«Քայլող մարդու» արձանը Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» արձանն է. կարող էին տեղադրել իրենց կուսակցության գրասենյակի դիմաց. Գեորգի Գաբրիելյան

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է անհանգստացնել օրվա իշխանությանը, իսկ միտքը, որ Սարգսյանը շարունակում է լսելի մնալ հասարակության համար, արդեն իշխանության մոտ առաջացնում է նյարդային կծկումներ: 168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, պատմաբան Գեորգի Գաբրիելյանը՝ հավելելով.

«Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո ներքաղաքական կյանքում խառնաշփոթ է. պատգամավոր, ավագանի, ԱԺ փոխնախագահ, վարչապետ՝ ջղաձիգ հարձակումների են դիմում՝ դրանով իսկ փաստելով, որ իրենք զգում են, որ Սերժ Սարգսյանի ելույթը խառնել է իրենց բոլոր խաղաքարտերը։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ ուղիղ եթերում ասում էր, թե իբր Սերժ Սարգսյանը վտանգ չի ներկայացնում, մերժված է։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե վտանգ չեք տեսնում՝ ինչո՞ւ եք դուք և ձեր քաղաքական պապան զգում, որ Սերժ Սարգսյանը կարող է հստակ ձեր տեղը ձեզ ցույց տալ, դառնալ ընդդիմադիր բևեռ, կոնսոլիդացնել ընդիմադիրներին և քաղաքական իմաստով դառնալ սպառնալիք ձեր իշխանությանը»։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության կիրակնօրյա եթերում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը քաղաքական առումով որևէ մեկին չի անհանգստացնում և մոտակա տարիներին որևէ մեկին չի էլ կարող անհանգստացնել։

«Իսկ ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանը քաղաքական առումով, կասե՞ք ինձ։ Սերժ Սարգսյանը քաղաքական առումով դիակ է, որևիցե մեկին ոչ վտանգ է սպառնում, ո՛չ անհանգստացնում է, ո՛չ էլ կարող է անհանգստացնել մոտակա 10-15 տարում»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով այսօր խորհրդարանում քննարկվող նախագծերից մեկին, որը վերաբերում է ատելության խոսքը քրեականակացնելուն, Գեորգի Գաբրիելյանը նկատեց, որ քաղաքական բոլոր գործընթացների վերաբերյալ տարվող դիսկուրսը, որն ընթանում է հոգեբանական մաղձի և ատելության շաղախով, ցույց է տալիս, որ, եթե այդ նախագիծն օրենք դառնա, ապա պատասխանատվության ենթարկվողներն առաջին հերթին կլինեն հենց իշխանությունից։

«Եթե ատելության խոսքը քրեականացնելու մասին օրենքն ընդունվի, ապա դրա թիվ 1 շահառուն լինելու է երկրի վարչապետը, իսկ նրա թիմի անդամները՝ հաջորդիվ»,- ասաց մեր զրուցակիցը։

Գեորգի Գաբրիելյանը, ով Երևանի ավագանու նախկին անդամ է, խոսեց նաև Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկի՝ Երևանի քաղաքապետարանի համայնքային կանաչապատման հիմնարկ ստեղծելու մասին։

Ավագանու նախկին անդամի խոսքով՝ քաղաքային տնտեսությունների միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սովորաբար նման հարցերն առավել արդյունավետ լուծում են մասնավոր ընկերությունները։

«Համայնքը չպետք է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի։ Կանաչապատման գործը պետք է տալ մասնավորին, դնել պահանջներ, կատարել վճարումն ու պահանջել պարտականությունների կատարում։ Հիմա ստացվում է, որ հարկատուների հաշվից հավաքված գումարը դնում են, ծախսում առավելագույնը, որպեսզի հարցերը լուծեն, քանի որ խոստում են տվել։ Այսպես եղավ նաև աղբահանության հարցում»,- ասաց Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ, թեև աղբահանության խնդիրն այժմ կարելի է համարել լուծված, սակայն դեռ հայտնի չէ, թե մասնավոր ընկերության հետ ունեցած խնդիրների հետևանքները մեզ համար ինչպիսին կլինեն։

Խոսելով ավագանու նիստում կայացված մեկ այլ որոշման մասին, ըստ որի՝ Երանի Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը, Գաբրիելյանն ասաց. «Դա նույնն է, որ Երևանի սրտում՝ Հյուսիսային կենտրոնում, «Իմ քայլը» դաշինքը կանգնեցնի «Իմ քայլի» արձանը. լավ, իմա՞ստը։ Երբ այդպիսի տեղում նման արձան ենք դնում, որպես ազգ՝ պետք է դրան իմաստ և գաղափարախոսություն տանք, մշակույթ զարգացնենք, իսկ հիմա իրենք ի՞նչ են ցանկանում զարգացնել։ Ինչպես «Քաղաքացու օրը», այնպես էլ այս արձանն իրենց կուսակցությանն են նվիրված։ Այս արձանը կարող էին տեղադրել իրենց կուսակցության գրասենյակի դիմաց։ «Քայլող մարդու» արձանը Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» արձանն է լինելու»,- ասաց Գաբրիելյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս