«Նիկոլ Փաշինյանն իրո՞ք անգրագետ է, թե՞ միտումնավոր է անում. նրան ոչ ոք թույլ չի տվել այդպիսի հայտարարություններ անել». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հայկական կողմի դիվանագիտական անգրագիտության արդյունքն է համարում այն փաստը, որ շրջանառության մեջ է դրվել, այսպես ասած՝ «Արցախի ադրբեջանական համայնք» հասկացությունը:

«Ես մի կողմ եմ դնում Մամեդյարովի հայտարարությունները, որովհետև բազմաթիվ օրինակներ ունենք, երբ ադրբեջանական կողմը բացահայտ գնում է կեղծիքի: Բայց, ցավոք, նաև հայկական կողմից կան տեղեկություններ, որ, իրոք, այսպես կոչված՝ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին ևս պետք է թույլ տալ մասնակցել արցախյան բանակցություններին, և այդ հայտարարության հեղինակը ոչ այլ ոք է, քան Հովհաննես Իգիթյանը: Ինքս, հետաքրքրվելով Արցախյան հիմնահարցի լուծման ամբողջ պատմությամբ, մինչև հիմա չէի առնչվել, որ վարչապետն ինչ-որ մի տեղ դա բարձրաձայնած լիներ, եթե նա բարձրաձայնել է, ապա դա արել է այնպիսի շրջապատում, որ ոչ ոք մինչև հիմա դա չէր բացահայտել, և բացահայտողը ոչ այլ ոք է, քան ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանի մոտ հարց է առաջանում՝ գործող իշխանությունը չի՞ հասկանում, թե նման հայտարարություններ անելով՝ ինչ վտանգավոր գործընթացների մեջ է ներքաշում և՛ Հայաստանի Հանրապետությանը, և՛ Արցախի Հանրապետությանը.

«Ի՞նչ է նշանակում՝ Արցախի ադրբեջանական համայնքի մասնակցություն: Նախ՝ կոնֆլիկտը եղել է Արցախի ինքնորոշման համար, Արցախի և Ադրբեջանի միջև, և որևէ Արցախում բնակվող ադրբեջանական համայնքի մասին խոսք լինել չի կարող: Ես չեմ հասկանում՝ պարոն Փաշինյանն իրո՞ք անգրագետ է, թե՞ միտումնավոր է անում: Ինքն այս քայլով ուղղակիորեն Արցախի իշխանություններին և, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին հավասարեցնում է բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանին ոչ ոք թույլ չի տվել այդպիսի հայտարարություններով հանդես գալ, որովհետև Արցախն ինքնահռչակ հանրապետություն է, և ՀՀ-ն ընդամենն իրավունք ունի ոչ թե Արցախի անունից հայտարարություններ անել, այլ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովողն է»:

Քաղաքագետը կոչ արեց գործող իշխանություններին՝ չփորձել այսուհետ հայ ժողովրդի թիկունքում վարել բանակցություններ. «Այն, որ իրենք պարզ մեծամասնություն են ստացել՝ հետհեղափոխական շրջանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ, դա դեռ չի նշանակում, որ իրենք ինչ ուզեն՝ անելու են: Ես, իրոք, շատ մեծ վտանգներ եմ նկատում արցախյան բանակցային գործընթացի շուրջ, և, իրոք, որպես փորձագետ և ՀՀ քաղաքացի՝ կարող եմ կասկածել գործող իշխանություններին՝ հայ ժողովրդի թիկունքում հակահայ բանակցություններ վարելու մեջ: Նույն հաջողությամբ մինչև 1989թ. Հայաստանում ապրող 120-130 հազար ադրբեջանցիների անունից ինչ-որ մեկը կարող է հիմա հայտնվել և սկսել բանակցել Հայաստանի հետ: Ո՞վ է տեսել այսպիսի անտրամաբանություն, և դա նաև գործող իշխանությունների դիվանագիտական տգիտությունն է ցույց տալիս, որոնք չեն հասկանում, թե ինչ վտանգների մեջ են իրենք ներքաշում թե՛ ՀՀ-ին, թե՛ ԱՀ-ին»:

Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի հայերի արտաքսման հարցը երբևէ չի քննարկվել բանակցություններում՝ սկսած Լևոն Տեր Պետրոսյանից, վերջացրած՝ Սերժ Սարգսյանով. «Դա մեր դիվանագիտության բացթողումներից է: Ի՞նչ է նշանակում՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախկին բնակավայրերը, բայց նույն Ադրբեջանում բնակվող հայերը չպետք է այնտեղ վերադառնան: Չմոռանանք, որ միայն Բաքվում 200-250 հազար հայ է բնակվել, ես էլ չեմ խոսում Խանլարի շրջանի, Գանձակի, Սումգայիթի հայության մասին, որոնց ցեղասպանության ենթարկեցին և վռնդեցին: Բայց նախկին 3 իշխանությունների ժամանակ Արցախի շուրջ բանակցություններում երբևիցե չի լեգիտիմացվել Բաքվի ռեժիմի կողմից ստեղծված մարիոնետային ադրբեջանական համայնք կոչվածի գոյությունը, և հիմա դա անում է Նիկոլ Փաշինյանը:

Սա մեր ներքաղաքական խնդիրներից չէ, որ, ինչպես իրենք են նշում՝ անգրագետ, պողոսացված մասսան ինչ-որ մի ձևով ների գործող իշխանություններին, ների իրենց օրինականացված թալանը՝ հավելավճարների և պարգևավճարների տեսքով, ների, որ իրենց աշխատավարձերը բարձրանում են կրկնակի, իսկ հասարակ ժողովրդի մինիմալ աշխատավարձը բարձրացնում են 13 հազարով, կամ թոշակները՝ 10 տոկոսով, ների գործող իշխանությունների դիլետանտությունն ու անգրագիտությունը: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ոչ թե ներքաղաքական հարցերի հետ, որտեղ հայաստանյան հասարակությունը կարող է ներողամիտ լինել, այլ գործ ունենք կոնկրետ մեզ թշնամի համարող ադրբեջանցիների հետ, Թուրքիայի հետ, մենք գործ ունենք նաև գերտերությունների շահերի հետ մեր տարածաշրջանում»:

Տեսանյութեր

Լրահոս