«2016թ. ապրիլյան մարտական գործողությունները կոտրել են ադրբեջանական հասարակության ողնաշարը». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ պարզաբանեց, թե թուրք-ադրբեջանական տանդեմն արցախյան հիմնահարցի կարգավորում ասելով՝ ինչ է հասկանում. «Թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր ունի հեռահար ապագայում վերացնել Նախիջևանի անկլավային վիճակը՝ ուղիղ տարածքային կապ հաստատելով երկու թուրքական պետությունների միջև: Սա ռազմավարական նշանակության նպատակ է, և մենք ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է դիտարկենք նաև այս համատեքստում, հետևաբար՝ բնավ պատահական չէր Զանգեզուրի մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտնի հայտարարությունը: Այն, ինչ հրապարակվեց Բաքվում, բնավ նորություն չէր, կանխատեսելի էր, և պետք է իրատես լինելով՝ ֆիքսել, որ այդ դիրքորոշումից պաշտոնական Բաքուն չի նահանջելու, և պատրանքների տրվելու տեղ մենք ուղղակի չունենք»:
ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը նա համարում է հաջողված. «Ես գործող իշխանության մոլի քննադատներից մեկն եմ, բայց կարծում եմ, որ, համենայնդեպս, այս պահին Մնացականյանի ելույթը հաջողված էր, որովհետև առնվազն երկու կարևոր շեշտադրում կար՝ այնտեղ օգտագործվեց «Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ» տերմինը և ասվեց այն մասին, որ Արցախը չպետք է մնա առանց պաշտպանության գծերի: Մենք շատ ենք քննադատել և տեղին, և այդ քննադատությունն ակտուալ է նաև հիմա, որ Փաշինյանի իշխանությունը, չգիտես ինչու, անտեսեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն այն դեպքում, երբ այդ պայմանավորվածություններով լեգիտիմացվում էր Արցախի պետական սահմանը, որը հաստատվել էր երկու ադրբեջանական ագրեսիա ետ մղելու արդյունքում: Եթե վստահության մեխանիզմներ ներդրվեին, սա նշանակում էր, որ միջազգային հանրությունն անուղղակիորեն ճանաչում էր այդ բաժանարար գիծը. սա իբրև պետական սահման ճանաչվելուն ուղղված կարևոր քայլ էր: Ես թույլ լավատեսություն ունեմ, որ Մնացականյանի ելույթն այդ երկու պայմանավորվածություններն օրակարգ բերելու փոքր մի քայլ է: Բայց, ցավոք, լավատեսությունն այդքանով սպառվում է, որովհետև դրանից անմիջապես հետո ի հայտ եկավ տեքստերի մեջ անճշտությունը, իսկ անճշտությունը վերաբերում էր ոչ պակաս կարևոր հարցերի»:
Նա նկատեց՝ Զոհրաբ Մնացականյանի ելույթի հայերեն տեքստում ընդգծվում էր, որ Արցախն ինքնուրույն միավոր է, ինչը, ըստ Դավիթ Ջամալյանի՝ Արցախի սուբյեկտայնությունն ընդգծող և խաղաղապահների ներգրավվածությունն անտեղի դարձնող թեզ է. «Եթե անգլերենում սա չկար, ինչո՞ւ հայտնվեց հայերենում: Սրանք կարևոր թեզեր են, և դրանց բացակայությունը տեքստում անհանգստությունների տեղիք է տալիս: Դուք երևի հիշում եք, որ 10 տարի շարունակ շատ սուր քննադատվել է Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությունը՝ ԱԳ նախարարի պաշտոնում, բայց այն ժամանակ նման վրիպումներ չէին լինում: Եթե սա վրիպում է, ուրեմն՝ ինչ է կատարվել մեր ԱԳՆ-ի աշխատանքի որակի հետ: Իսկ եթե վրիպում չէ, այստեղ արդեն մենք շատ մեծ անհանգստության պատճառներ ունենք: Բավականին վտանգավոր զարգացումների այս հորձանուտում այս պահի դրությամբ հայկական կողմը դիմադրեց, փորձեց ինչ-որ պատնեշ գծել, բայց այդ պոտենցիալ վտանգները չեն փարատվել: Մենք պետք է Արցախի սուբյեկտայնությունն ընդգծող շատ կոնկրետ քայլեր կատարենք»:
Հարցին՝ իշխանությունները հայտարարել էին, որ Արցախի հարցում բանակցությունները սկսել են նոր կետից, արդյո՞ք Զ. Մնացականյանի ելույթում նոր բան կար, նա այսպես պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է զրոյից սկսվեն բանակցությունները, ինչո՞ւ պետք է մի կողմ թողնեինք մեր ամենամեծ ձեռքբերումը, որ ունեինք 2016թ. ապրիլյան ագրեսիան ետ մղելու արդյունքում՝ ի դեմս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, և ինչո՞ւ պետք է զրոյից սկսենք: Ի՞նչն եք զրոյից սկսում: Զ.Մնացականյանի ելույթում ըստ էության նոր բան չկար, իսկ նոր շեշտադրումների մասին արդեն խոսեցի»:
Ինչ վերաբերում է ՌԴ դիրքորոշմանը, Դ. Ջամալյանը նկատեց՝ ռուսական կողմին լայն առումով ձեռնտու է իրերի՝ այսօրվա դրությամբ լեգիտիմացումը. «Բայց ռուսական կողմն իր քաղաքականության մեջ տեսանելի վեկտոր ունի, որից չի հրաժարվում, այն է՝ Ադրբեջանը վերադարձնել ռուսական կողմնորոշման ուղեծիր: Սրան ի պատասխան՝ Ադրբեջանը փորձում է առավելագույնը ստանալ Արցախից: Այստեղ է, որ մեր շահերը մեր ռազմավարական դաշնակցի հետ կարող են չհամընկնել: Լուկաշենկոյի հայտնի խոստովանությունը հիշում եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանը մերժել էր խաղաղապահներ տեղակայելու գնով տարածքներ վերադարձնելու հեռանկարը: Ռուսներն այստեղ կարող են շահագրգռված լինել, որովհետև եթե այնտեղ լինի ռուսական կոնտինգենտ, դա կերաշխավորի, որ Ադրբեջանը կմնա ռուսակենտրոն համագործակցության շրջանակներում, բայց սա մեզ համար անթույլատրելի սցենար է: Մեր գործընկերները պետք է հստակ իմանան, որ մեզ համար կա կարմիր գիծ, այն է՝ Արցախի ներկա՝ սահմանադրորեն ամրագրված տարածքի փոփոխությունը անթույլատրելի է, Արցախի սահմանները փոփոխելի չեն, Արցախի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ»:
Նա ընդգծեց՝ հայկական կողմը տարիներ շարունակ վերցրել է «Արցախն ինքնուրույն պետություն է» կոնցեպտը. «Արցախի հայապատկանությունը փորձել ենք ապահովել Երկրորդ Հանրապետության մոդելի մեջ: Հիմա այդ կոնցեպտի շուրջ կառուցվել է ամեն ինչ, և չենք կարող միտինգում էքստազի մեջ այս կոնցեպտը փոփոխել (նկատի ունի Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը,- Ռ.Մ.): Եթե մենք փոփոխում ենք այդ կոնցեպտը և գնում ենք դե յուրե վերամիավորման ճանապարհով, պետք է բոլոր ռիսկերը հաշվարկենք և այդ քայլին գնանք այն ժամանակ, երբ այդ ռիսկերը կլինեն հաղթահարելի: Բայց դա ասվել է՝ այդքան խորը հաշվարկներ չանելով, ցույց տալու համար, որ՝ ես էլ եմ այստեղ տերը, և սա ամենաանթույլատրելին է»:
Դ. Ջամալյանի գնահատմամբ՝ ներքաղաքական շարժառիթներից ելնելով՝ չպետք է այնպիսի բան ասվի, որ հիմա էլ հակասի Զ. Մնացականյանի ելույթին:
Բանակցությունները, ըստ նրա՝ այս պահին ընդամենը պատերազմը կանխելու խնդիր ունեն. «Հիմնարար լուծումը հետևյալն է՝ հասնենք նրան, որ Ադրբեջանում համակերպվեն օրվա իրողությունների հետ: Այդ ճանապարհին մենք ունենք մի կարևոր ձեռքբերում՝ 2016թ. ապրիլյան մարտերը, երբ փորձ եղավ ուժով զավթել, չստացվեց: 2016թ. ապրիլյան մարտական գործողությունները կոտրել են ադրբեջանական հասարակության ողնաշարը, իրենք հասկացան, որ մեծ զոհերով հնարավորություն չեղավ որևէ առաջխաղացում ապահովել: Մի քանի հենակետերի կորուստն այստեղ էական դեր չի խաղում. դրանք կարևոր էին, բայց վաղ թե ուշ մերն են լինելու»:
Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում