեղծ կուսակցությանն անհատական տվյալներ, որ նրանք էլ ըստ հասցեների, հեռախոսահամարների՝ «տոնական հարցումներ» են անում: Արդյո՞ք սա ընտրություններին ընդառաջ բաժանվող ընտրակաշառք չէ: Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք իրավապահ մարմիններն արձագանքել կամ արձագանքելու են այս միջադեպին:

Մեկ այլ տրամաբանության մեջ էլ, խորհրդարանական ուժերն Արցախի բյուջեում առկա կապիտալ ծախսերը փորձում են ներկայացնել՝ որպես իրենց հաջողություն, դրանք փորձելով, այսպես ասած, «ծախել» ընտրողների վրա: Ներկայացվում է, որ համայնքի համար այս կամ այն օբյեկտն է կառուցվելու՝ իրենց «համառ» ջանքերի շնորհիվ: Արդյո՞ք սա ընտրակաշառքի նմուշ է, թե՞ ոչ:

Ինչևէ, Արցախում իրադարձություններն այլևս նախընտրական տրամաբանության մեջ են, որոնք ամանորյա օրերին կպասիվանան, ապա ողջ ուժով կմտնեն իրենց դերի մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս