«Այսօր  բռնության քարոզն ու ատելության խոսքն ուղղակի լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Հարցի հիմնական զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի խոսքով՝ աշխատանքային խումբը ստեղծվելու է բոլոր հարցերին պատասխանելու համար, և այժմ չի պատրաստվում որևէ ֆորմուլայի մասին խոսել: Նա հույս ունի, որ աշխատանքային խմբի ստեղծումը կօգնի գտնել մի բանաձև, որը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով պայքարել ատելության դեմ:

«Այս խնդիրը տարբեր հարթակներում է քննարկվում և տարբեր մոտեցումներ են առաջարկվում, կարծում եմ՝ խորհրդարանն այն հարթակն է, որտեղ պետք է ի մի բերվեն այդ առաջարկները: Ֆորմալ առումով այդ խմբում ներգրավված են լինելու տարբեր պատգամավորներ, լինելու է մեծ ու բաց հարթակ: Ինչպես գիտեք՝ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել և, կարծեմ՝ արդեն խորհրդարան է ուղարկել բռնության կոչերի դեմ օրենքի նախագիծ»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ ուսումնասիրելու են միջազգային փորձը՝ հասկանալու, թե տաբեր երկրների օրենսդրությունն ինչպիսի լուծումներ է առաջարկել խնդիրը կարգավորելու համար: Ուսումնասիրության առարկա կդառնան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքն ու որոշումները:

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսել են՝ աշխատանքային խումբը կաշխատի վեց ամիս, որից հետո աշխատանքի արդյունքները կներկայացնեն հանձնաժողովին: Աշխատանքային խմբում նախատեսված է ներառել 11 հոգու, նաև՝ դրսից մասնագետների:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ այսօր բռնության քարոզն ու ատելության խոսքն ուղղակի լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար:

«Ինքս՝ որպես նախկին լրագրող, լրջագույն մտավախություններ ունեմ, որ մենք որևէ կերպ չվնասենք Հայաստանում խոսքի ազատությանը, որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը չդառնա դամոկլյան սուր լրատվամիջոցների գլխին: Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվում, որ բազմաթիվ ֆեյք օգտատերեր այս կամ այն պետական գերատեսչության ուղղորդմամբ են գործում, հույս ունեմ, որ այս ամենը մենք աշխատանքային խմբում քննարկելու ենք: Կա, այսպես կոչված, «իքս» ՊՈԱԿ, որտեղից ուղղորդվում են այդ կեղծ օգտատերերի հիմնական գրոհները, բոլոր այն անձանց դեմ, որոնք հանդգնում են իշխանության կարծիքին դեմ կարծիք հայտնել: Հուսամ՝ այս ամենն աշխատանքային խումբը կքննարկի, կհրավիրենք նաև այդ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին՝ հասկանալու թե նրանց գործառույթը որն է, այդպե՞ս է լինելու, այսինքն՝ մենք որևէ սահմանափակում չենք ունենալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Սարգիս Խանդաղյանը նկատեց, որ կիսում է տիկին Զոհրաբյանի մտավախությունները, ուստի պետք է այնպես անեն, որպեսզի այդ նախաձեռնությունը չդառնա խոսքի սահմանափակման ձև:

Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ից տրվող հրահանգներին, ապա պատգամավորի կարծիքով՝ Նաիրա Զոհրաբյանի տեղեկությունը երկու տարվա վաղեմություն ունի, քանի որ երկու տարի առաջ է նման բան եղել.

«Ես հիմա շատ լավ ծանոթ եմ ՊՈԱԿ-ի աշխատանքներին, հուսամ՝ նման գործունեություն այն չի ծավալում»,- շեշտեց նա:

Նշենք, որ այս թեմայի հետ կապված՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ատելության խոսքի քարոզ…

Հլը ինչ ձեռնածությամբ (մանիպուլյացիա) են զբաղված պարապները:
Եվ ուրեմն՝ «հանգիստ նստեք տեղներդ», «խորը շունչ քաշեք, նստեք տեղներդ», «վեր ընկեք տեղներդ», «փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «նսեմացնենք, նոր դատենք», ու էլի էս կարգի մի քանի տասնյակ կոչերն ո՞ւմ են պատկանում՝ ի՞նձ, թե՞ Հռոմի պապին (բայց իրական պապին)… Կեցցե՜ կեղծիքի ու դեմագոգիայի Հայաստանը…»:

Տեսանյութեր

Լրահոս