Բաժիններ՝

«Ամեն ինչ սկսվեց ավտովթարից». Դավիթ Աբրահամյան

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Անտեսանելի» թատերային շոու-մոնոներկայացման պրեմիերան։

Ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորում էր թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Աբրահամյանը, ով հեղինակել է նաև «Անտեսանելի» պիեսը։

Պիեսի ու ներկայացման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Դավիթը ենթարկվել է ավտովթարի։

«Ավտովթարից 1 օր անց ես հասկացա, որ ուղղակի կարող էի չլինել, դրանից հետո եկավ ծնողի նկատմամբ և կյանքի յուրաքանչյուր վայրկյանի համար շնորհակալության ժամը։ Այս ներկայացումով հենց դա եմ ուզում ասել՝ պետք է գնահատես կյանքի յուրաքանչյուր վայրկյանը և դրա համար շնորհակալ լինես։ Ներկայացման թեմաներն ընտրել եմ՝ շփվելով իմ և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, այսինքն՝ փորձել եմ հասկանալ, թե ինչ խնդիրներ են հուզում հասարակությանը, ինչ թեմաներ են պտտվում քաղաքում։ Այստեղ  նպատակ եմ ունեցել ներկայացնելու մի քանի ստեղծագործողների աշխատանք՝ Բոկովսկի, Մարկես և կինոգետ Դավիթ Մուրադյան, որպեսզի հանդիսատեսը թեթև ժանրի մեջ լսի համաշխարհային, ինչո՞ւ չէ, նաև հայ ստեղծագործողների աշխատանքների մասին և հետաքրքրվի նրանցով»,- ասաց Դավիթ Աբրահամյանը։

Դերասանի խոսքով՝ մոնոներկայացման ժանրը նրան հոգեհարազատ է դեռ մանկուց: Նա պատմում է, որ մանուկ հասակում հասակակիցները «հրաժարվել» են իր հետ «թատրոն-թատրոն» խաղալ, ուստի միայնակ է մնացել և ստիպված հանդես եկել մոնոներկայացումներով։

«Ինքս շատ եմ սիրում Վարդան Պետրոսյանին, և այդ ժանրի մեջ նա լավագույն արտիստներից է, նրանից ոգևորված էլ ձգտում եմ դեպի մոնոներկայացում, բայց չնմանվելով նրան։ Կարծում եմ՝ մենք նույն աղբյուրից ենք սնվում՝այդ աղբյուրը Շառլ Ազնավուրն է»,- հավելեց նա։

Ներկայացման մեկ-երկու տեսարանում դերասանը խոսում է նաև բեմի խնդիրների մասին, օրինակ, որ վարագույրը ձեռքով են բացում, ուստի հենց բեմից կեսկատակ-կեսլուրջ դիմեց պատկան մարմիններին՝ խնդրելով լուծել խնդիրը։

«Դահլիճի ու բեմի հետ կապված խնդիրների հատվածը ներկայացման մի մասն են կազմում, մտածում եմ, եթե հիմա գան վերանորոգեն՝ ուղղակի խոսելու բան չեմ ունենա այդ հատվածում։ Ներկայացումը հրաշալի միջոց է հուզող հարցերն ու խնդիրներն արտահայտելու համար, ոչ թե վատ ձևով, այլ ուղղակի հումորի միջոցով։ Մտածում են, թե ավելի լավ է ֆիլմեր ֆինանսավորեն կամ անհայտ ծագման ներկայացումներ, բայց բուն Թատերական ինստիտուտը, որը տալիս է արտադրանք ամբողջ Հայաստանի համար՝ թողել են բարձիթողի վիճակում»,- շեշտեց Դավիթը։

Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանն էլ ընդգծեց, որ թատրոնի ռազմավարական գերակա ուղղությունը մշտապես եղել և մնում է շնորհալի նոր անունների բացահայտումը և իրականացվող բեմադրությունների հանրահռչակումը, ինչն ինքնին բերում է նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

«Լիահույս եմ, որ Դավիթը կշարունակի ջանասիրաբար աշխատել՝ բռնելով ինքնակատարելագործման ճանապարհը։ Առաջիկայում ունենք նոր պրեմիերա՝ Կլոդ Մանյեի «Օսկարը» կատակերգությունը, որը նույնպես մեծ հաջողություններ արձանագրելու հեռանկար ունեցող բեմադրություն։ Ինչպես շատ թատրոններ, այնպես էլ Ուսանողական թատրոնն ունի տեխնիկական վերազինման անհրաժեշտություն, որն առաջիկայում մասնակի կլուծվի: Սակայն դա, մեծ հաշվով, չի խանգարում ակտիվ ստեղծագործական կյանքին, քանի որ մեր ուսանողների մեծագույն մոտիվացիան մասնագիտական սերն է, ինչի արդյունքում մեզ մոտ միշտ կարելի է տեսնել նոր գաղափարների, ստեղծագործական նոր ճանապարհներ փնտրելու առատություն, քանի որ հիմնականում բեմադրիչները հենց այն երիտասարդներն են, որոնք ուսումնասիրում են թատերական արդի ուղղությունները՝ փորձելով քայլել ժամանակին համընթաց ստեղծագործական ճանապարհով։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում մեր հանդիսատեսը կարող է դիտել տարբեր ժանրերի բեմադրություններ։

Առաջիկայում պատրաստվում ենք նոր պիեսի բեմադրության՝ նվիրված քառօրյա հերոսամարտի մեր քաջերին։ Աշխատանքներ ենք տանում մեր լավագույն ներկայացումները մարզերում ցուցադրելու ուղղությամբ, բայց սա արդեն գարնանային շրջանում՝ եղանակային ավելի արևոտ և տաք օրերին։ Իսկ մինչ այդ կշարունակենք լավագույն ներկայացումների ցուցադրությունները մեր սիրելի թատրոնում»,- եզրափակեց Էրիկ Բարսեղյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս