«Սենատում ընդունված բանաձևի հարցում դեր ունեցավ Թուրքիայի քաղաքականության նկատմամբ դժգոհությունը». Վիկտոր Նադեին-Ռաևսկի
«Թուրքիան և ՆԱՏՕ-ն փորձում են չանցնել կարմիր գծերը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Հիշեցնենք, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի սպառնալիքներին` ԱՄՆ Սենատն օրերս միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է՝ որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։ Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի Ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ այս թեման այնքան գերզգայուն է, որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները սկզբից Ստորին՝ Ներկայացուցիչների պալատում բանաձևն ընդունեցին, իսկ հիմա արդեն՝ Սենատում:
Նրա գնահատմամբ՝ սա պատմական արդարության վերականգնման փաստ է, այդ հանցագործությունն Անտանտի տերությունների կողմից է դատապարտվել ժամանակին և այն ժամանակ դա անվանվել է հանցագործություն մարդկության դեմ, այն ժամանակ Ցեղասպանություն տերմինը դեռ չկար, և այդ տերմինն առաջացավ հենց Հայոց ցեղասպանության թեմայով:
«Այս ամենում իր դերակատարությունն ունեցավ նաև Թուրքիայի քաղաքականությունից դժգոհությունը, որն արտահայտում էին դեմոկրատներն ու հանրապետականները, բայց առավելապես նրանց հունից հանեց այն, որը նրանք անվանում են գործընկերային պարտավորությունների խախտում, իսկ թուրքերը համարում են իրենց ինքնիշխան արտաքին քաղաքականության իրականացում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ չնայած նրան, որ կան դժգոհություններ, տարաձայնություններ ՆԱՏՕ-ի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, սակայն կողմերը, այնուամենայնիվ, փորձում են չհատել կարմիր գծերը, քանի որ Թուրքիային այլընտրանք չունեն արևելյան Միջերկրական ծովի ավազանում: