Համարյա չհամեմատելով

Մեր ու Վրաստանի խորհրդարանները համարյա միաժամանակ քննարկում էին եկող տարվա բյուջեի մասին օրենքի նախագիծը: Մոտ 3.94 մլրդ դոլարանոց մեր բյուջեն ԱԺ-ն ընդունեց դեկտեմբերի 5-ին: Ընդունեց 77 «կողմ», 37 «դեմ» ձայներով: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու: Վրաց խորհրդարանը 2020-ի բյուջեն ընդունեց դեկտեմբերի 10-ին: Ընդունեց 83 «կողմ», 1 «դեմ»-ով: Վրաց «Միասնական ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունների խմբակցությունները մոտ մեկ ամիս բոյկոտում են խորհրդարանի նիստերը: Վրաստանի բյուջեի ծախսային հատվածը հաստատվեց մոտ 5.044 մլրդ դոլար: Խորհրդարանական քննարկումների ընթացքում կառավարության ներկայացրած նախագծի մուտքային մասն ավելացվեց մոտ 177 մլն դոլարով:

Բյուջեի հարկային մուտքերի ծավալը կազմելու է 3.63 մլրդ դոլար: Արտասահմանյան վարկերի ծավալը` մոտ 648 մլն դոլար: Բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ Վրաստանի կառավարությունը ենթադրում էր, որ տնտեսական աճի ցուցանիշը 5 տոկոս է նախատեսվելու: Սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քննարկումների արդյունքում ավելի «համեստ» ցուցանիշ հաստատվեց` 4.5 տոկոս: Նույն կերպ փոփոխվեց գնաճի նախատեսվող ինդեքսը: Նախապես ենթադրված 3 տոկոսի փոխարեն՝ այն հաստատվեց 3.5 տոկոս:

Մեր նման վրաց քաղաքական դեմքերն էլ են անուն-գնահատականներ «սազեցնում» բյուջեի փաստաթղթին: Վրաստանի ֆինանսների նախարարի գնահատմամբ՝ 2020թ. իր ներկայացրած նախագիծը «սոցիալական իմաստով պատասխանատու բյուջե է, որ նաև ծառայելու է տնտեսության աճին»: Ահա այսպես` մերոնցից մի փոքր երկար, բայց համարյա նույնիմաստ գնահատական: Սոցիալական իմաստով պատասխանատու ասածը հավանաբար կոնկրետ հիմքեր ունի: Բյուջետային հատկացումների ծավալի 30.2 տոկոսն ուղղվելու է առողջապահության ու սոցիալական ոլորտներին: Վրաց բյուջեն էլ ընդունվեց կենսաթոշակների բարձրացման մեղմ խոստումներով: Հունվարի 1-ից կենսաթոշակները բարձրանալու են 20 լարիով (մոտ 7 դոլար): Իսկ 70 տարեկանից ավագ կենսաթոշակառուների թոշակը հուլիսի 1-ից կավելանա 30 լարիով (մոտ 10.4 դոլար): Նախարարություններից ամենամեծ չափով (նարորդ տարվանից 15.6 մլն դոլար ավելի) կհատկացվի Պաշտպանության նախարարությանը, որի ընդհանուր բյուջեն եկող տարի կազմելու է 305 մլն դոլարին համարժեք գումար: Վրաստանում էլ «քնքուշ» վերաբերմունք կա ոստիկանների և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հանդեպ: Բայց 2020թ. հուլիսի 1-ից: Ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների աշխատավարձը միջին չափով կբարձրանա 125 լարիով (մոտ 43 դոլար):

Ընդ որում, ոստիկանության ֆինանսավորումն անցնող տարվա համեմատ՝ կաճի մոտ 1.2 մլն դոլարով, իսկ Ազգային անվտանգության մարմնինը` 520 հազար դոլարի չափով: Հետաքրքիր է, որ կառավարության ներկայացրած նախագիծը քննարկումների ժամանակ մոտ 177 մլն դոլարով մեծացնելով՝ աչք չի ունեցել պետական գումարների վրա: Վրաստանի խորհրդարանի ֆինանսավորումն այս տարվա ծախսերի համեմատ չի ավելանալու: Այն կրկին «կարժենա» 22.43 մլն դոլար: Փոխարենը՝ համեստ, կարելի է ասել՝ խորհրդանշական չափով (104 հազար դոլար) կրճատվում է կառավարության աշխատակազմի ծախսերը: 2019-ի համեմատ՝ անփոփոխ է մնում կառավարության պահուստային ֆոնդը` մոտ 17.33 մլն դոլար: Նկատելի աճելու են հանրային հեռուստառադիոհեռարձակումների ծախսերը` 3.6 մլն դոլարի չափով: Ընդհանուր ծախսային չափափաժինը 2020-ին կկազմի 23.4 մլն դոլար: Վրաստանի պետական բյուջեն ունի ծախսային մի ուղղություն, որ երբեք չի եղել մեր բյուջեում: Վրաստանը պետական բյուջեից միշտ գումար է հատկացնում ազգային եկեղեցուն: Հիշեցնելով, որ մեր դրկիցների երկրում էլ եկեղեցին անջատ է պետությունից, ավելացնենք, որ այդ գումարի ծավալը եկող տարի չի փոխվելու: Վրաց եկեղեցու պատրիարքարանը, 2019-ի նման, պետությունից կստանա 25 մլն լարի (մոտ 8.7 մլն դոլար):

Վրաստանի 2020թ. արդեն հաստատված բյուջեի հետ ծանոթացողը մեկ փաստ ևս զարմանալի կհամարի: Անկախության համարյա երրորդ տասնամյակի բյուջեն կազմողներն ու հաստատող պատգամավորները 130 մլն լարի արժեքի մուտքային կետ են առանձնացրել: Խոսքը մոտ 45 մլն դոլարի մասին է: Ըստ բյուջեի մասին նորընծա օրենքի՝ եկող տարի վրաց կառավարությունը հենց 45 մլն դոլարի չափով մուտք-եկամուտ է ունենալու սեփականաշնորհումից: Պատկերացնո՞ւմ եք՝ Վրաստանում դեռ սեփականաշնորհելու գույք-արժեքներ են մնացել: Ահա հենց այս չափով կարողացա չհամեմատելով՝ համեմատել մեր ու մեր հարևան երկրի բյուջեների մասին «թարմ» օրենքները:

Տեսանյութեր

Լրահոս