«Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում կլինի, այլ հակառակը` նվազում». Բաբկեն Թունյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, չնայած 2020-ի հունվարից երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը, մի շարք ապրանքների գծով ակնկալում է ոչ թե գների բարձրացում, այլ նվազեցում` նկատի ունենալով մենաշնորհների վերացումը: Բ. Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ունեցած իր ելույթում:
«ԿԲ-ի գնահատումներով մաքսատուրքերի բարձրացման ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4-0.5 տոկոսային կետ: Եվ կան ապրանքատեսակներ, օրինակ՝ թռչնի միսը, որոնց գծով այս տարվա ընթացքում նկատվել է ոչ թե գների բարձրացում, այլ գնանկում` հիմնականում պայմանավորված մենաշնորհային ուղղությունների թուլացմամբ: Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում կլինի, այլ հակառակը` նվազում»,- ասաց Թունյանը:
Նա հորդորեց քաղաքացիներին տագնապի չմատնվել, շեշտեց` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի, որ հանկարծ չարաշահումներ չլինեն:
ԵԱՏՄ անդամակցությամբ մի շարք ապրանքների մաքսատուրքերի առումով Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: 2020-ի հունվարի 1-ից արտոնյալը ժամկետն ավարտվում է, և երրորդ երկրներից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին: