Պաշտոնեական կեղծիք Երևանի քաղաքապետարանում. Դավիթ Խաժակյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Երևանի քաղաքապետարանում պաշտոնեական կեղծիք է եղել. պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ավագանու արտահերթ նիստի ընդմիջման ժամանակ ավագանու անդամը հանցագործության մասին գրավոր հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դավիթ Խաժակյանը, հղում անելով Քաղաքապետարանի պաշտոնական էջին, պնդում է, որ Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու և քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք ունեցող Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կատարել է  քաղաքապետի լիազորությունները, նրա անունից ստորագրել է փաստաթղթեր, ինչի իրավունքն օրենսդրորեն չունի:

Դավիթ Խաժակյանի հիմնավորմամբ՝ «Քաղաքապետին փոխարինելու իրավունք ունի բացառապես մեկ անձ, և այդ անձը քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է: Վերջինը գնում է երկրից այն ժամանակ, երբ Մարությանն անակնկալ կերպով չի վերադառնում Հայաստան: Մարությանը պետք է վերադառնար ամսի 4-ին: Այդ օրն ասել է, որ իր արձակուրդը պետք է երկարաձգել և լիազորությունները դնել մեկի վրա, իրենք դա իրականացրել են մի թղթով, որը լրացրել են հետին թվով՝ նոյեմբերի 4-ին կազմված թուղթը թվագրված է հոկտեմբերի 17-ին»:

Դավիթ Խաժակյանը վստահ է, որ չնայած փաստաթղթով Հայկ Մարությանի արձակուրդի ժամկետը նշված է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը, քաղաքապետն արձակուրդից պետք է վերադառնար նոյեմբերի 4-ին: Սրա մասին վկայում են մամուլի հրապարակումներն ու Երևանի քաղաքապետարանի նոյեմբերի 4-ի որոշումները, որոնց տակ գրված է Հայկ Մարությանի անունը, ինչը նշանակում է, որ աշխատակիցները ևս այդ օրը սպասել են, որ քաղաքապետը Քաղաքապետարանում պետք է լիներ:
Դավիթ Խաժակյանը խնդրել է քաղաքապետ Հայկ Մարությանին արձակուրդ ուղարկելու մասին որոշումը, որը ստացել է դեկտեմբերի 16-ին: Այդ փաստաթղթի տակ Հայկ Մարությանի ստորագրությունն է ու կնիքը: Ավագանու անդամի ձեռքի տակ կա մեկ այլ փաստաթուղթ, նույն որոշումը, նույն ամիս-ամսաթիվը, քաղաքապետի կնիքը, բայց ոչ նրա ստորագրությունը:  Երկու փաստաթղթերը համեմատելով՝ Դավիթ Խաժակյանը հայտարարում է, որ այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ քաղաքապետը նոյեմբերի 4-ին չի վերադառնալու, նրան արձակուրդ ուղարկելու մասին կարգադրությունը կեղծվել է և գրվել է նորը:

«Վերադառնալուց հետո Հայկ Մարությանը հասկացել է, որ կարող են ասել՝ եթե սա հոկտեմբերի 17-ի փաստաթուղթ է, ապա ինչո՞ւ քո ստորագրությունը չէ տակը, փոխել են:  Սա պաշտոնեական կեղծիք է, որի համար քաղաքացիներից մեկն ավելի քան 20 օր պահվեց կալանավայրում: Նկատի ունեմ Արսեն Բաբայանին, ում հոդվածը պաշտոնեական կեղծիքն էր»:

Տեսանյութեր

Լրահոս